Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեշկ» ունենալը լավ բան է

Դեկտեմբեր 13,2022 14:07
tagavor

Հայկական, լավ դե, վերցնենք գլոբալ, Սովետի ուրվականի հետ դեռ համակեցվող հասարակություններին պետք չի բացատրել, թե ինչ բան «մեշկ»-ը:

«Մեշկը» արժեհամակարգ է՝ ապրելակերպ: «Մեշկը» հաջողակ դառնալու ու ցանկացած դուռ կոշիկով բացելու հզոր ուժ է: «Մեշկը», մեր իրականությունում, առիթի դեպքում պատժվելուց վարպետորեն կատապուլտ անելու ամենահեշտ միջոցն է: Մի խոսքով՝ մեշկովին մեշկն ա տարել, անմեշկին բայրաքթարը:

Մի տասը օր, ինչ «Զվարթնոցում» տեղի ունեցած խայտառակ միջադեպի կապակցությամբ դես ու դեն էի վազվզում, հաճախ ինձ տրվող խորհուրդը այն էր, թե «մեշկ» ա պետք գտնել՝ հարցը լուծելու միակ ելքը դա է, քանի որ եթե «Զվարթնոցի» աշխատակից, ուղևորներին սիլլելու ու ուսով բրթելու վարպետ «քաջ» տղաները արդարացվում են, ուրեմն վերևներում «մեշկ» ունեն, իսկ վերևների ուժեղ «մեշկի» հակակշիռը, տրամաբանական է, էլ ավելի վերևներում գտնվող ու էլ ավելի ուժեղ «մեշկ» ունենալն է:

Ես, դոնկիխոտյան համառությամբ (թե ասա քո տարիքում ամոթ չի՞ դոնկիխոտյան համառությամբ ապրելը, տնաշեն), փորձում էի հակադարձել շրջապատիս, թե օրենքը, մամուլը ու լսարանի ռեզոնանսը ամենաազդեցիկ «մեշկից» էլ հզոր կարող են լինել, քանի որ հիմա ժամանակները այլ են:

Մենք ապրում ենք տեղեկատվական հասարակությունում, քարոզում էի ես խորհրդատուներիս ու, եթե Սովետական միությունում «մեշկերը»՝ ապահով թաքնված գրաքննության և անթափանց լռության երկաթյա վարագույրի հետևում, ճակատագրեր էին տնօրինում, ապա մերօրյա իրականության մեջ դա այդքան էլ հեշտ չէ, քանի որ մամուլը անդրադարձ է կատարել հիշյալ միջադեպին, միջադեպի ողջ պատկերը՝ նաև սոցիալական մեդիայի հարթակներում, հասարակության աչքի առաջ է դրվել և հասարակությունը իր բացասական վերաբերմունքն է արտահայտել կատարվածին:

Այսինքն, մեր աչքի առջև, մեր իսկ երազած ու պաշտած ժողովրդավարական հասարակության մոդել ի ցույց դնելու, որտեղ մարդը, նրա խնդիրն ու հասարակության պահանջը բուրգի գագաթին է, օրինակ է: Բայց, թերևս, ինքնախաբեությամբ չզբաղվենք: Մեզ իրականում նման հասարակարգ պետք չէ:

ՀՀ Ոստիկանության, ՀՀ քաղավիացիայի, ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության, «Զվարթնոցի» արձագանքը միջադեպին, առանց տողատակերի ապացուցեցին, որ այս պահին «մեշկ» ունենալու արժեհամակարգում ապրելը ավելի տաքուկ է ու ապահով՝ չնայած գարշահոտ լինելուն:

Վերջերս Մոսկվայում ներկա էի մի մասնավոր միջոցառման, որի ժամանակ, սեղանի շուրջ, մեր հայրենական պաշտոնյաներից մեկը, ի լսումն բոլորի, ռուսական միջավայրում հակադարձեց ինձ, թե «ես լրագրողներին չեմ սիրում»: Երևի կարմրեցի այդ պահին, բայց ժպիտով կատակին տվեցի:

Ինչո՞ւ մեզանում չեն սիրում, կամ լավ, սերը բարդ կատեգորիա է, ասենք հաշվի չեն նստում մամուլի հետ: Իսկ մամուլի հետ հաշվի չնստելը, բացահայտում չենք անում, ուղիղ համեմատական է լսարանի, հասարակության կարծիքի հետ հաշվի չնստելուն:

Քանզի լրագրողի ուղն ու ծուծ ունեցող ներկայիս հայկական իշխանությունները հրաշալի տեղյակ են, որ մեր երազած ժողովրդավարական հասարակարգում՝ մամուլը, այժմ արդեն նաև սոցիալական մամուլը, այն կարևորագույն խողովակներից մեկն է, որը միջոցով իշխանություններին են փոխանցվում հասարակության մեջ առկա խնդիրներն ու տրամադրությունները ու, եթե իշխանությունը մամուլի հետ հաշվի նստելու զայլա չունի, նշանակում է հասարակության տրամադրությունները նրա վեջը չեն: Ու ստացվում է, որ ժողովրդավարական հասարակարգ ձևավորելու խոստումները մեզանում առայժմ միայն իշխանափոխություններ իրականացնելու տեխնոլոգիա է, այդ իսկ պատճառով մամուլի ձայնը իշխանության մի ականջից մտնում մյուսով դուրս է գալիս և հետևաբար, լրագրողներին սիրելու առիթ չկա:

«Ինտիլիգենտ, կրթված մարդիկ, ովքեր ունեն քննադատ մտածելակերպ և, ուղղակի, դաստիարակված են ու քաղաքավարի՝ դադարել են հարգանք վայելել հասարակության մեջ: Նրանց սարսափելի դժվար է հաջողության հասնել մի մթնոլորտում, որտեղ իշխում է կիսագողական մաչոյությունը, երբ ցանկացած շփում հանգեցնում է շրջապատին սեփական պայծառափայլությունը ի ցույց դնելուն, այլ ոչ թե կառուցողական երկխոսությանը և համատեղ ելքեր գտնելու փորձերին»:

Այս մեջբերումը Ռուբեն Վարդանյանի և Նունե Ալեքյանի հեղինակած «Ճամփաբաժանին: Որոշումների ժամանակը» աշխատությունից է, որը լույս է տեսել 2018 թվականին: Դա այն պատմական ու ճակատագրական տարին էր, երբ առանց չափազանցության, հայ ժողովրդի (նաև սփյուռքում ապրող) գերակշռող մեծամասնությունը ոտքի կանգնեց վճռականությամբ, որպեսզի փոխի այն հասարակարգը, որտեղ «մաչոյությունն» ու «մեշկը» բացարձակ արժեքներ են դարձել և վստահեց, գնաց այն ուժի հետևից, որը Երևանի կաթվածահար փողոցներում խոստանում էր իրականացնել ժողովրդական զարթոնքի այդ երազանքը:

Անցել է երկար ու ձիգ հինգ տարի: Արդյոք իրենց սիրված, հարգված ու պաշտպանված են զգում ՀՀ հպարտ ու «անմեշկ» քաղաքացիները Հայաստանում:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031