Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ցեղասպան քաղաքականության դեմ ինչ-որ բան անելո՞ւ եք, թե՞ նույն Ալիեւի ու Նիկոլ Փաշինյանի թիմից եք». Արցախցիների բողոքի ցույցը՝ ՄԱԿ-ի մոտ

Դեկտեմբեր 13,2022 19:35

«Արդեն երկրորդ օրն է, ինչ ադրբեջանական ահաբեկիչները բնապահպանների անվան տակ փակել են Արցախից Հայաստան եկող միակ ճանապարհը։ Արցախի 120 000 բնակիչները՝ երեխաներ, ծերեր, առողջական խնդիրներով մարդիկ, այս պահին զրկված են կյանքի ճանապարհից ու գտնվում են շրջափակման մեջ, իսկ միջազգային հանրությունը լուռ ու անտարբեր է, ասես ոչինչ չի կատարվում». այսօր այս բողոքով Ազատության հրապարակից Երեւանում սովորող արցախցի ուսանողների նախաձեռնությամբ ցուցարարները, ի աջակցություն արցախցիների, երթով ու «Արցախ» վանկարկումներով շարժվեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի դեսպանատներ, ԵՄ պատվիրակության գրասենյակ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան, ադրբեջանական մի խումբ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, Շուշիի մոտակայքում վրաններ են տեղադրել` արգելափակելով բնականոն եւ անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում:

Ակտիվիստների թվում են արցախցիներ, որոնք «կանգնեցրե՛ք Ադրբեջանի ագրեսիան» ցուցապաստառներով հորդորում էին միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչներին աջակցել իրենց ու Արցախում գտնվող իրենք քույր, եղբայրներին, հարազատներին: Անի Առաքելյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են ու չեն ուզում զբաղվել արցախցիների խնդրով:

Ցուցարարները հայտարարեցին, որ չեն հանձնվելու. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Իշխանական պատգամավորներից մեկն ասել է, որ ռուս խաղաղապահներն են պատասխանատու, նրանք էլ պետք է զբաղվեն ճանապարհի բացմամբ: ՀՀ իշխանությունները փաստացի ձեռքերը լվացել են Արցախի հարցից ու արցախցիներին թողել են միայնակ: Մենք այսօր այստեղ ենք, որ ասենք՝ արցախցու կողքին ենք, չենք ընկրկելու, Արցախի ինքնորոշման իրավունքը մեզ համար կարմիր գիծ է: Քանի կա Նիկոլ Փաշինյանը որպես ՀՀ վարչապետ, իշխանության ներկայացուցիչ, մենք հնարավոր չի ունենանք հաջողություններ: Պետք է կարողանանք միասնական ուժերով հեռացնենք Նիկոլ Փաշինյանին, որ ուղղենք մեր մեջքը: Այսօր դեսպանատները պետք է պարտադրեն Ադրբեջանին, որ եռակողմ հայտարարության կետերը այնպես իրականացնի, որ մարդիկ չմնան շրջափակման մեջ: Այսօր նրանք 120 հազար հոգու փաստացի մահվան են տանում: Նրանց հատուկ ջոկատայինները, իբրեւ բնապահպաններ, փակել են ճանապարհը ու ասում են՝ անորոշ ժամկետով են փակում: Պետք է պարտադրենք, որ Ադրբեջանն իրականացնի նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթները»:

Ցույցին միացել են նաեւ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները:

Ակտվիստների դիտարկմամբ՝ Հայաստանում քաղբանտարկյալներ ունեցանք, ՄԱԿ-ը ոչ մի բան չարեց, Եռաբլուրում զոհվածների ծնողներին ծեծելով տարան, էլի ՄԱԿ-ը ոչինչ չարեց, Արցախում խաղաղ բնակչություն, դպրոցներ ռմբակոծվեցին, ֆոսֆորային զենք կիրառվեց, ՄԱԿ-ը ոչ մի արձանագրում չարեց. «Այսօր Արցախի 120 հազար մեր հայրենակիցները շրջափակման մեջ են, հումանիտար աղետի առջեւ են կանգնած, ուզում ենք հասկանանք՝ ՄԱԿ-ը արձանագրում անելո՞ւ է, քայլեր ձեռնարկելո՞ւ է: Դուք հռչակել եք, որ կոչված եք մարդկային արժեքների, մարդու կյանքի պաշտպանությանը, պետք է պաշտպանեք մարդկային կյանքը: Հայ ժողովրդի հանդեպ իրականացվող այս ցեղասպան քաղաքականության դեմ ինչ-որ բան անելո՞ւ եք, թե՞ նույն Ալիեւի ու Նիկոլ Փաշինյանի թիմից եք: Այդ արձանագրումները նախ ձեզ են պետք որպես այդ արժեքները կրող կառույց, ձեր պատմության համար է դա ձեզ պետք: Մենք թույլ չենք տալու, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»:

Ցուցարարները վստահեցնում էին, որ Հայաստանը միշտ կանգնելու  Արցախի կողքին. «Հայ ժողովրդի վերջը չի լինելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031