«Արդեն երկրորդ օրն է, ինչ ադրբեջանական ահաբեկիչները բնապահպանների անվան տակ փակել են Արցախից Հայաստան եկող միակ ճանապարհը։ Արցախի 120 000 բնակիչները՝ երեխաներ, ծերեր, առողջական խնդիրներով մարդիկ, այս պահին զրկված են կյանքի ճանապարհից ու գտնվում են շրջափակման մեջ, իսկ միջազգային հանրությունը լուռ ու անտարբեր է, ասես ոչինչ չի կատարվում». այսօր այս բողոքով Ազատության հրապարակից ցուցարարները, ի աջակցություն արցախցիների երթով ու «Արցախ» վանկարկումներով շարժվեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի դեսպանատներ, ԵՄ պատվիրակության գրասենյակ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան, ադրբեջանական մի խումբ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, Շուշիի մոտակայքում վրաններ են տեղադրել` արգելափակելով բնականոն եւ անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում:
Ցույցին մասնակցում էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: Նա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հայտարարեց. «ՄԱԿ-ը տարիներ ի վեր փորձում է ապացուցել, որ ցանկացած ագրեսոր լինելու է իրենց ուշադրության կենտրոնում. «Չենք խոսում 44-օրյա պատերազմի մասին, Բաքվի դժոխքում տանջամահ արվող հայ ռազմագերիների մասին, որովհետեւ իրենք արդեն սակարկման առարկա են դարձել: Արդեն երկրորդ օրն է՝ անդադար հետեւում եմ միջազգային մամուլ կոչվածին, որն իբր թե ստանձնել է մարդու իրավունքների պաշտպանի դերը, կարո՞ղ եք ասել՝ քանի՞ արձագանք կա Արցախի քաղաքացիների հետ կատարվողի մասին՝ զրո արձագանք: Չեն անդրադարձել, թե ինչի միջով են հիմա անցնում Արցախի Հանրապետության քաղաքացիները, չունեն դեղորայք, չունեն առաջին անհրաժեշտության պարագաներ, դադարեցված է մատակարարումը:
Իրենց դա հետաքրքիր չէ, որովհետեւ իրենք զբաղված են մեկ բանով ընդամենը՝ ուզում են հաշվել, թե քանի հարյուր հայի կյանքը կբավարարի իրենց շահերի իրագործման համար: Անդադար ասում են, թե իրենք մարդու կյանքը վեր են դասում ամեն ինչից, բայց իրենք հիմա ապացուցում են, որ ոչ թե ՄԱԿ-ի գրասենյակ են, այլ ուղղակի մակետ են այստեղ՝ այն ժամանակ, երբ մենք պայքարում ենք մեր ազատությունների ու իրավունքների համար: Ի՞նչ է նշանակում հերթական սադրանքն է: Հերթական սադրանքը չի, հերթական դեպքն է, երբ մի քանի հարյուր հայ պիտի սպանվի, մի քանի հազար: Բա որտե՞ղ է ձեր արդարությունը, որտե՞ղ են ձեր կառույցները, հազարավոր խորհուրդները, հարյուրավոր փորձագետները, որ չգիտես ինչով են զբաղվում: Չնայած գիտենք ինչով՝ հայի կյանքը Բաքվի նավթի ու գազի տեղը վաճառելով են զբաղվում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ