Եզդիները նշում են Կարմիր Սըլթան Էզիդի տոնը: «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը նախ շնորհավորեց համայն աշխարհի եզդիներին տոնի կապակցությամբ, ապա ասաց, որ տոնի պատրաստությունն արդեն սկսվել է։ Նա տեղեկացրեց, որ տոնը սկսվում է յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 13-ից հետո։ Երեքշաբթիից մինչեւ հինգշաբթի եզդիները ծոմ են պահում, իսկ ուրբաթ օրը նշվում է բուն տոնը։
«Հաշվարկներն իրականացնում ենք հին տոմարով, այսինքն՝ եզդիական օրացույցով, ուստի տոնի օրերը միշտ շարժական են»,-ասաց Խդր Հաջոյանը։ Հավելեց, որ տոնից առաջ՝ երկուշաբթի օրը հոգեւորականի աղոթքի ներքո իրականացվում է հատուկ մատաղի արարողակարգ՝ ի նշան Կարմիր Սըլթան Էզիդի գալստի։
Նրա խոսքով, տոնի գլխավոր խորհուրդներից մեկը միասնության քարոզն է․ «Մենք այս տոնն ընկալում ենք իբրեւ մեր նախահոր՝ Կարմիր Սըլթան Էզիդիի, որը նաեւ այլ ավանդապատումներում, աղոթքներում նշվում է որպես արքա, թագավոր, մեր գերագույն սրբերից մեկի օր, երբեմն նաեւ այդ անունը կապում են Աստծո 3003 անուններից մեկի հետ, որը իջնում է Երկիր, շրջում ժողովրդի մեջ խաղաղություն հաստատելու։
Իսկ խաղաղությունն ինչպե՞ս է հաստատվում․․․Տոնի օրերին, այն եզդիները, որոնք գժտված, խռոված են եղել միմյանցից, պարտադիր պետք է հաշվեն: Իսկ նրանք, ովքեր չեն հաշտվում, ըստ եզդիական, կրոնական դիցաբանության՝ եզդի կոչվելու իրավունք չունեն»։ Խդր Հաջոյանի խոսքով, որոշ դեպքերում, որոշ ընտանիքներ հաշտեցվում են հոգեւորականների միջոցով։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ