Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. Մենք չենք վերադարձել խորհրդարան, ուղղակի վերացրել ենք բոյկոտը. «Հրապարակ»

Դեկտեմբեր 13,2022 10:56

Սեփական օրակարգով խորհրդարան վերադարձած ու իշխանական օրակարգերին երբեմն կողմ քվեարկող ընդդիմությունը, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանի հասցեին ամենավերջին բառերն էր ասում՝ դավաճան, կապիտուլյանտ, հողատու եւ այլն, այսօր նկատելիորեն խուսափում է կոշտ գնահատականներ հնչեցնելուց։ Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, թե իրենք դիմում են հղել դատախազություն, որ պարզեն՝ դավաճանություն եղե՞լ է, թե՞ ոչ, եւ այն դեռ ընթացք չի ստացել։  Զրուցեցինք խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ։

Ադրբեջանցիները նորից փակել են ճանապարհը, ի՞նչ պետք է անեն իշխանությունը եւ ընդդիմությունը, որ կարգավորվի խնդիրը։

– Նախ հիշենք, ու Խորհրդային Միության ժամանակահատվածում Ադրբեջանի կողմնակալ քաղաքականության պատճառով Արցախի բոլոր ենթակառուցվածքներն անցել են ադրբեջանական բնակավայրերով, եւ դրանք արցախյան հիմնախնդրի ծագման սկզբնական փուլում վերածվել են ռազմական խոշոր հենակետերի։ Եվ Արցախը պայքարում էր երկու ճակատով․ առաջինը ներքին ռազմական հենակետերն էին, երկրորդը՝ դրսի։ Երբ ներքին ռազմական հենակետերը չեզոքացվեցին, մեկ ճակատով դյուրին դարձավ պայքարելը։ Սա ինչի՞ համար եմ ասում՝ որովհետեւ նույն Շուշիի ռազմական հենակետերի չեզոքացմամբ ճանապարհ բացվեց Հայաստան՝ հենց էդ նույն Լաչինի միջանցքը։ Իսկ ի՞նչ է անում Ադրբեջանը։ 44-օրյա պատերազմից հետո կամաց-կամաց սեղմում է օղակը, այդ օղակի սեղմելու դեմ երկու ճանապարհ մենք ունենք։ Պետք է լուրջ աշխատանք տարվի ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում՝ երկու երաշխիքների ձեւավորման ուղղությամբ։ Առաջինը մեր ներքին անվտանգության երաշխիքներն են, էստեղ լուրջ աշխատանք պետք է տարվի՝ հիմնավորելու Արցախի պաշտպանության բանակի ներկայությունը։

Ընդդիմությանը քննադատում են, որ վերադարձել է ԱԺ՝ մասնակցում է նիստերին, կառուցողական քննարկումների մեջ է մտնում, իշխանության բերած որոշ նախագծերին անգամ կողմ քվեարկում։ Այդ քայլերով մոտենո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։

– Մենք չենք վերադարձել խորհրդարան, վերացրել ենք այն բոյկոտը, քանի որ որոշում էինք կայացրել՝ նիստերը բոյկոտել։ Մենք շարունակում ենք մեր գործունեությունն ԱԺ-ում մեր օրակարգով՝ այն կարեւոր հարցերում, որոնք վերաբերում են անվտանգությանը, արտաքին հարաբերություններին։ Էդ կառուցողական քննարկումները, որ ասում եք, Դուք երբեւիցե չեք տեսնի։ Վերջին քննարկումը վերաբերում է ներքին գործերի նախարարությանը եւ ՊՊԾ-ին, որոնք կարեւոր հարցեր են, եւ մենք մեր տեսակետն արտահայտել ենք։ Ասում եք՝ հարցուպատասխանին չենք մասնակցում․․․ Հարցուպատասխանին անիմաստ է մասնակցելը, որովհետեւ, մեկ է՝ հարցուպատասխանի կարեւոր շահառուն ՀՀ վարչապետն է, ինքը միշտ պատասխաններով մանիպուլացնում է կամ գցում է նախկինների վրա, կամ ոչ ճիշտ պատասխաններ է տալիս։

Ասում էիք, թե դավաճանություն է տեղի ունեցել Հայաստանի, Արցախի նկատմամբ, որ այս իշխանությունը, Փաշինյանը դավաճանել են մեր երկրին։

– Էդ հարցով մենք համապատասխան գործընթացներ ենք սկսել։ Այն մարմինները, որոնք դրա պատասխանատուն են, պետք է համապատասխան եզրահանգման գան։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031