Ակնհայտ է նաեւ այն, որ 44-օրյայից հետո Արցախի հանքերը (ոսկու եւ պղնձամոլիբդենային) տնտեսության շարժիչ ուժն են, եւ Բաքվի նպատակը այն փակել տալն է, որից հետո Արցախի՝ առանց այդ էլ թուլացած տնտեսությունը բառացիորեն կկանգնի աղետի եզրին։
Բացահայտ մի փաստ էլ կա, որին, սակայն, կարծես ուշադրություն չի դարձվում։ Համենայնդեպս՝ Երեւանը միջազգային հարթակները չի գործածել նշյալ խնդիրն արծարծելու, թշնամուն հակադարձելու: Իսկ թշնամին ամեն օր ապացուցում է, որ պատերազմը նոյեմբերի 9-ից հետո չի ավարտվել, ավելին՝ նա չափազանց անկեղծ է եւ ամեն օր է ասում, որ ինքն Արցախի հարցը լուծված է համարում եւ Հայաստանին էլ թույլ չի տա «վերականգնել իր ուժերը»։ Թշնամին ինքն իրեն կդավաճաներ, եթե չաներ հաջորդ քայլը։ Այն է՝ նա ոչ միայն յուրացրեց մեր տարածքները, այլեւ նոյեմբերի 9-ից հետո բազմիցս խոսեց ռեպարացիայի՝ ռազմատուգանքի մասին։ Պատահական չէ, որ նա Արցախի հանքերում օգտակար հանածոների «ապօրինի շահագործման» «մշտադիտարկում» է ուզում։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ ռազմատուգանք են պահանջելու Հայաստանից՝ տարիներ շարունակ «Ղարաբաղն օկուպացնելու», «Ղարաբաղը շահագործելու եւ օգտվելու համար»։
«Բնապահպանական» հիշյալ «շարժումը» առաջին կիրառական քայլերից է այս գործընթացի։ Որոշ փաստեր էլ ներկայացնենք, որոնք լույս կսփռեն այս ամբողջ պատկերին։ Այս օրերին հայկական սոցհարթակային տիրույթը (թելեգրամյան ալիքներ) բացահայտեց, թե ինչու են Արցախի հանքեր ցանկանում մտնել ադրբեջանական «բնապահպանները»։ Ըստ այդ տեղեկությունների, Ադրբեջանի նախագահ Ալիեւը հուլիսի 5-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի Արցախի հանքավայրերը շահագործման են հանձնվել բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությանը, Ալիեւը վերջինիս խոստացել է ապահովել հանքավայրեր ազատ մուտքը, հիմա էլ ամեն գնով փորձում է կատարել խոստումը։
Մի փոքր ավելի հետ գնանք՝ 2021 թ. հունիս։ Ընկերության հետ կապված համացանցային փնտրտուքը 2021 թ. հունիսի 17-ի թվագրությամբ մեզ մի նյութ «բերեց» «opendemocracy.net» կայքից՝ «Բացահայտվել են Մեծ Բրիտանիայի գործարար կապերը Լեռնային Ղարաբաղի հետ» վերնագրով (կայքին ընդհանրապես ուշադրություն չէինք դարձնի, եթե վերնագիրը չտեսնեինք,- Ա. Մ.)։ Ենթավերնագիրն էլ սա է՝ «Անցյալ տարվա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի ժամանակ Միացյալ Թագավորության կառավարությունն աջակցել է Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի բացմանը հանքարդյունաբերության համար» (բառացի թարգմանություն)։ Ըստ հրապարակման՝ «Բրիտանական կառավարությունն աջակցել է Լոնդոնի ցուցակում գտնվող հանքարդյունաբերական ընկերությանը, որը շահույթ է ստանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին պատերազմից»։ Այնուհետեւ նշվում է, թե Ադրբեջանում Միացյալ Թագավորության դեսպան Ջեյմս Շարփը հանդիպել է «Anglo Asian»-ի հետ հակամարտության ամենաթեժ պահին: Հանդիպումից հետո «Anglo Asian»-ը Շարփին ուղարկել է լրացուցիչ նամակ, որը «պարունակում էր տեղեկատվություն Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում ոսկու հանքավայրերի մասին»: Դեսպանը հետո թարմացում ստացավ «Anglo Asian»-ից ոսկու հանքում հետհրադադարի հետ կապված զգայուն զարգացումների մասին. էլփոստի խորագիրն էր՝ «Anglo Asian»-ը եւ հնարավորությունների երկիրը» (ի դեպ, սա այն ընկերությունն է, որ մշտապես ցանկացել է Արցախում հանքավայրեր շահագործել եւ տեղեկացված է հանքավայրերի պաշարներից,- Ա. Մ.)։
Մեկ փաստ էլ. Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատան պաշտոնյաները հանդիպել են «Anglo Asian Mining»-ի հետ 2020 թ. սեպտեմբերի 7-ին՝ «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ծանր բախումներից երեք շաբաթ առաջ» (նշյալ կայքն է այն անվանում ընդամենը ծանր բախում)։ Նույն տարվա հոկտեմբերի 27-ին արդեն «Anglo Asian»-ն իր ներդրողներին թարմացում է տարածել Ադրբեջանի կողմից «Զանգելանի ազատագրման» վերաբերյալ՝ հավելելով, որ բանակցություններ է վարում Ադրբեջանի կառավարության հետ տարածքի հետագա զարգացման շուրջ:
Մեծ Բրիտանիան մնում է Ադրբեջանում միակ խոշորագույն ներդրողը։ Չմոռանանք նավթի ու գազի ոլորտում BP-ի ներգրավվածությունը։ Շղթան ամբողջացնենք. «Anglo Asian»-ը Սոթքն էլ է տեսնում իր «հնարավորությունների երկրի» սահմաններում։
Ինչքանով ճիշտ կաշխատի հայկական կողմը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: