Ոմանք դեռ այն կարծիքին են, որ Ռուսաստանը հատուկ պարտավորություններ ունի Հայաստանի առջեւ՝ անգամ, եթե դրանք հակոտնյա են Ռուսաստանի շահերին, իսկ մյուս հատվածի դատողությամբ՝ քանի որ Ռուսաստանն իր շահերով է շարժվում եւ անտեսում Հայաստանի շահերը, ուրեմն մեր թշնամին է, իսկ մեր բարեկամը Ռուսաստանի մրցակից Արեւմուտքն է:
Այսպիսի մտավոր ծուղակում հայտնված մարդիկ նույն սխալն են կրկնում, բայց հակառակ նշանով. հիմա էլ կարծում են, թե Արեւմուտքն է հանձնառու պաշտպանել մեր շահերը, եւ մի գիշերում դառնում են երդվյալ արեւմտապաշտներ: Այսպիսով՝ ե՛ւ արեւմտամետները, ե՛ւ ռուսամետները նույն սխեմատիկ ձեւով են մտածում՝ մշտական թշնամի ու մշտական բարեկամ որոնելով: Իրականում երկուսն էլ աղճատված մտածողության կրող են:
Օրինակ՝ Լեհաստանն Ուկրաինային սատարող թիվ մեկ երկիրն է, բայց արդյո՞ք լեհերը կցանկանան հարեւանությամբ ունենալ հզոր Ռուսաստանի դեմ պատերազմում հաղթած Ուկրաինա՝ ուժեղ բանակով, ում հետ տարածքային վեճ ունեն, թե՞ իրենց համար ցանկալի հարեւանը պատերազմի հետեւանքով թուլացած Ուկրաինան եւ նույնքան ուժասպառված Ռուսաստանն է: Անկասկած՝ վերջինը: Ցանկացած պետության կողքին ավելի ուժեղն ու հավակնոտը մշտական սպառնալիք է: Մեկ այլ օրինակ. մի՞թե Ռուսաստանի դեմ պայքարում դաշնակիցներ հանդիսացող Բրիտանիան ու Ֆրանսիան մի կողմ են դրել իրենց դարավոր մրցակցությունը եւ այլեւս հրաժարվել են Հարավային Կովկասում սեփական ազդեցության հաստատման նկրտումներից: Իհարկե՝ ոչ:
Շահերի համադրման ու հակադրման առումով նման օրինակներ կարելի է բերել նաեւ Մեծ Բրիտանիա-Թուրքիա, Ադրբեջան-Իրան եւ այլ երկրների հարաբերություններից: Իսկ ո՞րն է մեր հիմնական մոլորությունը. միջազգային կամ միջպետական հարաբերությունների կառուցման տրամաբանությունը մեզանում միշտ խեղաթյուրվում է, որովհետեւ հիմքում դրվում են պարզունակ, չաշխատող սխեմաներ եւ դրանց շուրջ քաղաքական դաշտի ու մամուլի կողմից հրամցվող սխալ ընկալումներ եւ ժամանակավրեպ մտավարժանքներ:
Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի acnis.am 2022թ.-ի 44-րդ համարում