«Բնական է՝ Ներքին Հանդում կյանքը չի կարող բնականոն լինել, ինչպես նախկինում, բայց մարդիկ շարունակում են ապրել գյուղում»,-տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում անդրադառնալով սահմանային Ներքին Հանդ գյուղում ստեղծված իրավիճակին՝ ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Վերջինս հաճախ է լինում այդ տարածաշրջանում, վերջին անգամ երեք օր առաջ է հանդիպել բնակիչների հետ, խոսել են տնտեսական զարգացման ծրագրերից։ «Բոլորը պիտի ապրեն իրենց բնակավայրերում, հատկապես սահմանամերձ գուղերում։ Ներքին Հանդը պիտի լինի հայկական գյուղ եւ պիտի զարգանա որպես հայկական գյուղ»,-շեշտեց Սյունիքի մարզպետը։
23 գյուղատնտեսական ծրագիր առաջիկա օրերին կհաստատվի եւ ներքին հանդեցիները կսկսեն զբաղվել տնտեսության զարգացմամբ։ Իհարկե, խնդիրներ կան․ սեպտեմբերի 13-ից հետո մեկ–երկու ընտանիք հեռացել է, բայց հիմնական բնակչությունը գյուղում է։
Ռոբերտ Ղուկասյանը չի թաքցնում՝ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո չեղարկել է հումանիտար որոշ ծրագրեր։ «Խոսքը վերաբերում է մարզից դուրս տեղահանված այն քիչ տոկոսին, որոնք հեռացել էին մարզից։ Ներքին Հանդի բնակչությունը տեղափոխվել էր հարակից գյուղեր, Տեղ համայնքի բնակավայրերից՝ Գորիս, ու չեմ կարծում, որ պետք էր Երեւան տեղափոխված ընտանիքին աջակցել»,-նշեց Ռոբերտ Ղուկասյանը։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Ներքին Հանդի դպրոցին, ապա աշակերտները այս պահին նրանք սովորում են հարեւան Ծավի դպրոցում։
Սեպտեմբերյան ագրեսիան, մարզպետի բնորոշմամբ՝ ցավոտ էր Սյունիքի համար՝ «Մարդկային կորուստներ, սահմանին՝ գիտեք, դիրքային-տարածքային զիջումներ, բայց այդ պատերազմում մարզի բնակչությունը ապացուցեց, որ Սյունիքը կայուն է մնալու եւ զարգանալու է։ Նաեւ խորհելու տեղիք տվեց, շատ դասեր քաղեցինք սեպտեմբերյան ագրեսիայից։ Սյունիքը իր պատմության ընթացքում տեսել է նման փուլեր,պետք է բոլորս ուղղենք մեր ջանքերը, որ Սյունիքը կայուն լինի ու եթե կարիքը լինի՝ միասնական կպայքարենք»,-ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Ասուլիսի այլ մանրամասները կներկայացնենք առաջիկայում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ