«Հասել ենք անդառնալիության այնպիսի պիկի, որ այս իրավիճակում ասել, թե ինչ պիտի անենք, շատ դժվար է։ Երբ Բերձորի միջանցքը հանձնելու սկիզբն էր ազդարարվել, ես ընդդիմությանը կոչ էի անում մեր հավաքներին, 20000-30000 հավաքվածներով գնանք Բերձոր ու թույլ չտանք Բերձորի զիջումը։ Եվ այսօր, երբ տեսնում եմ, թե ինչպես են ադրբեջանցիները ներխուժել այնտեղ, վրաններ են խփել, տեղակայվել են եւ չեն էլ ուզում հեռանալ, պահանջներ են առաջ քաշում, հասկանում եմ, որ հերթական անգամ մեր քայլերի առումով, անգործունակության արդյունքում հետ ենք ընկել մեր թշնամիներից։
Այն ժամանակ էլ, երբ նման առաջարկ էի անում, ասում էին՝ դա այնքան էլ անկեղծ չէ, բա որ զոհեր լինեն, հնարավոր է բախում հրահրվի։ Այսօր ադրբեջանցիները նույն բանը անում են, եւ ինչպես տեսնում եք, ոչ մի բախում չի հրահրվում»,- «Հայելի» ակումբում նշեց 44-օրյա պատերազմում անմահացած Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը՝ անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակելուն։
Նրա խոսքով․ «Ադրբեջանցիներն ամեն անգամ իրենց քայլերով մեզանից առաջ են ընկնում, եւ ակտիվ են՝ ի տարբերություն մեզ, որ ասես հիպնոսի տակ լինենք։ Ինչ վերաբերվում է միջազգային կառույցներ այցերին, դրանց շենքների մոտ ցույցեր անելուն, թող լինեն, բայց միջազգային կառույցներից ես ինքս որեւէ ակնկալիք չունեմ։ Դրանք, ըստ իս, բուտաֆորիաներ են։ Նրանք ապացուցեցին, որ ժողովրդավարություն եզրույթը որեւէ նշանակություն եւ արժեք չունի, քանի որ այս 4,5-5 տարիների ընթացքում, ինչ այս ոհմակը եկել է իշխանության, տեսել ենք դեսպանատների, տարբեր միջազգային կառույցների արձագանքը՝ մեր երկրում իրականացվող ժողովրդավարության հետընթացի, ճնշումների, մարդկանց ձերբակալությունների վերաբերյալ․․․
Միակ ելքը մնում են մեր ներքին, ազգային ուժերը, իրենց համախմբումը, առաջնորդի ձեւավորումը․․․Հայրենակետրոն, պետականակենտրոն ուժերը պետք է իրենց ուժերն ուղղեն մեկ բանի, որպեսզի վերջապես ձեւավորվի առաջնորդ»։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ