«Մի շարք կարեւոր պատգամներ ենք ուղարկել միջազգային հանրությանը՝ կապված խաղաղապահ առաքելության եւ վերջինիս գործունեության հետ։ Նախագահը, ԱԺ նախագահը, ԱԳՆ-ն եւ մյուս կառույցները հետեւյալ առաջարկներն են հղել․ անհրաժեշտ է նախ ավելացնել խաղաղապահների թվաքանակը։ 1980 հոգին շփման գծի ողջ երկայնքով տեղակայելը քիչ թիվ է։ Ադրբեջանի այս թատերական ներխուժման դեմ կանգնած էին ընդամենը 2-3 խաղաղապահներ»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում այսօր անդրադառնալով ադրբեջանցի «բնապահպանների» եւ «Գորշ քայլեր» թուրքական ծայրահեղական կառույցի անդամների կողմից ՀՀ-ն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Բերձորի միջանցքի փակմանը՝ ասաց Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։
«Առաջարկել ենք նաեւ, որպեսզի ռուս խաղաղապահները ստանան միջազգային մանդատ՝ ցանկալի է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից։ Դա միջազգային լեգիտիմություն կտար՝ կանխելու նման սադրանքները, որովհետեւ այդ ուժերը չեն պարտադրում խաղաղություն, ինչպես, օրինակ, Կոսովոյում էր։ Իսկ միջազգային մանդատ ստանալով՝ նրանք նոր որակ կհաղորդեին իրենց առաքելությանը, եւ իրավիճակը գուցե ավելի կայուն կլիներ։ Փաստորեն, 2020թ․ նոյեմբերի իննի միջազգային պայմանավորվածության կոպտագույն խախտում է տեղի ունենում»,-շեշտեց Դավիթ Բաբայանը։
Նրա փոխանցմամբ՝ Արցախի իշխանությունը ՌԴ խաղաղապահների միջոցով շփումների մեջ է, եւ համապատասխան կառույցների ներկայացուցիչները դեպքի վայրում են՝ զբաղվելու հարցի հանգուցալուծմամբ։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ