Արմեն Գևորգյանի նամակը՝ Արցախի թեմայով.
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին
Հարգելի՛ գործընկերներ,
Ձեզ եմ դիմում 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունում
Կարդացեք նաև
(Լեռնային Ղարաբաղում) ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այդ օրը, ինչպես և այս տարվա դեկտեմբերի 1-ին, ազգությամբ ադրբեջանցիների մի խումբ Ադրբեջանի ներկայիս իշխանությունների լիակատար և բացահայտ աջակցությամբ փակել է Լեռնային Ղարաբաղը
Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Նման գործողություններով ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության բնակչությանը փաստացի զրկում է արտաքին շփման հնարավորությունից ՝ թողնելով վերջինիս լիակատար շրջափակման մեջ՝ դրանից բխող մարդասիրական, ռազմաքաղաքական և տնտեսական բոլոր հետևանքներով հանդերձ։ Այս գործողությունները կարելի կլիներ հստակ քաղաքական սադրանք համարել, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի խիզախ ժողովրդին հոգեբանական և բարոյական ճնշման ու շանտաժի ենթարկելն էր։ Բայց իրականում այս իրավիճակը Ադրբեջանի իշխանությունների կողմից դեռ այս տարվա գարնանը սկսված Արցախի Հանրապետության հայերի կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու և ահաբեկելու հետևողական քաղաքականության փաստացի շարունակությունն է։ Այս տարի սա Ադրբեջանի հերթական լայնածավալ սադրանքն է՝
մարտին գազատարի պայթեցումից և Արցախի Հանրապետությունում հումանիտար աղետային իրավիճակի ստեղծումից, զինադադարի համաձայնագրի խախտմամբ նոր տարածքների զավթումից և 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո։ Հայ ժողովուրդը, լինելով ազատ Եվրոպայի և ժողովրդավարական քաղաքակրթության անբաժանելի մասը, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ, հայտնվել է մի իրավիճակում, երբ որոշիչ գործոններ են թյուրքական համերաշխությունն ու էներգետիկ ռեսուրսները։
Հարգելի գործընկերներ,
Ստեղծված իրավիճակն այն բանի արդյունքն է, որ մեր կազմակերպությունը, փոխանակ ազնվորեն խոսելու այն մասին, թե ով է վերջին 30 տարիների ընթացքում տարածաշրջանում սանձազերծել բոլոր ռազմական գործողությունները և հետևողականորեն էթնիկ զտումների քաղաքականություն վարել Լեռնային Ղարաբաղում, փոխանակ հետաքննելու Ադրբեջանի կողմից 2020 թվականի պատերազմի ժամանակ արգելված ֆոսֆորային ռումբերի կիրառումը, դատապարտելու այս տարվա գարնանն ու աշնանը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության ազատատենչ հայ ժողովրդի դեմ
Ադրբեջանի նոր ռազմական հանցագործությունները՝ որոշել է պարզապես հեռանալ իրականությունից և ձևացնել, թե ինտենսիվ կերպով նպաստում է կողմերի հաշտեցմանը։
Գործընկերներ,
Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Արևմուտքի համատեղ ջանքերով Ադրբեջանը Հարավային Կովկասում դառնում է նոր «ցանկալի» աշխարհաքաղաքական գործընկեր, որի հետ նույն Արևմուտքն ավելի ժողովրդավար Հայաստանից պահանջում է շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքել։
Ի՞նչ ջանքերի մասին է խոսքը:
Նախ՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիաների և հանցագործությունների կոշտ դատապարտումներ չեն եղել, չկան պատժամիջոցներ։ Հայաստանի նկատմամբ մշտապես հնչող տարածքային պահանջները և ուժի կիրառման նոր սպառնալիքներն էապես անհետևանք են։
Երկրորդ, միջազգային հանրությանը չի մտահոգում Ադրբեջանի շարունակվող ինտենսիվ ռազմականացումը, ինչը միջազգային պայմանագրերով սահմանված բոլոր նորմերի և քվոտաների ոտնահարում է։
Երրորդ, էներգակիրների գնման նոր ծավալների շուրջ ԵՄ-ի ինտենսիվ բանակցություններն ամրապնդեցին Ալիևի քաղաքական ռեժիմի քմահաճույքներից Եվրոպայի կախվածության մասին Ադրբեջանի պատկերացումը:
Չորրորդ՝ Ադրբեջանը ելնում է նրանից, որ միջազգային հանրությունը երկար ժամանակ աչք է փակելու իր ռազմական հանցագործությունների վրա՝ դրսևորելով երկակի ստանդարտներ, այդ թվում՝ գիտակցելով, որ իր օգնությամբ կարելի է արագացնել
Ռուսաստանի դուրս մղումը Հարավային Կովկասից։
Եվրոպական քաղաքական էլիտաների պահվածքը հանգեցրել է նրան, որ օրեցօր ամրապնդվում է նախագահ Ալիևի ավտորիտար ռեժիմի ոչ միայն անպատժելիության, այլև՝ ամենաթողության զգացումը։ Եվ, ի վերջո, մի քանի հարց, որոնց շուրջ առաջարկում եմ մտորել։
- Կցանկանայի հասկանալ՝ Արևմուտքի հիմնական քաղաքական էլիտաները պատրա՞ստ են այսօր Ուկրաինային առաջարկել համակերպվել Ռուսաստանի ռազմական գործողությունների հետ և ինտենսիվ խաղաղ բանակցություններ վարել վերջինիս առաջարկած պայմաններով։ Դատելով Ուկրաինային ցուցաբերվելիք շարունակական աջակցության մասին որոշումներից՝ քիչ հավանական է։ Այդ դեպքում ինչո՞ւ է բոլորովին այլ մոտեցում ցուցաբերվում Հայաստանի իրավիճակին, երբ Ադրբեջանի ակնհայտ ռազմական ագրեսիայի և նրա կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման պայմաններում Արևմուտքն առավել հանդուրժող և բարյացակամ է Ադրբեջանի հանդեպ։
- Արդյո՞ք հարգարժան եվրոպացի գործընկերները որոշակի անհարմարության, շփոթմունքի և թերարժեքության (մեղքի) զգացում ունեն, երբ, ըստ հեղինակավոր Economist-ի ժողովրդավարության ինդեքսի, Եվրոպայի խորհրդի միակ ավտորիտար պետությունը՝ Ադրբեջանը, շարունակում է մնալ ազատ ու ժողովրդավարական պետությունների ակումբի անդամ և դասեր ու հրահանգներ տալ ազնվության ու արդարության մասին։
- Արդյո՞ք Արևմուտքը պատկերացնում է, թե նախագահ Ալիևի պես գործիչը որքան կմնա իր ռազմավարական ազդեցության ներքո։ Ժամանակին եվրոպական երկրները կառուցողական փոխգործակցություն էին հաստատում Հյուսիսային Աֆրիկայի և արաբական աշխարհի ավտորիտար ռեժիմների հետ՝ լուծելու էներգետիկ ռեսուրսների խնդիրները։ Թե ինչպես դա ավարտվեց Լիբիայի ու նրա նախկին առաջնորդ Քադաֆիի պարագայում, բոլորին է հայտնի։
- Արևմտյան էլիտաները պատրա՞ստ են համակերպվել իրենց երկրների ներքաղաքական գործընթացների վրա Թուրքիայի և Ադրբեջանի գլխավորությամբ թյուրքական աշխարհի աճող ազդեցության հետ և դառնալ ազատ Եվրոպայի քաղաքակրթական դեֆորմացիայի վկան։
- Ո՞րն է Ադրբեջանի դեպքում արևմտյան էլիտաների «կարմիր գիծը», որպեսզի կամք դրսևորեն և ձգտեն ստիպել նրան հարգելու միջազգային իրավունքի նորմերը, կատարելու իր պարտավորությունները և բացառեն ռազմական նոր հանցագործությունները:
Գործընկերներ,
Ամենից շատ չէի ցանկանա հավատալ, որ ԵԽ-ն իր այսպես կոչված չեզոք և կառուցողական գործողություններով ու մոտեցումներով խրախուսում է Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քաղաքականությունը։ Որոշ հանգամանքների բերումով ԵԽ-ն վճռականություն չի ցուցաբերում՝ հայտարարելու Եվրոպայի խորհրդի անդամ Ադրբեջանի կողմից իրականացվող մշտական և շարունակական ռազմական հանցագործությունների մասին։ Ստեղծվում է անընդունելի մի իրավիճակ, երբ Եվրոպայի խորհուրդը չի հաստատում իր անդամ երկրի գործած ռազմական հանցագործությունների փաստը և իրավիճակը թողնում է անհետևանք։
Արդյունքում ստացվում է, որ մեր կազմակերպության հեղինակությունն ու իշխանությունը ոտնահարվում են հանուն Ադրբեջանի ազգային շահերի։ Ցավոք, այսօր մեր կազմակերպությունը վերածվում է հարթակի, որն Ադրբեջանի քաղաքական ռեժիմն անխնա օգտագործում է իր հակահայ քաղաքականությունը լեգիտիմացնելու համար։ Ադրբեջանը Եվրոպայի Խորհուրդը վերածում է սեփական ազգային ու աշխարհաքաղաքական շահերը սպասարկող մեխանիզմի։ Իրերի այս դրության շարունակությունն արդեն վկայելու է ոչ այնքան երկակի ստանդարտների քաղաքականության, որքան Եվրոպայի խորհրդի անգործունակության մասին:
Եվրոպայի խորհրդի համար խաղաղությունը մեր տարածաշրջանում պետք է նշանակի հետևյալը.
- ստիպել Ադրբեջանին կատարելու իր պարտավորությունները, բացառապես խաղաղ միջոցներով հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը՝ ազնիվ և անկողմնակալ կերպով հաստատելով խաղաղ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի փաստերը,
- Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացմանն ուղղված Ադրբեջանի գործողությունների դատապարտումը և ագրեսորին պատժելու կամքի դրսևորումը` համաձայն Եվրոպայի խորհրդի կանոնադրության և հիմնադիր փաստաթղթերի,
- Բացառել այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը կարող է օգտագործել Եվրոպայի խորհուրդը՝ որպես իր ագրեսիվ քաղաքականության օրինականացման և ժողովուրդների ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված հիմնարար իրավունքի ապալեգիտիմացման հարթակ։
Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերում անզիջում վերաբերմունքի դրսևորում՝ հետաքննելով և պատասխանատվության ենթարկելով Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների և ռազմական հանցագործությունների մեղավորներին։
Հարգանքով՝
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ
ՀՀ ԱԺ պատգամավոր