Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԱ-ի աճի՝ ԿԲ կանխատեսումն անփոփոխ է՝ 12.9%

Դեկտեմբեր 13,2022 17:11

Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր որոշում է կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.75%։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով՝ 12-ամսյա գնաճը մի փոքր նվազել է, կազմելով 8.8%, բնականոն գնաճը նույնպես նվազել է, կազմելով 9․9%։

Գալստյանի ներկայացմամբ՝ համաշխարհային տնտեսությունում շարունակվում են տնտեսական ակտիվության դանդաղման միտումները․ «Գործընկեր երկրներում դրամավարկային պայմանների հետեւողական խստացումը կնպաստի համաշխարհային պահանջարկի թուլացմանը եւ միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի ճշգրտմանը: Արդյունքում համաշխարհային տնտեսությունից Հայաստանի տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցությունների թուլացում»:

Ըստ ԿԲ-ի, այս տարվա 4-րդ եռամսյակում մեր տնտեսությունում բարձր ակտիվության միտումները պահպանվում են, տնտեսական աճին շարունակում է էականորեն նպաստել ծառայությունների ոլորտում ձեւավորված արտաքին բարձր պահանջարկը: Բացի այս, ինչպես ասաց Գալստյանը, դիտվում է արտահանման եւ ՀՆԱ ներուժի ավելացում ծառայությունների եւ արդյունաբերության ճյուղերում:

ՀՆԱ-ի աճի՝ ԿԲ կանխատեսումն անփոփոխ է՝ 12.9%, սակայն այդ աճի կառուցվածքում կանխատեսման որոշակի փոփոխություն է կատարվել, օրինակ՝ ԿԲ-ն ավելի ցածր աճ է կանխատեսում ծառայությունների ոլորտում՝ 19․4%-ի փոխարեն 18.8%, շինարարությունը՝ 14.1%-ի փոխարեն 20.1%։

Գալստյանն ասաց, որ դեկտեմբերին գնաճի որոշակի արագացում կլինի, սակայն մի փոքր ավելի ցածր, քան նախկինում ակնկալվում էր, ըստ ԿԲ կանխատեսման, տարեկան գնաճը 9-9.5% սահմաններում կլինի։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031