Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման կապակցությամբ
Դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը գրություն է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ։
Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ոտնահարել է Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 120.000 անձանց հիմնարար իրավունքները, որոնց թվում են երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք և կանայք։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանը չի հարգում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, որը երաշխավորում է բոլորի, այդ թվում՝ հակամարտության գոտում բնակվող անձանց ապրելու, ազատ տեղաշարժվելու և անվտանգության իրավունքի պաշտպանությունը։
Կարդացեք նաև
Այդ համատեքստում կոչ է արվում․
– կիրառել Եվրոպայի խորհրդի ամբողջ գործիքակազմը` վերացնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության անօրինական և անմարդկային շրջափակումը,
– Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելություն ուղարկել տվյալ տարածք՝ կանխելու Կոնվենցիայի հետագա խախտումները,
– կասեցնել կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցչության իրավունքները՝ Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 3-րդ հոդվածի խախտման պատճառով:
Գրության պատճեններն ի գիտություն ուղարկվել են նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Մարդու իրավունքների հանձնակատարին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին։
Արցախի Հանրապետության ԱԳՆ