«Արդեն երկրորդ օրն է, ինչ ադրբեջանական ահաբեկիչները բնապահպանների անվան տակ փակել են Արցախից Հայաստան եկող միակ ճանապարհը։ Արցախի 120 000 բնակիչները՝ երեխաներ, ծերեր, առողջական խնդիրներով մարդիկ, այս պահին զրկված են կյանքի ճանապարհից ու գտնվում են շրջափակման մեջ, իսկ միջազգային հանրությունը լուռ ու անտարբեր է, ասես ոչինչ չի կատարվում». այսօր այս բողոքով Ազատության հրապարակից ցուցարարները, ի աջակցություն արցախցիների երթով ու «Արցախ» վանկարկումներով շարժվեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանատներ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան, ադրբեջանական մի խումբ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, Շուշիի մոտակայքում վրաններ են տեղադրել` արգելափակելով բնականոն եւ անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում:
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ցույցի ժամանակ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան աշխատելու տարիներին բազմաթիվ բաց եւ փակ հանդիպումներ է ունեցել ու բողոքի ձայն բարձրացրել տարբեր հարցերի հետ կապված, բայց դա շատ նման է եղել աստվածաշնչյան խոսքով ասած՝ «ձայն բարբառոյ հանապատի». «Թող բոլոր մարդիկ, ովքեր մեզ հիմա լսում են, իմանան, որ մեր ժողովրդի միջից արժանապատվության զգացումը չի վերացել ու մեր ձայնը կարող է լեռներում դառնա մի բան, որը ձնահյուս է բերում»:
Կարդացեք նաև
Ռուբեն Մելիքյանը պահանջում էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ ԱՄՆ մարդու իրավունքների նոր հանձնակատարը Արցախի իշխանությունների հետ խորհրդակցություններ իրականացնի. «Եթե իրական պատերազմները մի կողմ դնենք, ավելի մեծ աղետալի իրավիճակ չկա, ինչի՞ համար են այդ մարդիկ իրականացնում իրենց հանրային գործունեությունը, եթե չեն արձագանքելու այս իրավիճակին: Ակնհայտ է, որ Ադրբեջանը գոյություն չունեցող պատրվակ է մատնանշում: Ադրբեջանի Հանրապետությունը ուղիղ վերահսկողություն է իրականացնում այդ մարդկանց նկատմամբ ու դա ենթակա է պատասխանատվության, այնտեղ չկա ազատ քաղհասարակություն: Արցախի Հանրապետությունում մարդիկ ամբողջական շրջափակման մեջ են ու պահանջում ենք, որ դրա մասին հրապարակավ արտահայտվեն ԱՄՆ համապատասխան պաշտոնյաները:
Եթե ադրբեջանցիներն այնտեղ հայտարարում են, որ դա իրենց հողն է, ապա թող իմանան, որ ոչ պակաս քանակով մարդիկ այստեղ հայտարարում են, որ Արցախը հայկական հող է, եւ մենք չենք հրաժարվելու Արցախից»:
Ելույթ ունեցավ նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը: Նա ասաց, որ արցախցու իրավունքը պաշտպանել միայն հնարավոր է ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով: Ըստ նրա, արժանապատիվ հայ մարդը մեկ առաքելություն ունի՝ կանգնելու Արցախի մեր հայրենակիցների կողքին՝ մեկ ազգ, մեկ պայքար»: Դիմելով ճանապարհին մնացած շուրջ 1100 արցախցիներին, որոնցից 270-ը երեխաներ են՝ Կրպեյան ասաց. «Մենք ձեզ մենակ չենք թողնելու, ձեր կողքին ենք, ձեր ցավը մեր ցավն է, ձեր պայքարը՝ մեր պայքարը»:
Ակտիվիստները ՄԱԿ-ի գրասենյակին ուղղված դիմումը փոխանցեցին ու երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն: Մինչ այդ ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչին մոտեցավ արցախցի Անի Առաքելյանն ու ասաց. «Կարծում եմ, դուք էլ գիտեք, որ Հադրութը հիմա մեր վերահսկողության տակ չէ, բայց ես այնտեղ ապրել եմ 22 տարի: Չեմ ուզում կորցնել մնացածը, խնդրում եմ վերանայեք ու գտեք այս լրջագույն հարցի հանգուցալուծումը: Մենք՝ երիտասարդներս պահանջատեր ենք»:
Ռուբեն Մելիքյան էլ փոխանցեց, որ Մարդու իրավունքների հանձնակատարը նոր է, հոկտեմբերի վերջին է նշանակվել ու սա մարտահրավեր է այդ պաշտոնը ստանձնած մարդու համար. «Մեր պահանջն է,որ նա արձագանքի՝ այդ թվում կապի մեջ մտնելով Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, ծանոթանալով իրավիճակին՝ հրապարակավ իր դիրքորոշումը արտահայտի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ