Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձելով հասնել Արցախում հանքերի շահագործումը խաթարելուն՝ Ադրբեջանը նպատակ ունի ֆինանսապես և տնտեսապես ճնշել հայկական երկրորդ հանրապետությանը․ «Փաստ»

Դեկտեմբեր 13,2022 09:00

Ինչո՞ւ է Ադրբեջանը Արցախի հանքերը թիրախավորել, կարծում ենք՝ պետք է, որ հասկանալի լինի։ Պատերազմից հետո ահռելի տարածքներ ու ռեսուրսներ անցան Ադրբեջանի տիրապետության տակ, այդ թվում և Արցախում շահագործման թույլտվություն ունեցող 15 հանքավայրերից 13-ը, որոնք մեծ եկամուտներ էին ապահովում Արցախի բյուջեի համար։ Իսկ հիմա Արցախի հանքարդյունաբերությունը կախված է արդեն երկու հանքավայրերի՝ Դրմբոնի ու Կաշենի հանքերի շահագործումից, իսկ Արցախի պետբյուջե մուտքագրված եկամուտների մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն հանքարդյունաբերության ոլորտից հավաքագրված գումարները։ Ուշագրավ է, որ Արցախի Հանրապետության ՊԵԿ-ի 2021 թ. տվյալներով՝ Դրմբոնի պղինձ-ոսկու և պղինձ-մոլիբդենային հանքավայրերը շահագործող «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն առաջին 300 խոշոր հարկ վճարողներ ցուցակում առաջինն է։

Ընդ որում, այդ ընկերության՝ պետբյուջե վճարած հարկերը 4-5 անգամ գերազանցում են 2-րդ տեղում գտնվող ընկերության վճարած հարկերը։ Փաստացի փորձելով հասնել Արցախում հանքերի շահագործումը խաթարելուն՝ Ադրբեջանը նպատակ ունի ոչ միայն մուտք ունենալ Արցախ, այլև ֆինանսապես և տնտեսապես ճնշել հայկական երկրորդ հանրապետությանը։ Բաքուն այդպիսի քայլերով ձգտում է լեգիտիմացնել իր մուտքը Արցախի վերահսկողության տակ մնացած տարածք ու դա անում է իբր քաղաքացիական անձանց միջոցով։ Եվ եթե Ադրբեջանը մի անգամ հնարավորություն ստացավ սողոսկել դեպի Արցախի տարածք, ապա քիչ-քիչ կներխուժի ու կհաստատվի Արցախի վերահսկողության տակ մնացած գոտում։

… Ըստ այդմ էլ ադրբեջանցիների տեղեկատվական թիրախում է հայտնվել երկու կարևոր սուբյեկտ։ Առաջինը ռուս խաղաղապահներն են՝ գեներալ Վոլկովի գլխավորությամբ։ Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի վարկաբեկի խաղաղապահներին, իսկ գեներալ Վոլկովն ուղղակի ադրբեջանցիների աչքի փուշն է դարձել։ Դրա համար էլ ադրբեջանական տեղեկատվական հարթակները հատուկ զրպարտիչ նյութեր են հրապարակում Վոլկովի մասին։ Անընդհատ նշվում է այն մասին, թե իբր Վոլկովը «սադրանքներ» է նախապատրաստում Ադրբեջանի դեմ, թե իբր նա հայամետ է և այլն։ Այս համատեքստում պատահական չէ, որ ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ իր պաշտոնական բողոքն է հայտնում ռուսական կողմին՝ խաղաղապահ զորամիավորման գործունեության հետ կապված։ Իսկ վերջին բողոքի նոտան էլ հղվեց Մոսկվա Արցախի հանքավայրեր արգելքի պատճառով։ Պարզ է, որ Ադրբեջանը շահագրգռված է, որ ռուս խաղաղապահները օր առաջ հեռանան կամ մինչև իրենց հեռանալու ժամկետի ավարտը նրանց առաքելությունն ուղղակի դառնա ձևական։ Իսկ դրա համար ադրբեջանական ղեկավարությունը հարմար առիթ է համարում այն հանգամանքը, որ Ռուսաստանի ուշադրությունը հիմնականում կենտրոնացված է Ուկրաինայի ուղղությամբ։

Ուստի, Բաքուն չի ցանկանում, որ խաղաղապահները մնան մինչև 2025 թվականը, երբ նրանց մանդատի երկարաձգման հարցը կրկին կբարձրացվի, քանի որ 2025 թվականին Ռուսաստանի դիրքերն ավելի ուժեղ կարող են լինել, քան հիմա է։ Չէ՞ որ ապագան մեծ հաշվով անկանխատեսելի է։ Մյուս կողմից էլ Ադրբեջանի գրեթե ամենօրյա թիրախավորման տակ է հայտնվել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Վերջինս ոչ միայն հայտարարել է, որ պատրաստ է բանակցել ադրբեջանական կողմի հետ, այլև աշխատանքներ է տանում ադրբեջանցիների տարբեր սադրանքներին արձագանքելու և Արցախի ինքնորոշման իրավունքն իրացնելու, սուբյեկտայնության հարցը բարձրացնելու ուղղությամբ։ Իսկ այս իրողությունը շատ է անհանգստացնում պաշտոնական Բաքվին, դրա համար էլ Ալիևը հայտարարում է, թե Վարդանյանը Մոսկվայից է ուղարկվել որպես «դրածո», և նրա հետ չեն բանակցելու։ Թերևս ադրբեջանական կողմը ֆոբիաներ ունի Վարդանյանի հարցում, քանի որ եթե նրա հետ բանակցի, ստիպված է լինելու ընդունել Արցախի սուբյեկտայնության իրողությունը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031