Աշխատաշուկայից դուրս մնացած կանայք հնարավորություն ունեն թվային մարքեթինգի ոլորտում ձեռք բերել նոր հմտություններ: Այն հնարավոր է դարձել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԶԾ համատեղ «Platform #5» ծրագրի շնորհիվ: Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Վիկտորյա Այդինյանը:
Նրա խոսքով, դասընթացներն անվճար են, դասընթացը նախատեսված է գործազուրկ այն կանանց համար, որոնք ցանկանում են աշխատանք ունենալ բարձր արտադրողականության ոլորտում, դասընթացների համար արդեն մեկնարկել է դիմումների ընդունումը:
«Ծրագրին կարող են դիմել այն կանայք, որոնք ընդգրկված են ընտանեկան կամ սոցիալական նպաստի համակարգում, գործազուրկ են, չեն աշխատել ծրագրին դիմելուց առնվազն 3 ամիս առաջ, ենթարկվել են թրաֆիքինգի, ընտանեկան բռնության կամ շահագործման, հաշմանդամ երեխա կարգավիճակ ունեցող կամ հաշմանդամություն ունեցող չափահաս անձանց խնամակալ են, երեք և ավելի երեխա ունեցող մայր են: Ասեմ, որ ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ունենալ սմարթ հեռախոս` ինտերնետի հնարավորությամբ, համակարգչի հասանելիություն, բազային թվային գրագիտություն, այդ թվում` սոցիալական հարթակներից օգտվելու կարողություն»,-ասաց Վիկտորյա Այդինյանը:
Կարևորելով այս նախաձեռնությունը, ՄԱԶԾ ImpactAIM աքսելերատորի ղեկավար Նարեկ Մանուկյանը ընդգծեց. «Բուն միջոցառումներին նախորդել է հետազոտական մեծ աշխատանք, որի միջոցով մենք դուրս ենք բերել այն ուղղությունները, որոնց համար պետք է զարգացնենք կանանց ձեռնարկատիրական հմտությունները և այն ուղղությունները, որոնում պետք է զարգացնել կանանց աշխատանքի կարողունակությունները: Թվային մարքեթինգի ոլորտը տալիս է հնարավորություն հմտությունները, կարողությունները զարգացնել առցանց, դասընթացին միանալ հարմար ժամի ու հարմար պայմաններում: Այս ծրագիրը փորձնական է, այն հետազոտելու ենք ու դրա հիմքով իրականացնելու ենք ավելի լայնամասշտաբ ծրագրեր»:
Կարդացեք նաև
Ծրագրի գործընկեր «Սովորիր Օնլայն» առցանց հարթակի տնօրեն Հայկ Հովակիմյանը տեղեկացրեց, որ դասընթացներին մասնակցելու համար արդեն 200-ից ավելի դիմում են ստացել, դիմողները հիմնականում մարզերից են: Դասընթացները ներառելու են ավելի քան 40 վիդեոդաս, 500-ից ավելի օնլայն թեստ, խմբային աշխատանքների հնարավորություններ և կարիերայի խորհրդատվություն:
«Կա կարծրատիպ, որ աշխատանք դժվար է գտնել, սակայն հարցն այն է, որ եթե ունես հմտություններ, որոնք շուկայում պահանջված են, ապա դու կարող ես աշխատանք գտնել: Թվային մարքեթինգն այսօր ամենապահանջված ոլորտներից մեկն է աշխարհում: Շատ կարևոր ենք համարում, որ թվային մարքեթինգի ոլորտը տալիս է հնարավորություն աշխատել տեղում, ցանկացած վայրից՝ առանց տեղափոխվելու: Ասեմ, որ հագեցած դասընթաց է լինելու՝ ներառելով պրակտիկ մաս»,-ասաց Հայկ Հովակիմյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ