Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մարդասիրական կոչը թող ուղղի իր երկրի նախագահին, խոշտանգման դեպքեր են եղել՝ որեւէ ադրբեջանցի իրավապաշտպան չի արձագանքել». Մեսրոպ Առաքելյան

Դեկտեմբեր 13,2022 19:55

Այսօր Ազատության հրապարակից մեկնարկեց բողոքի ցույց եւ երթ՝ ի աջակցություն արցախցիների:

Ցուցարարները «Արցախ» վանկարկումներով շարժվեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպանատներ։

 Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան, ադրբեջանական մի խումբ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, Շուշիի մոտակայքում վրաններ են տեղադրել` արգելափակելով բնականոն և անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում:

Արցախցիների հետ ցույցին մասնակցում էր նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանը բնապահպանական կեղծ պատրվակով երեկվանից փակել է  Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը ու սա առաջին դեպքը չէ. «Պատերազմից հետո բազմաթիվ սադրանքներ են լինում Ադրբեջանի կողմից: Երեկվանից Արցախի իշխանությունները օպերատիվ կերպով աշխատում են: Այսօր առավոտյան տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ՝ նաեւ պետնախարար Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ: Նաեւ քաղպաշտպանության շտաբի նիստ է տեղի ունեցել, որի արդյունքում Արցախի ե՛ւ կառավարությունը, ե՛ւ մնացած գերատեսչությունները 24-ժամյա ռեժիմով աշխատում են՝ համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ՝ փորձելով խաղաղ հանգուցալուծում տալ  խնդրին»:

Հարցին՝ ռուս խաղաղապահների հետ բանակցություններն ի՞նչ արդյունք են տալիս, Ռուբեն Վարդանյանը մասնակցո՞ւմ է այդ բանակցություններին՝ Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց, որ բանակցություններն այս պահին էլ ընթանում են. «Այդ հատվածը գտնվում է ռուս խաղաղապահներին հսկողության ներքո եւ պատասխանատվության գոտում ու հենց ռուս խաղաղապահների գործուն ջանքերով արվում է ամեն ինչ, որ խնդրին հանգուցալուծում լինի»:

Հարցին՝ ադրբեջանցիներն ինչո՞ւ են ուզում հանդիպել Վոլկովի հետ, ի՞նչ են նրան ներկայացնելու՝ Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Ադրբեջանի կեղծ պատրվակը կայանում է նրանում, իբրեւ թե Արցախի Հանրապետությունում շահագործվող հանքը որոշակի բնապահպանական ռիսկեր է առաջացնում Ադրբեջանի տարածքում գտնվող բնակավայրերի վրա: Միջազգային ողջ հանրության առաջ Արցախի օրենսդրության շրջանակներում մենք պատրաստ ենք ներկայացնել բոլոր այն միջոցառումները եւ մոնիտորինգները, որը կփաստի, որ Արցախի տարածքում շահագործվող հանքերը որեւէ բնապահպանական ռիսկ չեն առաջացնում»: Մեսրոպ Առաքելյանը վստահեցրեց, որ այս կեղծ պատրվակով ռուս խաղաղապահների միջոցով ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպանները փորձ են արել այցելել հանքի շահագործման հատված. «Իհարկե, դա Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված հերթական սադրանքն է եւ այսօր էլ շարունակվում է: Այն հատվածը, որտեղ նրանք հայտնվում են Շուշիի ճանապարհի եւ դեպի Շուշի մուտքի հատվածն է, որը փակ է ու բացվում է Ադրբեջանի ուժայինների կողմից նաեւ, ակնհայտ է, որ այս ամենը կազմակերպված է եւ ուղեկցվում է Ադրբեջանի ուժային կառույցների գլխավորությամբ»:

Ադրբեջանի ՀԿ-ներից մեկը պատրաստակամություն էր հայտնել աջակցություն տրամադրել արցախցիներին, նաեւ բժշկական օգնություն տրամադրել: Մեսրոպ Առաքելյանն արձագանքեց. «Այդ «ակտիվիստներից» մեկը, հաշվի առնելով այն հրապարակումները, որ այս պահին Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում մի քանի հիվանդներ են գտնվում, որոնց կյանքին վտանգ է սպառնում, խիստ անհրաժեշտություն ունեն տեղափոխվել Երեւան, հնարավորություն չկա, այսպես ասած «մարդասիրական» կոչ էր անում, ես ընդամենը կպատասխանեմ, որ եթե նման մարդասիրական քայլերով են հանդես գալիս, մինչեւ այս պահը Բաքվում պահվում են մեր գերեվարված հայրենակիցները: Այդ մարդասիրական կոչը թող ուղղի իր երկրի նախագահին՝ ցույց տալով մարդասիրական քայլերը: Բազմաթիվ խոշտանգման դեպքեր են եղել եւ որեւէ ադրբեջանցի իրավապաշտպան ներկայացող, կամ որեւէ մարդասիրական ներկայացուցիչ, եթե կա այդպիսին Ադրբեջանում, արձագանք չի ունեցել: Այդ արհեստական կոչերին արձագանքելն անմտություն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031