«Այսօր Հայաստանում մի իրավիճակ է, որն աննախադեպ է՝ դրական առումով։ Այսօրվա ստեղծված իրավիճակում ունենք 13% տնտեսական աճ, որը բաշխվում է ոչ միայն բիզնեսների, այլեւ քաղաքացիների միջեւ, ու մենք նկատում ենք, որ քաղաքացիների եւ բիզնեսների մոտ կա եկամտի էական աճ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն՝ պատասխանելով հարցին՝ ԿԲ-ի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով նաեւ առեւտրային բանկերն են վարկերի տոկոսները բարձրացնում, արդյոք հնարավոր չէ, որ նրանք իջեցնեն տոկոսները։
Գալստյանն ասաց, որ ԿԲ հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիներն ու բիզնեսները նախօրոք մարում են իրենց վարկերը, այսինքն, նրանք ունեն բավարար եկամուտ՝ իրենց միջոցներով իրենց բիզնեսն ու կենցաղը կազմակերպելու․ «Իհարկե, սա բոլորին չի վերաբերում»։
Գալստյանը նաեւ ասաց, որ ԿԲ-ն աստիճանաբար 7%-ով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սակայն, վարկավորման տոկոսադրույքները եթե նույնիսկ աճել են, շատ ավելի ցածր տեմպով են աճել, քան ԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճն է․ «Եվ այլ աղբյուրներից՝ ոչ վարկային պրոֆիլներից եկած եկամուտները՝ մատուցվող ծառայություններ, փոխարկումներ, միջնորդավճար եւ այլն, մեր գնահատականով՝ այս տիպի ծառայություններից ստացված եկամուտը բանկերին հնարավորություն է տվել վարկավորման համար տոկոսադրույքը բարձրացնել շատ ավելի մեղմ, քան ԿԲ-ն է բարձրացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը»։
Ինչո՞վ է պայմանավորված, որ վերջին ամիսներին աճում են արտարժույթով ներգրավված ավանդները, այս հարցին ի պատասխան էլ ԿԲ նախագահն ասաց, որ դա հիմնականում պայմանավորված է ոչ ռեզիդենտների գումարներով, որոնք ներթափանցում են ՀՀ բանկային համակարգ արտարժույթով, նրանք դրանց մի մասը ընթացիկ հաշիվների վրա են պահում, մի մասն էլ՝ ժամկետային ավանդներով։ են պահում։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ