Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը պետք է իր ստորագրությունը հարգի». Հակոբ Հակոբյան

Դեկտեմբեր 12,2022 20:35

Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը

-Ի՞նչ իրավիճակ է այս պահին Արցախում, ի՞նչ է այդտեղ կատարվում:

-Առավոտյան 10.30-ից մինչեւ այս ժամը ճանապարհը փակ է: Ստեփանակերտի կողմից մինչեւ Շուշիի հատվածը փակված է: Արդեն մեր կողմից էլ թույլ չեն տալիս, որ մեքենաները բարձրանան: Մինչ այդ, Ստեփանակերտ քաղաքացից դուրս եկած մեքենաները հավաքված են հայկական անցակետի մոտ, մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ի՞նչ է լինելու, բացվելո՞ւ է ճանապարհը, չի՞  բացվելու, ե՞րբ է բացվելու: Այսպիսի անորոշ վիճակում, բոլորը շունչները պահած սպասում են:

-Հայկական կողմի քայլերից տեղյա՞կ եք, գուցե ՀՀ, Արցախի իշխանությունները ոչ հրապարակային քայլե՞ր են ձեռնարկել հարցի լուծման համար:

-Ոչ հրապարակային քայլերից տեղեկություն չունենք, բայց հրապարակային, մենք տեսնում ենք, որ հայկական իշխանությունների կողմից առարկայական որեւէ գործողություն չի արվում: ՀՀ ԱԳՆ-ն ինչ-որ դատապարտող հայտարարություն է հնչեցրել: Բայց, կարծում եմ, որ սա այն դեպքը չէ, երբ պետք է դատապարտող հայտարարություններ անել, որովհետեւ, այսպիսով կոպտորեն խախտվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, իսկ այդ հայտարարության տակ կա երեք ստորագրություն, որից մեկը Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է եւ, կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին պետք է գործուն մասնակցություն ունենա, որպեսզի այդ պայմանագրի դրույթն իրականացվի: Շատ տարօրինակ է, երբ տարածվում է, որ Ալիեւ-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել, իսկ Նիկոլ Փաշինյանի մասին ոչ մի խոսք, առավել եվս, Նիկոլ Փաշինյանի կողմից ոչ մի գործողություն չի կատարվում: Նա պետք է իր ստորագրությունը հարգի եւ նման զգայուն հարցին կարողանա շատ արագ լուծում տալ: Բայց, արդեն տասը ժամ է, որեւէ քայլ չկա: («Առավոտի» կողմից հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Եվ ըստ կառավարության հաղորդագրության՝ «Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր»․–խմբ

-Հետաքրքիր է, որ Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցից հետո էլ խնդիրը չի հանգուցալուծվում: Այսինքն, այստեղ Ադրբեջան-ՌԴ խնդրի սրացում կա կարծես: Այս մասին ի՞նչ եք մտածում:

-Խնդիրն Ադրբեջանի հետ այնքանով է, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի ծանրագույն պայմանների մեջ դնի Արցախի հանրապետությունը եւ նրա բնակչությանը: Ռուսական կողմը, կարծում եմ, փորձում է ինչ-որ ձեւ հանգուցալուծել խնդիրը: Բայց կա երրորդ կողմը՝ հայկական կողմը, որը ամբողջությամբ անգործության է մատնված եւ հենց այս հանգամանքն է, որ, ըստ իս, ռուսական կողմին, թերևս, կաշկանդում է: Խոսել Արցախի բնակիչների մասին, որտեղ մասնակցություն է ունենում ռուսական կողմը եւ ադրբեջանական կողմը, աբսուրդի ժանրից է. իսկ ո՞ւր է հայկական կողմը, որը, թերևս, պետք է պահանջատեր լիներ:

-Հայաստանի իշխանությունները վաղուց են հայտարարել, որ խնդիրը ՌԴ-ի տիրույթում է եւ իրենք ձեռքերը լվանում են Արցախից ու Արցախի խնդրից:

-Այո, պաշտոնապես չի հայտարարվել, բայց երբ մենք երկու տարի խոսում ենք այն մասին, որ ՀՀ իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից: Ի հակադրություն, մեզ քննադատում են ու մեր աչքն են մտցնում բյուջեից հատկացումները, բայց այսօրվա իրավիճակն առհավատչյան է հենց նրա, որ այսպես է լինում, երբ ձեռքերդ լվանում ես Արցախից:

30 տարի շարունակ ամեն ինչ կարելի էր սպասել, բայց ոչ այն, որ կլինի նման իրավիճակ եւ Հայաստանը ձեռքերը ծալած կնստի, այնպիսի մի հայտարարություն կտարածվի՝ ասես թե աշխարհի ինչ-որ մի ծայրում, ինչ-որ մի երկրի մասին է խոսքը. ընդհանրացված ասելիք, դատապարտող բառեր, այն դեպքում, երբ հիմա պետք է գործողություններ անել եւ փորձել հանգուցալուծել հարցը, որովհետեւ մեկ օր Արցախը Հայաստանից կտրել՝ դա նշանակում է հարյուրավոր հիվանդների կյանքին սպառնալ, դա նշանակում է հարյուրավոր մարդկանց համար պարենային հարցեր առաջացնել, անվտանգային բազմաթիվ հարցեր առաջացնել: Բայց այս ամեն ինչը հիմա կատարվում է՝ Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ:

-Համացանցում տեսանյութեր են տարածվում Արցախից, որտեղ մարդիկ վրդովված են ու թերեւս արդարացի դժգոհություն են բարձրաձայնում, որ ռուսական կողմը ցանկանում է, բայց չի կարողանում խնդիրը լուծել, հետեւաբար պետք է մտածել, թե ի՞նչ անել: Կարծես նաեւ հակառուսական տրամադրություններ են գեներացվում: Կա՞ այդպիսի իրավիճակ, ի՞նչ զարգացում է հնարավոր այդ առումով:

– Իհարկե, Արցախում եւս կան այդպիսի ուժեր, որոնք ցանկացած առիթ օգտագործում են, որպեսզի հակառուսական ալիք բարձրացնեն, որովհետեւ, այդ նույն ուժերը, երբ ռուսական կողմին մեղադրում են թույլ լինելու մեջ, ինչ-որ հարց լուծել չկարողանալու մեջ, նրանք, կարծես թե մոռանում են հայկական կողմի բացարձակ անգործության մասին խոսել: Գիտեք, եւ բնական է նաեւ, որ ժողովուրդն այստեղ տեսնելով, որ ճանապարհը փակ է, ռուսական կողմն էլ չի կարողանում այն բացել, որոշակի վրդովմունք կամ անհանգստություն ունի: Մարդկանց ավելի շատ հետաքրքիր է ոչ թե ռուսական կողմի լավը կամ վատը լինելը, այլ ճանապարհի բաց կամ փակ լինելը, քանի որ այդ ճանապարհը մեզ համար կենսական զարկերակ է, որը փակելը մահվան հավասար է: Ցավոք, Արցախում էլ կան որոշակի խմբակներ, որոնք առիթը բաց չեն թողնի ռուս խաղաղապահների վրա ցեխ շպրտելու, ստվեր գցելու: Իմիջիայլոց, նույն գործունեությամբ զբաղված է նաեւ թշնամի կողմը՝ Ադրբեջանը: Փաստորեն, նրանք նույն ուղու, նույն գծի մեջ են:

-Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի նի՞ստ է հրավիրել. Արցախի իշխանությունն ինչո՞վ է զբաղված, ի՞նչ են անում՝ հարցի լուծման հասնելու համար:

-Արցախի իշխանության կրավորական կեցվածքն արդեն բերել է նրան, որ Արցախում բնակվողներն էլ կարծես ձեռքերն Արցախի իշխանությունից են լվացել եւ որեւիցե հույս չեն կապում նրանց հետ, հայացքն ամբողջությամբ ուղղել են ռուս խաղաղապահներին: Արցախի իշխանությունները նույնպես ցանկացած խոսակցության ժամանակ, միեւնույն է, սլաքն ուղղում են դեպի ռուս խաղաղապահները: Արցախում որեւիցե մեկը չի մտածում Արցախի իշխանություններից գործուն քայլեր ակնկալելու մասին:

-Խնդրի հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում:

-Խնդրի լուծումը պետք է գտնվի ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եւ նախաձեռնողն ու պահանջատերը պետք է լինի ՀՀ ղեկավար: Նիկոլ Փաշինյանը պետք է հարցը ամենաբարձր մակարդակի բարձրացնի եւ լուծում տա: Արցախում ապրող մարդկանց մոտ էլ կարող են հուզումներ առաջանալ ու մարդիկ ռուս խաղաղապահներից կարող են պահանջել՝ բացել ճանապարհը, որովհետեւ այսպես անհնար է:  120 հազար մարդ կանգնած է հումանիտար աղետի առջեւ: ՀՀ իշխանությունն իր բոլոր խողովակները պետք է օգտագործի, եթե դրա կարիքը կա՝ նաեւ միջազգային հանրությանը ներգրավվի: Երբ ամեն առիթով խոսում են արեւմուտքի մասին, ապա ճիշտ ժամանակն է նաեւ այդ խողովակներն օգտագործել՝ հումանիտար աղետը կանխելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031