Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան. Միասնական լինելով՝ կարողանալու ենք հաղթահարել նաև այս աղետը

Դեկտեմբեր 13,2022 18:02

Ապառաժ. Երկու և ավելի տարի մենք բոլորս գտնվում ենք աղետի մեջ։ Տարբեր խնդիրներում ունենալով տարբեր հայացքներ՝ մենք որդեգրել ենք պահել մեր միասնականութունը և չշեղվել Արցախի կարմիր գծերին վերաբերող հարցերից։ Այս մասին դեկտեմբերի 13-ին կայացած ԱՀ ԱԺ նիստի ժամանակ նշել է «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Համաձայնելով նախագահ Հարությունյանի դիտարկումներին՝ նա նշել է, որ կարևոր է միասնական կամքի դրսևորման որոշումը․ «Պետք եղած ժամանակ կարողանալ ասել «ոչ», որովհետև «այո»-ի ժամանակ մենք միանշանակ կորցնելու ենք Արցախը»։

«Այնուամենայնիվ, պարոն Հարությունյանի ներկայացրածից հետո բազմաթիվ հարցեր մնացին, որոնք ես կփորձեմ առաջարկների ձևով փարատել։ Նա բազմաթիվ պատճառներ բերեց, թե ինչու է փակվել ճանապարհը, մասամբ համաձայն էի, մասամբ ունեի նաև իմ դիտարկումները։ Ուղղակի ինձ համար հետաքրքիր է՝ դրանք դիտարկումնե՞ր էին նախագահի կողմից, թե՞ հստակ ինֆորմացիայի արդյունք։ Առաջարկ ունեմ նաև Ազգային ժողովին։ Հայտարարության մեջ ամեն ինչ ասված է․ առաջարկում եմ գրավոր հայտարարությունն ուղարկել ՀՀ կառավարություն, Ազգային ժողով, ՄԱԿ-ի անդամ երկրներին։ Կարծում եմ՝ այդպես շատ ավելի արդյունավետ ու գործուն կլինի»,- ասել է պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանն Ազգային ժողովին առաջարկել է կտրել շփումը հակապետական գործունեություն իրականացնող տարրերի հետ․ «Երեկ ևս ականատես եղանք, թե ինչպես մարդիկ, ովքեր բավականին երկար ժամանակ իրականում ոչ թե անձերի, այլ պետության դեմ են աշխատում, ազատ ելումուտ են անում Ազգային ժողով, հետո դուրս գալիս հայտարարություններ տարածում ժողովրդի մեջ։ Մենք վառ գիտակցում ենք, որ նրանք ժողովրդական աջակցություն չունեն, բայց չգիտես ինչու իրենց հետ շփումներով լեգիտիմացնում ենք նրանց կատարած գործողությունները կամ հայտարարությունները»։ Նա առաջարկել է նաև գործադիր մարմնին կապ հաստատել ՀՀ իրենց գործընկերների հետ և անմիջական շփման արդյունքում համատեղ առաջարկներ իրականացնել։

Մի հանգամանքի վրա էլ է Մետաքսե Հակոբյանն ուշադրություն հրավիրել․ «Մենք սկսել ենք շատ խոսել հնարավոր Ցեղասպանության մասին։ Այո՛, հասկանում ենք, որ Ադրբեջանի նպատակը հենց դա է, բայց նաև հասկանում ենք, որ մեր քաղաքական հայտարարություններում և հարցազրույցներում այդպիսի մտքեր հնչեցնելով, որը իրականություն է, նաև խուճապի ենք մատնում մեր հայրենակիցներին։ Հետևաբար մեզնից յուրաքանչյուրը պետք է աշխատանք տանի հանրության հետ, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանանք հոկտեմբերի 30-ի նման արտահայտել մեր ժողովրդի կամքը»։

«Ունենք հայրենակիցներ, որոնք չեն կարողացել վերադառնալ Արցախ, այս պահին երկու օր է՝ Երևանում են 18 անչափահաս երեխաներ իրենց երկու ղեկավարների հետ, ովքեր կառավարության միջնորդությամբ մանկական եվրատեսիլին որպես հանդիսատես էին մասնակցում։ Խնդրում եմ օպերատիվ շտաբի միջոցով այդպիսի հարցերը լուծել, որպեսզի այնտեղ մնացածները խուճապի չմատնվեն»,- ասել է նա։

Վերջում Մետաքսե Հակոբյանը վստահություն է հատնել, որ միասնական լինելով՝ կարողանալու ենք հաղթահարել նաև այս աղետը, որի մեջ հայտնվել ենք բոլորս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031