Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂ 2-րդ պատերազմից հետո ավերվել է Մեծ թաղերի գլխավոր գերեզմանոցը, Սղնախի գերեզմանատունն ու Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին»․ Caucasus Heritage Watch-ի համաղեկավար

Դեկտեմբեր 13,2022 16:30

«ԼՂ երկրորդ պատերազմից հետո 6 հաստատված ոչնչացված տեղամաս ենք արձանագրել, 7 հաստատված վնասված հատվածներ, 17 վնասված տեղանք»,- «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա 4-րդ գլոբալ ֆորումի «Նորագույն տեխնոլոգիաները և մշակութային ժառանգության պաշտպանությունը ցեղասպանության կանխարգելման և հետցեղասպանական վերականգնման համատեքստում» թեմատիկ քննարկման ժամանակ ահազանգեց Քորնելլի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետի ասոցացված պրոֆեսոր, Caucasus Heritage Watch-ի համաղեկավար Լորի Խաչադուրյանը։

Սա գլոբալ ֆորումի վերջին թեմատիկ քննարկումն է։

Պրոֆեսորը նշեց, թե արբանյակային տեխնոլոգիան ինչ հնարավորություն է ստեղծում մշակութային ցեղասպանությունը և դրա ջնջման փաստն արձանագրելու և կանխելու հարցում։ Օգտագործելով իր սեփական հետազոտության արդյունքները՝ նա ասաց․«2020-ին գործընկերներիս հետ հիմնադրեցինք հետազոտական նախաձեռնություն, որը կոչվում է Caucasus Heritage Watch, կայք՝ https://caucasusheritage.cornell.edu/։ Մեր հիմնական առաքելությունն է փաստագրել վտանգված մշակութային ժառանգությունը հատկապես ԼՂ հակամարտության խաչմերուկում հայտնված մշակութային ժառանգության օրինակով։ Մենք այսպես կոչված մշակութային ժառանգության դատաբժշկական փորձաքննություն ենք իրականացնում»։

Նա հայտնեց, որ իրենց պատմագիտական հետազոտությունը փաստում է մշակութային ժառանգության փոփոխվող վիճակը՝ ըստ տարիների։ Այնուհետև մանրամասնեց․ «Օգտագործում ենք արբանյակային առաջադրանքը և վերահսկում հարյուրավոր հուշարձանների վիճակը Ադրբեջանի տարածքում 44-օրյա պատերազմից հետո։ Մենք ավարտեցինք նաև Նախիջևանում ուսումնասիրությունը միջնադարյան և վաղ ժամանակների հայկական ժառանգության բոլոր հիմնական վայրերի հետ կապված, տեղաբաշխել ենք դրանք, արբանյակային պատկերներ ենք օգտագործել, գնահատել դրանց վիճակը տեղում՝ համեմատության միջոցով։ Շատ դեպքերում այն վայրում, որտեղ հայկական հուշարձան է եղել, այժմ դատարկ հող է։ Հինգ դեպքում՝ որպես խորհրդանշական բռնության ակտեր մզկիթներ կամ այլ պաշտոնական շենքեր, ազգային հուշարձաններ են կանգնեցվել։ Օրինակ՝ Նախիջևանի Սուրբ Թովմայի վանքը։ Վանքը տեսանելի է 1973-ի արբանյակային պատկերով, իսկ 2000-ին Սուրբ Թովմայի վանքն այլևս չկա, մնացել էր միայն պարսպապատը, իսկ 2021-ին տեսնում ենք մզկիթը, որը նույն տեղում կառուցվել է 2014-ին։ Ապշեցուցիչ են այն փաստերը, երբ Ադրբեջանը բուլդոզերներով հեռացնում է հայկական մշակութային ժառանգության կոթողները։ Սա երևույթ է, որը վկայում է նրանց նախանձախնդրության մասին ջնջելու հայկական ամեն բան։ Օրինակ՝ նոր Փարադաշ եկեղեցին։ 2021-ի կատարված արբանյակային լուսանկարով՝ արդեն ավերակների է վերածվել հարակից գյուղի հետ միասին։ 2009-ին ավերիչ խմբերը մտել էին ավերված գյուղ՝ վերացնելու եկեղեցու ավերակներն անգամ։ Արբանյակային վկայությունները ցույց են տալիս, որ 1997-2011-ի ընթացքում Նախիջևանի հայկական մշակութային ժառանգությունը գրեթե ամբողջությամբ ջնջվել է։ Ամբողջովին վերացումը հստակորեն ցույց է տալիս, որ համակարգային, պետության կողմից հովանավորվող արշավ է՝ վերացնելու հայկական համայնքային և կրոնական բոլոր օբյեկտները, հետևաբար հենց հայերին տարածաշրջանից»։

Լորի Խաչադուրյանը նաև նշեց, որ վերահսկում են հայկական մշակութային ժառանգության այն օբյեկտները, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել արցախյան 44-օրյա պատերազմից հետո ու ահազանգեց․ «Արդեն պետք է պարզ լինի, թե ինչու է անհրաժեշտ մոնիտորինգի կամ նման ծրագիրը։ Լուրջ հիմքեր կան վախենալու, որ Նախիջևանում մշակութային ջնջման ձևանմուշը ԼՂ տարածաշրջանում ևս կիրականացվի։ Այս աշխատանքի համար մենք օգտագործում ենք արբանյակային պատկերներն՝ ըստ անհրաժեշտության տարվա տարբեր ժամանակահատվածներում։ Թարմացված տեղեկատվություն է տրամադրվում ավելի քան 250 հայկական մշակութային ժառանգության օբյեկտների մասին։ Համեմատում ենք ամենավերջին պատկերները յուրաքանչյուր փոփոխություն հայտնաբերելու համար։ Ամփոփվում են վնասված, ոչնչացված, վտանգների ենթակա ժառանգության օբյեկտները։ Զեկույցներով ենք հանդես գալիս։ Դրանք հասանելի են մեր կայքում։ Այս պահին կան մոտ երեք ոլորտներ, որտեղ առավել տեսանելի են հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնասները 2020-ի պատերազմից հետո․ Շուշիում և դրա շրջակայքում, ԼՂ հարավային մասում, որտեղ նոր ճանապարհներ են կառուցվում։ Նկատել ենք նաև Լաչինի շրջանում նոր լուրջ սպառնալիքներ։ Մեծ թաղեր քաղաքի գլխավոր գերեզմանոցն է ավերվել ամիսների ընթացքում, Սղնախում 18-րդ դարի գերեզմանատունն է 2021-ի հունիսին վերացվել, հենց այս ամառ փաստագրեցինք Մոխրենիսում 18-19 դարերի Սուրբ Սարգիս եկեղեցու ավերումը շրջակա գյուղի հետ միասին։ Այս գերեզմանատներն ու այս եկեղեցին հայերն օգտագործել են նախքան վերջին պատերազմից հետո բնակչության տարհանելը։ Տեսնում ենք, որ շինարարական ակտիվ աշխատանքները հասնում են պատմամշակութային հուշարձանների հենց եզրին։ 2021-ի մայիսին շինարարական ավերիչ գործունեությունը հասել է հենց Սուրբ Աստվածածին եկեղեցուն»։

Լորի Խաչադուրյանը տեղեկացրեց՝ իրենց բոլոր զեկույցներն ուղարկում են ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան և ադրբեջանական ներկայացուցիչներին, Պետդեպարտամենտ, փաստաբանների, որոնք ներգրավված են ՀՀ-ն՝ ընդդեմ Ադրբեջանի գործում, որը գտնվում Արդարադատության միջազգային դատարանում։ Պրոֆեսորը հուսով է՝ լայնորեն տարածելով իրենց ուսումնասիրությունները՝ կարող են կանխել ապագայում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը։

Ամփոփելով վստահեցրեց․«Արբանյակային տեխնոլոգիաները հզոր գործիք են վտանգի տակ գտնվող մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար՝ կանխելով նման գործողությունների կրկնությունը։ Մասնագետների մուտքի ու հասանելիության խնդիրները ևս հաղթահարվում են։ Սակայն արբանյակային տեխնոլոգիաները բավարար չեն․ համայնքների և գիտնականների հետ պիտի համագործակցել, որպեսզի կատարված աշխատանքը հիմնված լինի պատմական հետազոտության վրա։ Արբանյակները տալիս են ապացույցներ, բայց ի վերջո առաջնորդներն ու հաստատությունները պետք է պատասխանատվություն կրեն մշակութային ցեղասպանության և ջնջման վնասների համար»։

Բաղդադի համալսարանի Իսլամական աշխարհում ցեղասպանության կանխարգելման հետազոտությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Սալահ ալ Ջաբերին ներկայացրեց, թե ինչպես են VR տեխնոլոգիաների միջոցով ներկայացրել եզդիների ցեղասպանությունը և դա ինչ ազդեցություն է թողել հանրության՝ հատկապես երիտասարդների շրջանում․ «Այս փորձի շնորհիվ անհատի գիտակցությունը տեղափոխվում է աֆեկտիվ սոցիալական հարաբերություններ։ Այն լավ գործիք է մարդու, անհատի խորքերը զննելու և կարեկցանքի, համակեցության, փոխըմբռնման արժեքներ ներդնելու համար։ Օրինակ՝ ուսանողներիցս մեկն ասաց, թե չէր գիտակցել՝ եզդիներն ինչից էին տուժել, մինչև այժմ չէր գիտակցում նրանց հետ կատարվածի դաժանության աստիճանը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031