Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն մեկի ուզածը հայտնի է

Դեկտեմբեր 13,2022 10:00

Թե ինչ են ուզում Ադրբեջանն ու Թուրքիան` ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ այստեղ ոչ մի հավաստի աղբյուր էլ պետք չէ. նրանք ցանկանում են դուրս մղել հայերին սկզբից Արցախից, իսկ այնուհետեւ՝ նաեւ Հայաստանի Հանրապետությունից: Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարությունը դա առանձնապես չի էլ թաքցնում, եւ այստեղ դրական պահն այն է, որ կա կատարյալ հստակություն:

Թե ինչ են ուզում Հայաստանի ներկայիս իշխանությունները եւ բնակչության մեծամասնությունը, դա նույնպես պետք է, որ պարզ լինի. նրանք ուզում են հանգիստ, անվտանգ կյանքով ապրել 29.8 հազար քառակուսի կիլոմետրի վրա, որը «միջազգայնորեն ճանաչված» Հայաստանի Հանրապետությունն է: Իրականում «հանգիստ ապրել» հնարավոր չէ՝ առանց Արցախը պաշտպանելու, դա պատրանք է: Բայց պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանությունների եւ «ժողովրդական լայն զանգվածների» դիրքորոշման մեջ հստակություն կա:

Ինչպես հայտնի է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյանը, Պուտինը եւ Ալիեւը ստորագրել են համատեղ հայտարարություն, որի 5-րդ կետով ապահովվում էր 5 կիլոմետր լայնությամբ Հայաստանն ու Արցախը կապող միջանցքի անխափան աշխատանքը, որի պատասխանատվությունը դրվում է ռուս խաղաղապահների վրա: Երբ Ադրբեջանը խախտում է հայտարարության այդ կետը, միակ մարդը, որը կարող է զանգահարել Պուտինին եւ պահանջել այդ կետի կատարումը, Փաշինյանն է: Ո՛չ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ո՛չ էլ խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովը նման իրավասություն չունեն: Բայց քանի որ Հայաստանի ղեկավարությունը գտնում է, որ դա իր գործը չէ, որ խնդիրը պետք է լուծեն արցախցիներն ու ադրբեջանցիները, ապա մեր երկրի իշխանությունների հետ հույսեր կապելը պարզապես միամտություն է:

Այնպես որ՝ թողնենք իշխանությանն ու իր ընտրազանգվածին՝ իրենց պատրանքային 29.8 հազար քառակուսի կիլոմետրով: Հայաստանում կա քաղաքացիների փոքրամասնություն, որն անտարբեր չէ Արցախում ապրող 120 հազար հայրենակիցների ճակատագրի հանդեպ. քանի դեռ այդ մարդկանց մահացու վտանգ է սպառնում, պետք է մոռանանք մեր բոլոր տարաձայնությունների մասին: Բացի դրանից՝ Արցախում կան իշխանություններ, կան տարբեր ոլորտներում աշխատող հեղինակավոր մարդիկ: Այդ բոլոր մարդիկ նույնպես, կարծում եմ, պարտավոր են մոռանալ իրենց տարաձայնությունների մասին եւ հանդես գալ որպես մեկ միասնական թիմ:

Պետք չէ ժամանակ ծախսել որեւէ մեկին կշտամբելու վրա: ՀՀ ամեն մի քաղաքացի, ամեն մի հայ իր ընտրությունը կատարել է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան
    2018 թվականի խեղկատակությունից սկսված Հայաստանը բնակեցնող բնակչության մեծամասնությունն պատրանքների ու ինքնախաբեության մեջ է։ Այդ պատրանքների պատճառներն այս պահին առաջնային չեն, սակայն առաջնային են այդ պատրանքներն սնող մտքերի շարունակականությունը։ Դեռ 2020 նոյեմբերի 10-ից պարզ էր, որ այս իշխանությունն բացի իշխանություն պահելուց ուրիշ ոչ մի բանով չի հետաքրքրված։ Սակայն այդ ժամանակվանից ի վեր բոլոր իրական ընդվզումներն նրանց դեմ թուլացվել են այդ նույն նարատիվներով՝ <>, <> , <>։ Դեռ ամռանը հազարավոր իրական քաղաքացիներ պայքարում էին Արցախում այսօրվա խնդիրները կանխելու համար, սակայն ՀՀ բնակչության մեծ մասին համոզում էին , որ դա աթոռակռիվ է։
    Վայելեք

  2. Լավատես says:

    ՝Այդ բոլոր մարդիկ նույնպես, կարծում եմ, պարտավոր են մոռանալ իրենց տարաձայնությունների մասին եւ հանդես գալ որպես մեկ միասնական թիմ:՝
    Մեր փրկությունը հենց այս միասնական թիմը պետք է լինի, որը միաձայն կընտրի ոչ թե լավագույնին, այլ նորմալ (տղամարդ ընտրողների համար) եւ խարիզմատիկ (ընտրող կանանց համար) մեկին, գլխավորը որ այս մեկը պատրաստ լինի անվերապահորեն ենթարկի այս միասնական թիմի միաձայն որոշումներին եւ իր վրա վերցնի այդ որոշումների արդյունքների ողջ պատասխանատվությունը եւ մեղքը չգցի ոչ թիմի վրա ոչ էլ հանգամանքների վրա: Ամբողջ աշխարհում փոթորիկներ են սպասվում, ով ամուր միասնական գտնվեց, նա էլ կդիմանա:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031