Դեկտեմբերի 12-ի առավոտյան, ադրբեջանական մի խումբ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, Շուշիի մոտակայքում վրաններ են տեղադրել` արգելափակելով բնականոն եւ անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում: Արդեն երկրորդ օրն է, ինչ Արցախի 120 000 բնակիչները՝ երեխաներ, ծերեր, առողջական խնդիրներով մարդիկ, զրկված են կյանքի ճանապարհից ու գտնվում են շրջափակման մեջ: Այսօր ի աջակցություն արցախցիների բողոքի ցույց էր կազմակերպվել Ազատության հրապարակում, որից հետո ակտիվիստները երթով ու «Արցախ» վանկարկումներով շարժվեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանատներ:
Ֆրանսիայի դեսպանատան մոտ ցուցարարները հորդորում էին կոշտ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ. «Այս պահին Արցախում են գտնվում Ադրբեջանի հատուկ ջոկատայիններն ու Թուրքիայի գորշ գայլերը ու դա չդատապարտելը դեմ է ժողովրդավարությանն ու համամարդկային օրենքներին: Աչք փակելով հնարավորություն ենք տալիս նմանատիպ հանցագործություններ իրականացնելու»,- ասացին ցուցարարները ու դիմումը փոխանցեցին դեսպանատան աշխատակցի միջոցով:
ՌԴ դեսպանատան մոտ ցուցարարներն ասացին, որ արցախցի մեր քույրերն ու եղբայրները շնորհակալ են ՌԴ-ին եւ ռուս խաղաղապահ ուժերին, որ չնայած Ադրբեջանի տեռորիստական մոտեցումներին, փորձում են ապահովել որոշակի խաղաղություն ու անվտանգություն. «Մենք այստեղ ենք, որ խնդրենք, որ ՌԴ-ն քաղաքական որոշումներ կայացնի ու խաղաղապահներին նաեւ հնարավորություն տա, որ քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի ահաբեկչական քայլերի խափանման համար, որովհետեւ այսօր մենք կանգնած ենք նոր ցեղասպանության առաջ, մենք անվտանգ չենք նաեւ Հայաստանում: Մեր քույրերն ու եղբայրները շրջափակման մեջ են գտնվում եւ միակ միջանցքը, որը կապում է Հայաստանն ու Արցախը, այսօր փակված է:
Կարդացեք նաև
Հայերը ուրախությամբ չեն ընդունել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը, բայց այդ փաստաթղթից առաջ հստակ մի կետ չէր կատարվում՝ հայ ռազմագերիների վերադարձը, այսօր եւս մի կետ չի կատարվում՝ Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը, անարգել հնարավորությունը ելումուտի: Ադրբեջանին այսօր պետք է ստիպել, որ չիրականացնի այդ մարդասպան, ցեղասպան, տեռորիստական քայլերը ու միայն միջազգային հանրության կոշտ արձագանքի միջոցով է հնարավոր Ադրբեջանին սանձել: Այլ բան ակնկալելը Ադրբեջանից հեքիաթի ժանրից է: Ալիեւի հռետորաբանությունը պարզ է, բնապահպանների քողի տակ բերել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների, գորշ գայլերի: Խնդրում ենք, որ խստորեն արձագանքեք ու դատապարտեք Ադրբեջանի քայլերը: Մենք Արցախի կողքին ենք, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:
Ցուցարարները հայտարարեցին, որ ադրբեջանցիները սադրանք են իրականացնում ոչ միայն հայ ազգի նկատմամբ, այլեւ ռուս զինվորի ու ռուս խաղաղապահի. «Տեսել եք երեկվա տեսանյութերը ու ադրբեջանցիների պահվածքը նաեւ ռուս խաղաղապահների նկատմամբ, նրանց գորշ քայլերի ցույց տված նշանները բացարձակապես չեն խոսում այն մասին, որ զուտ բնապահպանական նպատակներով են փակել ճանապարհը»:
Ըստ ակտիվիստների, այս սադրանքներով Ադրբեջանը նպատակ ունի հայ-ռուսական դարավոր բարեկամության միջեւ սեպ խրել:
Նրանք հորդորում էին ՌԴ դեսպանին կանգնեցնել Ադրբեջանի ահաբեկչությունը ու փրկել արցախահայությանը շրջափակումից ու հումանիտար աղետից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ