Այսօր Սեւծովյան համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամները ասուլիս էին հրավիրել: Վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանն ասաց, որ օրակարգը բավականին հագեցած ու թեժ է եղել. «Այս անգամ եւս կիսասկանդալային ու լարված իրավիճակներից խուսափել չհաջողվեց: Գլխավոր ինտրիգը ռուս-ուկրաինական հակամարտության հետ էր կապված: Այդ նիստի ընթացքում պետք է հաստատվեին ռուսական պատվիրակության նոր անդամների մանդատները, սակայն 13 երկրների մեծ մասը, այդ թվում՝ Ադրբեջանը, դեմ քվեարկեց եւ ՌԴ պատվիրակության անդամների մանդատները չհաստատվեցին, ինչից հետո ՌԴ պատվիրակությունը լքեց նիստն ու հայտարարեց, որ դադարեցնում է անդամավճարների վճարումը սեւծովյան համագործակցության կազմակերպության բյուջե»:
ՀՀ պատվիրակության կազմում նույնպես նոր անդամ է եղել՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը, նրա մանդատը հաստատվել է միաձայն:
Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ նիստի ընթացքում տնտեսական, սոցիալական թեմայով զեկույցների քննարկումները նույնպես թեժ են եղել ու որոշ ձեւակերպումներ դարձել են վիճաբանության առարկա. «Մասնավորապես, այն արտահայտությունները, որտեղ խոսվում էր ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցության մասին, կլինի փախստականների խնդրի վրա, կլինի տնտեսական խնդիրների վրա, ուկրաինական պատվիրակությունն առաջարկել էր բոլոր տեղերում դա փոխարինել «ռուսական ռազմական ագրեսիա» արտահայտությամբ՝ ըստ էության՝ քաղաքական գնահատական տալով այդ ամեն ինչին: Մենք այդ առաջարկին «ձեռնպահ» քվեարկեցինք, որովհետեւ տնտեսական համագործակցությանն է ուղղված կազմակերպությունը, զեկույցներն էլ տնտեսական, սոցիալական բնույթի էին, դրա համար զերծ մնացինք գնահատականներ տալուց, սակայն այդ առաջարկներն անցան, որովհետեւ երկրների մեծ մասը, գրեթե բոլորը «կողմ» քվեարկեցին»:
Ինչպես պարզվեց, հայկական կողմի այս դիրքորոշումը շրջվել է մեր դեմ: Գեւորգ Պապոյանն ասաց, որ հայկական պատվիրակությունը առաջարկ էր ներկայացրել, որի զեկուցողը Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր էր, նախնական տարբերակում հանձնաժողովի քննարկման ժամանակ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը կար, հետագայում դուրս է եկել. «Մենք պնդեցինք, առաջարկ ներկայացրեցինք ի դեմս պարոն Թունյանի, որ ԼՂ տերմինը եւս ներառված լինի հայտարարության մեջ, ստացանք այսպիսի հետաքրքիր քվեարկություն՝ Հայաստանը բնականաբար «կողմ» էր առաջարկին, Ադրբեջանը «դեմ» էր, մնացած բոլոր երկրները «ձեռնպահ» քվեարկեցին այդ առաջարկին մոտավորապես նույն պատճառաբանությամբ: Հիմնական մեկնաբանությունն այն էր, որ տնտեսական ու քաղաքական հարցերը չխառնել»: Պապոյանը եզրակացրել է, որ ապագայում պետք է ճիշտ հաշվարկ անեն, որովհետեւ նախկինում նման հարցի շուրջ այլ կերպ քվեարկած երկրները այս անգամ «ձեռնպահ» են եղել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ