«Ադրբեջանը հերթական անգամ կաթվածահար է ուզում անել Արցախը։ Արցախը մարտնչում է եւ շարունակելու է։ Ողջ հայությանը կոչ եմ անում միասնական ջանքերով մեր ձայնը լսելի դարձնել։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում քայլեր ձեռնարկել եւ զսպել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը եւ ամեն ինչ անել, որպեսզի ճանապարհը բացվի»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում այսօր անդրադառնալով ադրբեջանցի «բնապահպանների» եւ «Գորշ քայլեր» թուրքական ծայրահեղական կառույցի անդամների կողմից ՀՀ-ն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Բերձորի միջանցքի փակմանը՝ ասաց Արցախի հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:
Շվեդիայից մի լրագրող տեսակապով հետաքրքրվեց՝ Արցախն ի՞նչ է ակնկալում ԵՄ-ից՝ հաշվի առնելով, որ վերջինիս դիտորդական առաքելության ժամկետը չի երկարաձգվել։ Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Ակնկալում ենք Եվրամիությունից, որ համապատասխան գնահատական կտա Ադրբեջանի քայլերին, որովհետեւ տեղի է ունենում մարդասիրական աղետ՝ ցեղասպան քաղաքականության դրսեւորում։ Եվրոպայի մի շարք կառույցների մենք արդեն ուղարկել ենք նամակներ՝ հույս ունենալով, որ կոնկրետ քայլեր կձեռնարկեն, կլինեն հասցեական գնահատականներ եւ պատժամիջոցներ՝ Ադրբեջանի հանդեպ։ Անտարբերությունն ամենավտանգավոր երեւույթներից է»։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ նկատեց՝ ԵՄ-ն մարդու իրավունքների եւ արժեքների վրա հիմնված կառույց է, բայց, ցավալիորեն, մինչեւ այս պահը գնահատական չի տվել Ադրբեջանի նման հանցավոր գործողություններին․ «Աշխարհի բոլոր կետերում մարդու իրավունքները տարածող կառույցն առաջինը պետք է կանգնի դրանց թիկունքին։ ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի հանդեպ՝ արցախցիների իրավունքներն ամենակոպիտ ձեւով ոտնահարելու համար»։
Ֆրանսիայից մի լրագրող էլ հարցրեց՝ ունե՞ք հիմքեր ենթադրելու, որ Բերձորի միջանցքի փակումը կարող է հանգեցնել ավելի լայնածավալ գործողությունների եւ հետեւանքների։ Դավիթ Բաբայանը նախ նշեց․ «Ավելի քան մեկ օր է, որ Արցախն ամբողջությամբ շրջափակման մեջ է։ Ուստի սա արդեն իսկ տոտալ շրջափակում է։ Ձեր հարցը կախված է միջազգային հանրության համապատասխան արձագանքից։ Եթե չլինի արձագանք, եթե ոչ մի շահագրգռվածություն եւ կարեկցանք չլինի Արցախի ժողովրդի հանդեպ, ապա սա կարող է բերել նորանոր զարգացումների։ Եթե ոչ հիմա, ապա հաջորդ անգամ կամ ավելի ուշ։ Անպատժելիությունը խթանում է ագրեսիան»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ