Լրահոս
Օրվա լրահոսը

Գտնվելով ճանապարհների կիզակետում՝ Հայաստանը մի կողմից լավ դիրք ունի այդ կիզակետն օգտագործելու տեսանկյունից, մյուս կողմից էլ հարվածի տակ է, քանի որ բոլորն ուզում են տիրապետել այդ ճանապարհներին. Գագիկ Մակարյան. «Փաստ»

Դեկտեմբեր 13,2022 10:33

Հայաստանում սոցիալական խնդիրները բազմաբնույթ են, որոնք ավելացան թե՛ կորոնավիրուսի, թե՛ պատերազմի պատճառով: Մենք ունենք ընդգծված քանակով մարդիկ, որոնք աղքատ են, իսկ գնաճի հետևանքով աղքատությունը մեզ մոտ աճելու միտումներ ունի: Այս կարծիքին է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, որի հետ զրուցել ենք տարեվերջին առկա տնտեսական ու սոցիալական հիմնախնդիրների մասին:

«Գնաճը միջինը 10 տոկոս է, բայց առաջնահերթ ապրանքների մասով աճը շատ ավելի բարձր է և ամենևին տասը տոկոս չէ: Խոսքը հացի, հացամթերքի, կարագի ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մասին է, որոնց գնաճից մարդիկ էականորեն տուժում են: Հիվանդանոցներում շատ մեծ քանակով հիվանդների առկայությունը ցուցիչն է նրա, որ մենք նաև առողջապահական խնդիրներ ունենք: Պատճառներից մեկն աղքատությունն է, ինչը թույլ չի տալիս մարդկանց նորմալ սնվել, բուժվել և առողջ լինել»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Գ. Մակարյանը:

Վերջինիս խոսքով, գործազրկությունը նվազեց, որովհետև ուղղակի գրանցված աշխատողների թիվն ավելացավ. «Ձեռնարկությունները նախընտրում են ավելի թափանցիկ աշխատել և վճարել հարկերը: Գործազրկության մասին դատողություն ենք անում նաև այն ցուցանիշով, թե քանի մարդ է գնացել ու որպես գործազուրկ գրանցվել: Մինչդեռ այդ թվի նվազելը դեռ չի նշանակում, որ մեր գործազուրկների թիվը շատ է պակասել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստորաբաժանումները ընդամենը 200 հազար մարդ են որպես գործազուրկ գրանցել, մինչդեռ շատերը չեն ցանկանում գործազուրկ ձևակերպվել»:

Մեր զրուցակցի խոսքով, այս խնդիրներից զատ, մեր գյուղատնտեսությունը պետք է սննդային բազայով ապահովեր երկրին, բայց իրականությունն այլ է. «Մենք դեֆիցիտ ունենք: Բացի այդ, պահածոյագործության, թարմ մրգերի ատահանման համատեքստում շատ ապրանքներ գնում են դեպի ՌԴ, իսկ Հայաստանում ամբողջ տարվա ընթացքում միրգն ու բանջարեղենը բավականին թանկ էին: Ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության արտադրողականությունը բավականին ցածր է: Այսօր, իհարկե, պարենային անվտանգության խնդիրներ չունենք, որովհետև ընկերությունները մատակարարում են, տեղական արտադրողներն ապահովում անհրաժեշտ ապրանքներով, բայց, օրինակ՝ ունենք թռչնամսի քանակի նվազում, որը չի ստացվում ավելացնել: Այս առումով անհավասար մրցակցություններ կան»:

Գագիկ Մակարյանը նշեց, որ առկա տնտեսական աճը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով, մասնագետների ներհոսքով, ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանման գործոնով, ինչպես նաև գնաճով: Նրա խոսքով, ամեն դեպքում, այսօր բիզնեսի ու տնտեսության համար ամենաբարձր ռիսկը պետության անվտանգության խնդիրն է: «Պետության անվտանգությունը լիարժեքորեն երաշխավորված չէ, այն դեռ բավականին բարդ, հեղհեղուկ վիճակում է: Գտնվելով ճանապարհների կիզակետում՝ Հայաստանը մի կողմից լավ դիրք ունի այդ կիզակետն օգտագործելու տեսանկյունից, մյուս կողմից էլ ահավոր հարվածի տակ է, քանի որ բոլորն ուզում են տիրապետել այդ ճանապարհներին: Բայց, չնայած այս ամենին, բիզնեսը բավականին ոգևորված է աշխատում: Կարող եմ ասել, որ իներցիան հաղթահարված է, տեղական արտադրողները ներդրումներ են կատարում, բավականին չարչարանքով իրենց աշխատանքն են կատարում, թեպետ կոնֆլիկտի յուրաքանչյուր սրացում էականորեն ազդում է տրամադրությունների վրա: Իհարկե, բիզնեսի բնույթն այնպիսին չէ, որ միանգամից կթողնի ու կհեռանա: Ունի շահեր, հետաքրքրություն, նվիրվածություն, ինչպես նաև պատասխանատվություն պետության, աշխատողների, գործընկերների հանդեպ: Բայց, ամեն դեպքում, պետական անվտանգությունը խնդիր է բիզնեսի համար: Եթե այդ խոչընդոտը կարողանանք որոշակի մեղմացնել, կարծում եմ՝ մյուս տարի Հայաստանը կարող է հասնել նախատեսված 7 տոկոս տնտեսական աճին, ավելին՝ անցնել այդ ցուցանիշից: Բայց Հայաստանի տնտեսական աճը պետք է լինի 25-26 տոկոս, արձանագրված 14 տոկոսը քիչ է մեզ համար»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ նշվածին հասնելու համար պետական ապարատում պետք է վերանայումներ լինեն:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031