2020թ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, երբ մարդկանց շարժը սահմանափակվեց ամբողջ աշխարհում, ընտանեկան բռնությունները սկսեցին զարգանալ, ուստի բանտային և պրոբացիայի ծառայությունները ուշադրությունները վերահսկողության մեթոդների իմաստով սևեռեցին ընտանեկան բռնությունների խնդրի արձագանքմանը: Այս մասին հայտնեց «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանը (լուսանկարում)՝ այսօր «Մեդիա» կենտրոնում կազմակերպված «Պատժից ազատման մեխանիզմները համավարակների ժամանակ» թեմայով քննարկմանը:
Նրա խոսքով, հաշվի առնելով ծագած բազմաթիվ խնդիրները՝ նախագծվեցին բազմաթիվ ծրագրեր, որոնք վերաբերվում էին ընտանեկան բռնության խնդիրներին:
«Պատճառականությունները շատ տարբեր են, դեռևս չկան ազգային հիմքով կամ տարբեր պետությունների մետա-անալիզներ, թե ինչից սկսեցին ավելանալ ընտանեկան բռնությունները: Ընտանեկան հոգեբանությունը, սոցիալական հոգեբանությունը այստեղ անելիքներ ունեն և անում են, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչու «ընտանիքին փակելու» պարագայում մեծանում են ընտանեկան բռնությունների դեպքերը, այդ հետազոտությունը շատ կարևոր է անել նաև Հայաստանում: Հասարակությունը տեսնում է միայն վերջին կետը, երբ մարդուն պատժում են , բայց այստեղ ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծվի՝ դա սոցիալական մարմինների և քրեական արդարադատության համագործակցությունն է: Կարևոր խնդիրը, որ պետք է լուծեն՝ դա համայնքներում սոցիալական աշխատանքների ինստիտուտներն և սոցիալական աշխատողներն են, ովքեր պետք է մեզ պատասխան տան, թե սոցիալական ինչ խմբերի, ինչ տարիքի անձինք են, ինչ պայմաններում են ապրում, ինչպես է ստեղծվում ընտանիքը, ինչպիսի բռնությունների շղթա է տեղի ունենում, քանի որ ընտանեկան բռնությունը շատ տարբերվում է մյուս բռնություններից, այն շատ երկար նախապատմություն է ունենում: Ընտանեկան բռնության այս շրջափուլում շատ կարևոր է իմանալ, թե ինչպես ենք նախնական նույնականացումն անում, որպեսզի գործը չհասնի քրեական արդարադատության ոլորտ»,-նշեց փորձագետը:
Ինչ վերաբերվում է կովիդով պայմանավորված ազատազրկման ձևով խափանման միջոցներին և ազատազրկման ձևով պատժամիջոցներին՝ ապա բանախոսի խոսքով, դեռևս 2020թ մարտի 14-ից, ոլորտի միջազգային խոշոր կազմակերպությունները՝ որոշում կայացնողներն ու օրակարգ թելադրողները դիտարկումներով պետք է հնարավորինս նվազեցնել դեպի բանտ մուտքը և հնարավորինս բացել բանտի դռները դեպի հասարակություն՝ հատկապես՝ 50-ից բարձր տարիք ունեցող անձանց, քրոնիկ հիվանդություններով անձանց, կրծքով կերակրող մայրերի և հղիներին:
Կարդացեք նաև
Քննարկմանը մասնակցում էր նաև «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի