«Փաստացի, Արցախի 120 000 բնակիչներ շրջափակման մեջ են։ Շեշտեմ, որ Արցախը չունի նաեւ օդային հաղորդակցության հնարավորություն։ Միջազգային իրավունքն ամրագրում է, որ կենսաապահովման պայմանները չպետք է խաթարվեն, մինչդեռ Արցախում ապրողների ամենատարրական իրավունքները ոտնահարված են արդեն մեկ օր։ Սա անձամբ Ադրբեջանի նախագահի ուղղորդմամբ եւ հրահանգներով է արվում»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում այսօր անդրադառնալով ադրբեջանցի «բնապահպանների» եւ «Գորշ քայլեր» թուրքական ծայրահեղական կառույցի անդամների կողմից ՀՀ-ն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Բերձորի միջանցքի փակմանը՝ ասաց Արցախի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նրա վստահեցրեց, որ Ադրբեջանի՝ բնապահպանական հարցերի թեզը կեղծ է․ «Տեղեկություն կա, որ ճանապարհը փակողները հիմնականում ուղղորդված են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Նրանք, այդ թվում՝ հատուկ ծառայությունների աշխատակիցներ են»։
ՄԻՊ-ը նշեց, որ արդեն մեկ օր դադարեցված է սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ․ «Մենք ահազանգեր ենք ստանում, որ դեղորայքային պաշարները կհերիքեն մի քանի օր։ Եթե սա շարունակվի, լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու։ Նույնը եւ սննդամթերքի, բենզինի, դիզվառելիքի մատակարարումները։ 1100 մարդ այս պահին մնացել է ճանապարհներին՝ ցուրտ պայմաններում, այդ թվում՝ 270 երեխաներ, որոնք կտրված են իրենց ընտանիքներից։ Սա Ադրբեջանի էթնիկ զտման, ցեղասպան քաղաքականության հերթական բաղադրիչն է, որն իրականացվում է հետեւողական եւ համակարգված։ Սա հրադադարի ռեժիմի եւ պայմանավորվածությունների դիտավորյալ խաթարում է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ