Երկու օր շարունակ՝ դեկտեմբերի 10-ին և 11-ին, Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում տեղի է ունեցել «Buy Armenian» ընկերության Ամանորի սպասումով նախատոնական ցուցահանդես վաճառքը։ Այս օրերի ընթացքում Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները ամանորյա գնումներ են կատարել՝ սատարելով հայ արտադրողին՝ աջակցելով Հայաստանի տնտեսության բարելավմանը և հայկական ընկերություններին հնարավորություն ընձեռելով ընդլայնել վաճառքի աշխարհագրությունը, ինչպես նաև ապահովել հայկական ընկերությունների մուտքը ԱՄՆ շուկա։
Ինչպես փոխանցել են կազմակերպիչները՝ տոնավաճառի երկու օրն էլ բազմամարդ է եղել՝ մասնակիցներով լեցուն։ Ամանորի սպասումով ցուցահանդես վաճառքը հնարավորություն է տվել ոչ միայն գեղեցիկ ամանորյա գնումներ կատարելու, այլև ձեռք բերելու ապրանքներ ստեղծված անմիջապես Հայաստանում։
Կարդացեք նաև
Այցելուներից մեկը նշել է․ «Սա հրաշալի հնարավորություն էր, թե՛ հայկական շունչը զգալու և թե՛ մեր հայրենակիցներին, հայրենիքին աջակցելու համար»,- իսկ հարցին, թե որքա՞ն գումարի գնում է կատարել, պատասխանել է,- «550 դոլարի։ Ամանորյա նվերներով և՛ կուրախացնեմ մտերիմներիս, և՛ ես եմ ուրախ, որ նվերների գումարն ուղղվում է իմ հայրենակիցներին»։
Մեկ այլ այցելու ընդգծել է, որ սա ուղղակի վաճառք չէ, սա հենց տոն է օտարության մեջ ապրող մարդկանց համար, ովքեր կարոտ են հայրենիքի ամեն մի պատառին․ «Սա թող դառնա մշտական, հրաշալի էր կազմակերպված՝ հայկական բարձրակարգ երգերից սկսված ավարտված կոլորիիտով»,- ասել է նա։
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև հայտնի հյուրեր և նույնպես կատարել ամանորյա գնումները «Buy Armenian»-ի ջանքերով իրականացված «Ամանորի սպասումով» տոնավաճառից։ Միջոցառման մթնոլորտն ամբողջությամբ հայկական է դարձել, երբ գեղեցիկ կատարումներով, հայկական երգ ու պարով այն լցրել են հրավիրված հյուրերը։
Մամուլի հաղորդագրություն