Ըստ ԱՀԿ-ի՝ աշխարհում 10 մարդուց 9-ը աղտոտված օդ է շնչում, Հայաստանը, մասնավորապես մայրաքաղաք Երևանը բացառություն չէ, ինչի մասին են վկայում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կողմից պարբերաբար հրապարակվող տվյալները, որոնք ահազանգում են օդի ավազանի անառողջ վիճակի մասին։ Օդի աղտոտվածության, ինչպես նաև կանաչապատման հետ կապված խնդիրների շուրջ զրուցել ենք Երևանի ավագանու անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ., դոցենտ Քրիստինա Վարդանյանի հետ։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պարբերաբար տվյալներ է հրապարակում, որ Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները գերազանցում են թույլատրելի խտության սահմանները․ որո՞նք են այդ վիճակն առաջացնող հիմնական պատճառները։
Շատ տվյալներ կան, որոնք խոսում են, որ Երևանի օդային ավազանի աղտոտվածության ցուցանիշները գերազացում են թույլատրելի խտությունները։ Դրանցից մեկը ազոտի օքսիդներն են, որոնք պայմանավորված են Երևանում առկա ավտոտրանսպորտի մեծ քանակով՝ հաշվի առնելով այն փաստը, որ մեր քաղաքը երբեք նախատեսված չի եղել այսպիսի հսկայական քանակով մեքենաներ սպասարկելու համար, ինչպես նաև խցանումների մեծ ծավալը, շարժիչների անընդմեջ աշխատանքը, ինչը, բնականաբար, աղտոտում է մեր միջավայրը՝ հանդիսանալով հիմնական պատճառ։
Երկրորդ աղտոտիչը, որը բավականին մեծ վնաս է տալիս մեր առողջությանը, փոշին է, և ըստ մոնիթորինգի կենտրոնի տվյալների՝ մենք անընդհատ ունենում ենք փոշու սահմանային թույլատրելի խտության գերազանցում։ Այս վիճակի հիմնական պատճառը բաց մակերեսներն են, որոնք կանաչապատված չեն, հողային ծածկը, որտեղից մենք ունենք փոշու մասնիկներ, նաև Երևանում իրականացվող չվերահսկվող շինարարությունը, որը ոչ մի հիգիենիկ ստանդարտի, օրենքի չի ենթարկվում, արվում է բաց ձևով, որի շրջանակներում աշխատում են մակերեսները փայլեցնող գործիքներ, ու բազալտի փոշին աղտոտում է օդի ավազանը։ Բոլորովին վերջերս հենց Հանրապետության հրապարակում էին բաց ձևով քարի մակերեսի փայլեցում իրականացնում, և բնականաբար դա ազդում է բոլորիս և առավել ևս հենց աշխատողների առողջության վրա՝ շատ մեծ վնաս հասցնելով նրանց։
Կարդացեք նաև
Շինարարություն իրականացնելիս մենք ոչ թե առաջնորդվում ենք մարդու համար կենսականորեն անհրաժեշտ միջավայր ձևավորելու սկզբունքով, այլ ուղղակի նախագծում ենք շենքեր, որոնք սնկի նման աճում են՝ հիշեցնելով արհեստական քարե ջունգլիներ, որոնք տաքանում են մեր հարավային կլիմայի ազդեցությամբ, և անգամ արևը մայր մտնելուց հետո քարերի ջերմությունը շարունակում է տաքացնել շրջակա միջավայրը՝ քաղաքում ձևավորելով ջերմային կղզիներ, որոնք ունեն առողջությանը վնասող ազդեցություն։
Ինչպիսի՞ ազդեցություն ունի օդի աղտոտվածությունն առողջության վրա։
Ըստ ԱՀԿ-ի, օդային ավազանի աղտոտվածությունը տարեկան 7 միլիոն մարդու կյանք է խլում, և իր դերն ունի թոքի քաղցկեղի, թոքերի այլ հիվանդությունների զարգացման գործում, կաթվածների, ինֆարկտի զարգացման պատճառներից է, ազդում է հղի կանանց ու պտղի առողջության վրա՝ առաջացնելով վաղաժամ ծննդաբերության, բնածին արատների զարգացման վտանգ։ Կորոնավիրուսային համավարակը նույնպես ընդգծեց օդի աղտոտվածության խնդիրները, քանի որ արդեն կան գիտական աշխատություններ, որոնք վառ թվերով ապացուցում են, որ քովիդի ամենածանր դեպքերը, մահացության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Իտալիայի հյուսիսում, Չինաստանի այն հատվածներում, որտեղ օդի ավազանը աղտոտված է, իսկ մարդիկ, որոնք ապրում են օդային աղտոտված ավազանի պայմաններում, ի սկզբանե ունեն օրգանիզմի սենսիբիլիզացիա և ավելի հաճախ են վարակվելու և ավելի ծանր են տանելու հիվանդությունը, քանի որ մինչ վարակվելն արդեն ունեին որոշակի խնդիրներ։
Մենք բոլորս փոխկապակցված մի խնդրի մեջ ենք, որն ինքներս ենք ստեղծել, և եթե վերահսկողություն լինի քաղաքային իշխանությունների կողմից, այդ խնդիրը հնարավոր է հաղթահարել։ Ի վերջո, պետք է հասկանալ, որ եթե շինարարության բումը բերելու է ազգաբնակչության առողջապահական ցուցանիշների վատթարացման, ապա այդ բումը ոչ մի բանի պետք չէ, քանի որ մարդիկ, որոնք պետք է իրացնեն այդ ամենը, պարզապես ի վիճակի չեն լինելու դա անել։
Դրանից բացի մենք Երևանում 28 բաց հանք ունենք, որոնք աշխատում են, և այս հանքերն էլ իրենց տարածքներում սանպաշտպան նորմալ գոտիներ չունեն, այնինչ պետք է ունենային կանաչ տնկարկներ, որոնք կմաքրեին օդը, այլ ոչ թե այդ հանքերից մենք կունենայինք օդային ավազանի աղտոտման ևս մեկ աղբյուր։ Սրանք են այն հիմնական պատճառները, որոնք այսօր ապահովում են Երևանի օդի աղտոտվածության բարձր մակարդակը։
Խնդրի հաղթահարման հարցում ի՞նչ դեր ունի կանաչապատումը։
Խորհրդային Միության ժամանակ շատ լուրջ վերահսկողություն կար օդային ավազանի մաքրության հետ կապված, և մենք Երևանում ունեինք անհամեմատ ավելի մեծ ծավալով կանաչ զանգվածներ, այդ թվում՝ ֆիլտրող լանջերը, որոնք ապահովում էին մայրաքաղաքի կենտրոնի օդային ավազանի ինքնամաքրման գործընթացները՝ լինելով այնպիսի մի շերտ, որը հնարավորություն էր տալիս ամբողջությամբ վերահսկել քաղաքի օդի ավազանի վիճակը։ Այդ տարիներին Երևանում շատ ընդունված էին շատրվանները, որոնք իրենց դրական ազդեցությունն էին թողնում քաղաքի միկրոկլիմայական ցուցանիշների, օդի ավազանի վրա։ Ինչպես գիտենք, մեր կլիման շոգ ու անապատային է, և այն ժամանակ նպատակ էին դրել արհեստական հավելյալ միջոցների կիրառմամբ քաղաքային միջավայրը, որը նույնպես մարդու կողմից ստեղծված արհեստական միջավայր է, հնարավորինս հարստացնել բնության տարրերով՝ ստեղծելով բնակչության հանգստի համար մեծ գոտիներ, ինչպիսին, օրինակ, Հրազդանի կիրճն է՝ մոտ 450 հեկտար տարածությամբ կանաչ միջավայր, որն ամբողջությամբ ծառայում էր իր հիմնական նպատակին, ինչպես նաև գետը, որը կանաչի հետ միասին մեծացնում է սպասվող էկոծառայության արդյունքը։ Երևանի համար գետի այդ մակերեսները շատ կարևոր են, և թեև ամբողջ աշխարհն այժմ բացում է գետերի հունը, մենք նախընտրեցինք արագընթաց ճանապարհ կառուցել և փակել Գետառը, որը քաղաքի համար բնապահպանական բավականին լուրջ խնդիրներ էր լուծում։
Եվրոպական տնտեսական ֆորումում մի այսպիսի միտք բարձրաձայնվեց, որ մեկ ֆունտը, որը ծախսվում է կանաչապատման վրա, վերադարձնում է պետությանը 7 ֆունտ․․․ Եվրոպական երկրներում շատ լավ հասկանում են, թե ինչպիսի առողջապահական խնդիրներ կարող է լուծել կանաչապատումը, սակայն դա պետք է անել պլանավորված ձևով՝ գիտական մոտեցումով։ Օրինակ՝ Երևանում եվրոպական ծառեր տնկելու իմաստ չկա, քանի որ այդ ծառերը կոնաձև տեսք ունեն, իսկ Երևանում մենք ունենք ուլտրամանուշակագույն ճառագայթման շատ բարձր մակարդակ և մեզ պետք են սաղարթավոր ծառեր, օրինակ՝ սոսին, սաֆորաները և այլն։ Մենք պետք է ոչ թե ուղղակի կանաչապատում անենք, այլ այդ կանաչապատումը պետք է ուղղված լինի ինչ-որ գործառույթների համար։ Առանց այն էլ շինարարությունն այնքան է հողը զավթել, որ մենք ունենք աշխատելու շատ փոքր մակերես, ու պետք է այնպես անենք, որ այդ փոքր մակերեսի վրա կատարված աշխատանքն առավելագույն արդյունավետություն ունենա, որ դրա վրա աճեցվեն ամենաուժեղ ծառատեսակները, որոնք օդն են մաքրում, աղմուկն են կլանում, բարելավում են միկրոկլիմայական ցուցանիշները, դեկորատիվ-էսթետիկ լավագույն հատկանիշներն ունեն։
Որո՞նք կարող են լինել մայրաքաղաքում օդի ավազանի մաքրմանը միտված կարճաժամկետ քայլերը։
Առաջին հերթին պետք է լուծել կարևորագույն խնդիրներից մեկը՝ տրանսպորտի խնդիրը․ պետք է օրենքներ ընդունել, որ որոշակի թվականից այն կողմ մեքենաները Երևանում չպետք է լինեն, բեռնատարներն այս ձևով Երևանում չպետք է երթևեկեն, այլ պատշաճ ձևով ծածկված լինեն՝ քար, շինանյութ, շինաղբ տեղափոխելիս։ Իհարկե, թվացյալ օրենքները կան, որոնք չեն կիրառվում, կամ այնպես մշակված չեն, որ սողանցքներ չլինեն։ Պետք է խրախուսել էկոլոգիական տրանսպորտի, հեծանիվների օգտագործումը Երևանում՝ նախապես լուծելով հեծանվաուղիների խնդիրները։ Եթե մենք լուծենք տրանսպորտի խնդիրը, շատ մեծ բնապահպանական հարց լուծած կլինենք։
Կարելի է շատ արագ բարեկարգել քաղաքային այգիները, որոշումներ կայացնել, որ ծառերի խորը էտ չի կարելի անել, քանի որ այդպիսով մենք ծառերը սարքում ենք հաշմանդամներ, որոնք երբևիցե չեն ունենալու առողջ սաղարթ։ Եվրոպական երկրներում այսօր անգամ ձերբազատվում են «պոլարդինգ» կոչվող էտի ձևից, քանի որ երբ քովիդի ժամանակ ավելի ակնհայտ դարձավ, թե ինչ կապ կա առողջության և օդի աղտոտվածության միջև, մարդիկ հասկացան, որ ծառերի սաղարթը բնակչության առողջությունն է, ամենաթանկ բանը, որը պետք է պահպանել։ Ծառը պետք է լինի առողջ, որպեսզի արդյունավետ իրականացնի ֆոտոսինթեզի գործընթացը։ Եթե ծառն առողջ չէ, ֆոտոսինթեզի արդյունքը այնքան է լինելու, որ ծառը հազիվ ինքն իրեն ապահովի, այնպես, ինչպես մարդը, որը հիվանդ է, և թեև երազում է իր երեխաների համար կերակուր պատրաստել, սակայն վեր կենալու ուժ չունի։
Նույնը ծառի դեպքում է, որը վնասվելով՝ ի վիճակի չէ էկո ծառայություն մատուցելու։ Բայց քաղաքը տնտեսություն է, և ծառը տնկված է քաղաքում՝ հենց այդ նպատակով։ Թեև 2020 թվականից Երևան քաղաքը որդեգրել էր խորը էտ չանելու քաղաքականություն, բացառությամբ տարեց թեղիների, այսօր ես տեսնում եմ, թե նոյեմբերին ինչպիսի խորը էտի են ենթարկել ծառերը մայրաքաղաքում, և ծառերը չունեն սաղարթ, իսկ երկրորդային սաղարթ կունենան լավագույն դեպքում հուլիս-օգոստոս ամիսներին ու ստացվում է, որ մենք մոտավորապես 9-10 ամսով քաղաքը թողել ենք առանց սաղարթի՝ միաժամանակ ուրախանալով, որ 9000 և ավելի ծառ ենք էտել։ Սակայն ավելի լավ է 3000 ծառ էտվեր, բայց ինչպես որ հարկն է։ Չի կարելի մեծ վերքեր անել ծառերի վրա, որովհետև ծառն ունի հնարավորության չափ, որով կարող է այդ վերքը փակել, իսկ եթե չի կարողանալու փակել, սկսվելու են նեխման գործընթացները, վարակը, և այստեղից էլ՝ վաղվա փչակները, հեղուկների արտահոսքը, որն ապացուցում է, որ ծառերը տանում են ծանր ինֆեկցիաներ։ Եվ այս ամենը երկար տարիների խորը էտի արդյունքն է։
Իհարկե, կան ծառեր, որոնց էտը նորմալ է եղել, բայց դա կազմում է ընդհանուր էտի 30 տոկոսը, իսկ մենք շտապելու ոչ մի բան չունենք, ի վերջո մենք պետք է համահունչ լինենք աշխարհում ընդունված գիտության մակարդակին, չէ՞ որ, օրինակ, նախկինում վիրահատությունների ժամանակ մեծ կտրվածքներ էին անում, իսկ հիմա վիրահատում են լապարոսկոպիկ եղանակով՝ աննշան վերքերի մակերես ստեղծելով:
Ի՞նչ կարող է անել հասարակ քաղաքացին իրեն ու իր երեխաներին պաշտպանելու համար։
Անհատ մարդը գլոբալ առումով ոչինչ չի կարող անել օդի ավազանի մաքրման համար, որովհետև դա պետք է լինի ինստիտուցիոնալ մակարդակում՝ հիմնվելով իշխանությունների որոշումների վրա։ Սակայն դուք և ձեր երեխաները կարող եք ավելի շատ լինել բնական լանդշաֆտներում, օրինակ` Ջրվեժ անտառային պարկում, որտեղ կարելի է հանգստանալ, շնչել տարբեր խեժանյութերով հագեցած օդը, որը շատ լավ է անդրադառնում շնչառական, սիրտ-անոթային համակարգի, հոգեհուզական և ֆիզիկական վիճակի վրա։ Եթե մասնակցում եք ծառատունկերին, ապա հոգ տարեք ձեր տնկած ծառերի մասին, քանի որ դա կապ է առաջացնում նաև քաղաքի հետ, ստեղծում հիշողություններ ու պատմություն, չէ՞ որ ծառերն էլ պատմամշակութային արժեքներ են, մեր կենդանի հիշողության կրողները․․․ Մենք նայում ենք նրանց ու հիշում, որ նրանց ստվերում նստել են մեր պապերը ու նրանց խիտ սաղարթի ներքո դեռ խաղալու են մեր ծոռները…
Զրույցը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ