Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության գնդապետ. «Ծայրահեղ վիճակ է, բայց մի բան ակնհայտ է. հայրենիքի փրկության համար հիասթափվել չենք կարող»

Դեկտեմբեր 13,2022 15:50

Ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում խոսելով փաստացի պատանդառված Արցախի եւ Հայաստանի անվտանգային համակարգերի գրեթե զրոյացված վիճակի մասին՝ ասաց. «Մենք շատ վաղուցվանից ասել ենք, որ սա վերջն է: Բայց պարզվում է, որ վերջը դեռ շարունակվում է: Այդ միջազգային դիտորդներն ի՞նչ արեցին: Երկու ամիս սահմաններում էին ու երկու ամիս անընդհատ կրակոցներ: Իրենց դերը, նշանակությունը ո՞րն էր: Նայում ենք բոլոր հրապարակումները: Ծայրահեղ հիասթափություն կա, թե էլ ի՞նչ անենք: Բայց մի բան ակնհայտ է. հայրենիքի փրկության համար հիասթափվել չենք կարող:

Այս սուբյեկտը ամեն անգամ, հենց լարվածություն է առաջանում, մի ստոր միտք, մի ստոր գործողություն է գցում հասարակության մեջ, ձնագնդի պես մեծացնում: Բայց ինքն իր գործն է անում:

Հիմա ցեղասպանության հանցագործությունների դեմ ֆորումի ժամանակ նա ասում է, որ չի վիրավորվում, որ իրեն թուրք են ասում: Ազգություն չունեցող սուբյեկտը փորձում է ազգերի խաղաղության եւ համերաշխության մասին խոսքեր ասել: Էրդողանը հայ բառից վիրավորվում ու միջազգային ասպարեզում հայտարարում է, որ իրեն վիրավորել են հայ ասելով, այս մարդը միջազգային ֆորումի ժամանակ հայտարարում է, որ ինքը չի վիրավորվում, որ իրեն թուրք են ասում: Եվ ինչի՞ պետք է վիրավորվի: Նրան թուրք ասում են 5 հազարից ավելի հայ հրաշք երիտասարդ տղաների զոհելու, 12 հազարից ավելիին հաշմելու, Հայաստանի տարածքը տալու, մեր Արցախի Հանրապետությունը կործանելու եւ թուրքին հանձնելու համար: Նրան ավելի ծանր վիրավորանքներ են տվել: Բայց մարդը վիրավորվելու համար պետք է արժանապատվություն, ժողովուրդն ասում է՝ նամուս պետք է ունենա: Սյունյաց ողջույններից սկսած՝ ամեն ինչը տարածեցին նրա ու ոչ միայն նրա նկատմամբ: Արժանապատվություն ունեցող մարդը երես չէր ունենա՝ դուրս գալու փողոց: Սա առավոտյան լուսաբացին կնոջ հետ դուրս է գալիս փողոց, թե տեսեք, ես քայլում եմ: Այդպես նա ցույց է տալիս իր խեղճությունը, անօգնական վիճակը եւ վախերը:

Այդ ֆորումի ժամանակ ավելի վտանգավոր միտք էլ հնչեցրեց: Ասում է՝ Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը ունեն միմյանց կարիքը: Ժամանակին ի՞նչ կոչ էր անում: Ասում էր, թե Արցախի հարցում պետք այնպիսի որոշում կայացվի, որ ձեռնտու լինի Ադրբեջանի, Հայաստանի եւ Արցախի ժողովուրդներին:

Մենք տարիներ շարունակ ասում ենք, որ սա ամբողջությամբ ձեռք է քաշել Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունն էլ կործանման է տանում: Ու մինչեւ այսօր մարդիկ դեռ քնած են: Իսկ ամենավտանգավոր ստորությունն այն է, որ սրանք ամեն ինչ բարդում են ռուսական խաղաղապահների վրա: Ինքը իր տունը չի պահում, ասում է՝ ռուս խաղաղապահներն են մեղավոր, նրանց վերահսկողության գոտում է տեղի ունեցել: Մենք այնքան էլ գոհ չենք խաղաղապահների գործողություններից, բայց սրանց վերջնական նպատակը խաղաղապահներին դուրս բերելն է:

Այն խառնամբոխը, որ հավաքվել է Լաչինում, բնապահպաննե՞ր են: Իհարկե, ոչ: Ադրբեջանի իշխանության կողմից կազմակերպված զինված հարձակում է սահմանի վրա եւ հումանիտար աղետ է Արցախի համար: Իսկ Հայաստանում իշխանություն կոչվածը լռում է ու ձայն չի բարձրացնում: Ավելի վատ բան: Արցախի Արայիկ Հարությունյան կոչեցյալը ԱԽ նիստ է անում ու կոչ անում ռուսական խաղաղապահ ուժերին: Ինքը ոչ մի քայլ չի անում: Նույնիսկ չի էլ փորձում դիմել հայկական իշխանություններին, որ միջոցներ ձեռնարկեն:

Ցրտաշունչ ձմեռ է սպասվում: Ի՞նչ է լինելու Արցախի ու արցախցու հարցը: Իսկ վարչապետը դեկտեմբերի 3-ին ծանր զինտեխնիկա է դուրս բերում Արցախից, որպեսզի Ալիեւի հանձնարարությունը կատարի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031