Լրահոս
Օրվա լրահոսը

Միակ ճանապարհը Արցախի անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից. Արթուր Հարությունյան

Դեկտեմբեր 13,2022 16:42

Ապառաժ. «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի ելույթը դեկտեմբերի 13-ին կայացած ԱՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ․

«Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ,

Ինչպես տեսնում ենք Ադրբեջանը շարունակելով իր կողմից տասնամյակների ընթացքում որդեգրած հայատյաց քաղաքականությունը այս անգամ էլ կեղծ բնապահպանական օրակարգով արգելափակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը՝ իրականացնելով համաշխարհային ծավալների հանցագործություն և ստեղծելով հումանիտար աղետ, որի արդյունքում փորձում է խուճապային տրամադրություններ ստեղծել մեր բնակչության շրջանում։ Հերթական անգամ խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ նրանք ակնհայտորեն ցույց են տալիս իրենց նկրտումները Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու և Արցախն հայաթափելու ուղղությամբ, որն անպատժելիության հետևանք է։

Այդ ամենն իրականություն չդառնալու միակ ճանապարհը Արցախի անկախությունը ճանաչելն է միջազգային հանրության կողմից։ Սակայն Ադրբեջանը ամեն գնով փորձում է խոչընդոտել այդ գործընթացին ներկայացնելով աշխարհին, որ այդ հարցը լուծված է, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն չկա, որը իրականությանը չի համապատասխանում։ Դրա մասին բազմաթիվ անգամ խոսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային այլ դերակատարների կողմից, որ հակամարտությունը գոյություն ունի և այն պետք է կարգավորվի միջազգային նորմերի և հիմնարար սկզբունքների հիման վրա։

Միաժամանակ Ադրբեջանը, օգտվելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից, պարբերաբար խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, ակնհայտորեն փորձում է ստվեր գցել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վրա՝ դրանով իսկ հող նախապատրաստելով հետագայում նրանց տարածաշրջանից դուրս բերելու և եռակողմ հայտարարությունը չեղարկելու համար, որը կբերի աննախատեսելի հետևանքների։ Այդ համատեքստում կարևոր ենք համարում ՌԴ խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատի տրամադրումը անորոշ ժամկետով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից, որպես միջազգային հիմնարար երաշխիք։

Սիրելի հայրենակիցներ,

Մեր գոյապայքարի բարդ ու դժվարին ճանապարհին մենք հաղթահարել ենք բազում մարտահրավերներ և այսօր էլ շարունակում ու հետայսու ևս շարունակելու ենք պայքարել մեր հայրենի հողում ազատ ապրելու և արարելու իրավունքի համար։ Դրա համար չափազանց կարևոր է մեզանից յուրաքանչյուրի բարձր քաղաքացիական պատասխանատվությունն ու անմնացորդ սերը մեր հայրենիքի նկատմամբ։ Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք Արցախը պահել հայկական և մեր ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքների լրիվ և անսակարկելի ճանաչման հիման վրա հասնել մեր վերջնանպատակին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031