Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց ՀՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձինք, հաստատապես իմանալով ընկերությունում գրանցված գովազդի և մարքեթինգի գծով մասնագետ Ս․ Գ-ի, պահակներ Ս․ Վ-ի եւ Կ․ Թ․-ի կողմից 2022թ. հուլիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու հանգամանքների մասին, վերջիններիս անվամբ հաշվարկել և ելքագրել են աշխատավարձի գումարները։ Ըստ նույն աղբյուրի, արդյունքում հափշտակվել է 974.000 դրամ:
Առերևույթ հանցանքի մասին կազմված պատշաճ հաղորդումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար փորձեց կապվել Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի տնօրեն Գարիկ Գրիգորյանի հետ։ Մարզադպրոցից ասացին, որ տնօրենը տեղում չէ։ Կապվեցինք փոխտնօրեն Ֆանարջյանի հետ։ Նա էլ պատասխանեց, որ մեկնաբանություն տալու իրավասություն չունի եւ չի ցանկանում որեւէ հարցազրույց տալ։
Լուսանկարը՝ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի ֆեյսբուքյան էջից