Ադրբեջանը չի դադարում սադրանքների շարքը: Վերջին շրջանում բնապահպանական պատճառաբանությամբ փորձում են մուտք գործել Արցախ, ավելին՝ հերթական անգամ նույն պատճառաբանությամբ փակում Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին: Հավելենք նաև, որ, այսպես կոչված, իբր լրագրողների, բլոգերների կողմից ևս Արցախ մուտք գործելու փորձեր եղան, որոնք կանխվեցին: Ադրբեջանական կողմի՝ Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր մուտք գործելու ծրագրերը ևս կանխվեցին: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է սադրանքներին՝ շեշտելով Ադրբեջանի հիմնական նպատակների մասին:
«Ադրբեջանը փորձում է Արցախի կապը կտրել ՀՀ-ից, ինչը ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար են փորձում իրականացնել: Ու թեպետ այս էտապում նշվածը չեն իրականացնում ռազմական միջոցներով, բայց ինչ-որ պահի դա ևս չի բացառվում: Սա համեմատաբար վերջերս գործածության մեջ մտած հիբրիդային պատերազմի օրինակ է: Այսինքն, իրենք դիմում են թե՛ ռազմական գործողությունների, թե՛ իրավական, թե՛ տնտեսական ճնշումների: Այս ամենը միասին ուղղված է Արցախը ՀՀ-ից կտրելուն և, ի վերջո, հայաթափելուն»,-ասաց ռազմական փորձագետը:
Կ. Վրթանեսյանը հավելեց՝ եռակողմ հայտարարության մեջ չկային նաև կետեր այն մասին, որ պետք է Սյունիքի անվտանգությունն ապահովող բարձունքներ ևս հանձնվեն: «Ստացվում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերն Ադրբեջանը բազմիցս է խախտել. ի՞նչ պայմանագրի մասին կարող է խոսվել այս իրավիճակում: Անունը դնում են խաղաղության պայմանագիր, բայց իրականում Հայաստանը թղթով նոր բաներ է հանձնելու, օրինակ՝ տարածքներ: Նաև ինչ-որ պարտավորություններ է իր վրա վերցնելու այն դեպքում, երբ Ադրբեջանն իր վրա վերցրած որևէ պարտավորություն չի կատարում: Մեծ հաշվով, քանի դեռ Հայաստանը չի վերականգնել իր զինված ուժերը, չի անցել պաշտպանության ռեժիմին, մենք վտանգի մեջ ենք լինելու: Այս պայմաններում մենք արդեն իսկ վտանգի մեջ ենք: Փոքր քայլերով, երբեմն նաև բացահայտ ռազմական գործողություններով թշնամին օրեցօր օղակ է ստեղծում: Մենք պաշարված ամրոցի վիճակում ենք:
Ընդ որում, այդ ամրոցի մի մասն էլ, ըստ էության, կտրել են հիմնական պաշտպանական մասից: Այսինքն, պաշարված ամրոցի՝ մի աշտարակից մյուս աշտարակ անցումները գրավել են: Պաշարված ամրոց ասվածը հաճախ է օգտագործվում գեղարվեստական խոսքի մեջ, բայց մենք բառի բուն իմաստով ենք այդ վիճակում: Ընդ որում, այն մարդիկ, ովքեր, ղեկավար լինելով, պարտավոր էին կազմակերպել այդ ամրոցի պաշտպանությունը, ըստ էության, զբաղված են ամրոցի դարպասները բացելով, պատերը քանդելով, զորքը զինաթափելով և այլն: Քանի դեռ պաշտպանություն չի կազմակերպվում, քանի դեռ ներսից պաշտպանությունը քանդողները հայտարարում են, թե «անպաշտպան լինելով ենք պաշտպանված», որևէ լավ բան սպասել չենք կարող»,-ասաց նա՝ շեշտելով, որ թեպետ այդ մասին բաց չի ասվում, բայց, ըստ էության, հենց այդ «համոզմունքով» են առաջնորդվում:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։