Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ժողովրդի դեմ պատերազմական հանցագործություններ գործադրած Ադրբեջանն այսօր մարդու իրավունքների պաշտպանության անհաջող բեմադրություններ է կազմակերպում. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 13,2022 11:23

Եթե նախորդ դարի 90-ականների սկզբին Արցախի ժողովրդին հաջողվեց հակազդել Բաքվի ագրեսիային՝ ազատագրելով ԼՂՀ-ի տարածքները եւ Արցախի հարակից պատմական այլ տարածքներ, ապա 44-օրյա պատերազմից հետո թյուրքական պետությունների եւ դաշնակից երկրների կոալիցիային հաջողվեց օկուպացնել Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը, եւ այսօր առաջնային նշանակություն է ստանում Մարդու իրավունքների միջազգային օրը նաեւ Արցախի ժողովրդի նկատմամբ կիրառված այդ հիմնարար արժեքների ոտնահարման փաստի մասին բարձրաձայնելը:

Արցախի Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը եւ պետնախարարը անկախության հռչակման օրը հանդես եկան ուղերձներով՝ վերահաստատելով արցախցու ինքնորոշման իրավունքի պաշտպանության եւ իրացման հարցում ժողովրդի հաստատակամությունը եւ վճռականությունը, սակայն անհրաժեշտ է, որ այդ կարեւոր փաստերը մեծ հնչեղություն ստանան միջազգային հարթակներում: Այս գործընթացում էական ներդրում են ունեցել եւ կարող են ունենալ սփյուռքի կառույցներն ու անհատ գործիչները: Ողջունելի եւ լիովին օրինաչափ է, որ այսօր արցախցին ամբողջովին իր ձեռքն է վերցրել սեփական իրավունքների պաշտպանության գործընթացը՝ դրանով ստիպելով Բաքվին նաեւ իր հետ նստել բանակցային սեղանի շուրջ, բայց համայն հայության եւ բարեկամ պետությունների աջակցությունն Արցախին առաջնային է մնում՝ արդարության պաշտպանության եւ այս բարդ հիմնահարցի լուծման ճանապարհին:

Այն դեպքում, երբ դեկտեմբերի 10-ի Արցախի Հանրապետության ինքնորոշման ակտերի ընդունման տարելիցները անհրաժեշտ միջազգային հնչեղություն չստացան՝ Բաքուն մեկ օր անց կազմակերպեց հակաքարոզչական կեղծ ակցիա՝ Ադրբեջանի տարբեր ծայրերից տեղափոխելով քաղաքացիական բնակչությանը, հատկապես՝ կանանց, եւ ցույց բեմադրելով: Թողնենք մի կողմ հարցը, որ պարզ չեղավ, թե ցուցարարները ՌԴ խաղաղապահների՞ դեմ են ակցիա անում, թե՞ Դրմբոնի ոսկու, պղնձի, մոլիբդենի հանքավայրի՝ հորինված բնապահպանական խնդիրների: Այստեղ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Ադրբեջանն է սկսել դիմել մասսայական տեսարանների գործիքին՝ իրեն ձեռնտու քաղաքական նպատակների շրջանակներում կեղծիք տարածելու համար: Արցախի ժողովրդի դեմ ագրեսիա եւ պատերազմական հանցագործություններ գործադրած Ադրբեջանն այսօր մարդու իրավունքների պաշտպանության անհաջող բեմադրություններ է կազմակերպում:

Տարածաշրջանի պատմությանը քաջածանոթ ցանկացած անհատ լավ է հասկանում ադրբեջանական կեղծիքի նրբերանգները, սակայն վերջին զարգացումները հրամայական են դարձնում ոչ միայն Արցախի ժողովրդի իրավունքների համար քարոզչական պատերազմում ներգրավվելը, այլեւ թափ հավաքող ադրբեջանական քարոզչությանը հակազդելը: Սրա համար պետք է մեկտեղվի հայկական եւ բարեկամ ժողովուրդների ներուժը, ինչը կկանխի ադրբեջանական հերթական սադրանքները, քանի որ, հայտնի գործելաոճի համաձայն, Բաքուն սովորաբար քարոզչական կեղծիքների է դիմում ագրեսիաների գործադրումներից առաջ:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031