«Ընդունելի առաջարկ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանն՝ անդրադառնալով Հայաստանի հանրապետության կողմից Արցախի հանրապետության անկախությունը ճանաչելու նպատակահարմարությանը։
Ստեղծված իրավիճակում, երբ արդեն 30 ժամից ավել Արցախի հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, Արցախի անկախությունը ճանաչելու մասին առաջարկ հնչեցրեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Խոսքս ուղղում եմ ՀՀ իշխանություններին. գոնե հիմա ճանաչեք Արցախի անկախությունը։ Հուշեմ նաեւ ընդունելի բանաձեւերից մեկը. «ՀՀ-ն ճանաչում է Արցախի հանրապետության անկախությունը, ինչպես նաեւ ցանկացած այլ կարգավիճակ, որով Արցախը դուրս է Ադրբեջանի հանրապետության կազմից»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել էր Հրանտ Բագրատյանը։
Արցախի անկախության ճանաչման մասին խոսք հնչեց նաեւ Արցախից: ԱՀ խորհրդարանի արտահերթ նիստում, որտեղ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նաեւ հայտարարություն ընդունվեց, ԱՀ խորհրդարանի իշխող ուժի ներկայացուցիչ, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն՝ իր ելույթում նկատեց, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման միակ ճանապարհը ԱՀ-ի ճանաչումն է միջազգային հանրության կողմից:
Կարդացեք նաև
«1992-2018 թվականներին, երբ ընթանում էին հակամարտության կարգավորման բանակցություններ, ճանաչումը կխափաներ քաղաքական կարգավորումը։ Հիմա սրանք բանակցություններն էլ, Մինսկի խմբի համանախագահությունն էլ «հոգոց հանգուցելոց» արեցին, պատերազմն էլ «հորով-մորով» պարտության տարան։ Տակը բան չի մնացել։ Այսօր ճանաչումը կնշանակի՝ Հայաստանի քաղաքականության արմատական շրջադարձ դեպի Արցախի հանրապետության պաշտպանություն։ Միջազգային բացասական արձագանքներ չեն լինի, եթե հարկավոր նախնական աշխատանք տանի մեր ԱԳՆ-ն։ Բայց դրանցից լավ բան չսպասեք։ Նրանք երկու նպատակ ունեն՝ փող և իշխանություն, կամ հակառակը՝ իշխանություն և փող»,- թեմայի վերաբերյալ կարծիք հայտնեց Արա Սահակյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ