Դիլիջանի համայնքային կենտրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 11-ին կազմակերպվել էր բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ: Դիլիջանի բնակիչներն ու քաղաքի զբոսաշրջիկները հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի 3 մարզերը (Տավուշ, Կոտայք, Արարատ) և Երևանը ներկայացնող վարպետների ձեռքի աշխատանքներին, հայտնի ռեստորանների, սրճարանների և սկսնակ հրուշակագործների կողմից պատրաստած համեղ ուտեստներին:
Դիլիջանի համայնքային կենտրոնի տնօրեն Արմինե Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառմանը ներկայացված է տեղական արտադրանք ներկայացնող շուրջ 25 տաղավար, իսկ հասույթն ուղղվելու է Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքի Հալիձոր գյուղական բնակավայրի Համայնքային կենտրոնին:
Կարդացեք նաև
«Վերջերս Տավուշի մարզի Աղավնավանք գյուղում մենք հիմնեցինք Դիլիջանի համայնքային կենտրոնի մասնաճյուղը: Մեր նպատակն է ստեղծել հավասարաչափ պայմաններ բոլորի համար և զարկ տալ համայնքների համաչափ զարգացմանը: Մինչ այժմ Դիլիջանի համայնքային կենտրոնն ունեցել է 16000 շահառու, որոնք օգտվում են տարբեր կրթական և մշակութային ծրագրերից: Այսօրվա ցուցահանդես-տոնավաճառի նպատակը ոչ միայն հասույթը փոխանցել է Հալիձորի համայնքային կենտրոնին, այլև տեղեկան արտադրողների հետ համագործակցության նոր հարթակ ստեղծելը»,- հավելեց Արմինե Հովհաննիսյանը:
Նշենք, որ Դիլիջանի համայնքային կենտրոնը ստեղծվել է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի և «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամի աջակցությամբ:
Լիա Ճաղարյան