Ի՞նչ է մեզ պատահել, ինչո՞ւ ենք մեր երկրից ձեռ քաշել
«Հայկական օրակարգի»-ի վերջին քննարկման ժամանակ (թեման՝ համընդհանուր անհոգությունն ու խաղաղության իլյուզիաները) իմ գործընկեր Կարեն Վրթանեսյանը արեց հետևյալ հարցադրումները.
– Արդյո՞ք մեր ընդդիմությունն ունի իրականությունը գնահատելու ինստիտուցիոնալ համակարգեր
– Արդյո՞ք ընդդիմությունն ունի ինստիտուցիոնալ հիշողությունը պահպանելու համակարգեր. մենք այսօր խոսում ենք ինչ-որ բաներից, բայց արդեն մոռացել ենք, թե ինչից էինք խոսում 1 ամիս առաջ:
Կարդացեք նաև
– Ինչո՞ւ ընդդիմությունը չկարողացավ կառուցել ընդդիմադիր ենթակառուցվածքներ։
Կարիք կա՝ հասկանալու, թե ինչ ունենք որպես «ընդդիմություն», և ինչ պետք է ունենանք փոխարենը։
Ունենք հիմնականում գրագետ ու պարկեշտ մարդկանցից կազմված խմբակցություններ և 1-2 տասնյակ հանրային գործիչներ, որոնք այս կամ այն չափով փորձում են չլռել։
Ու մենք ուզում ենք այս ռեսուրսով իշխանություն փոխել, արթնացնել հասարակությանն ու կանգնեցնել պետությունը կորցնելու պատմության անի՞վը։ Անլուրջ է այդպես մտածելը։ Չտեսնել սա հնարավոր է միայն մի դեպքում՝ եթե չես ուզում։
Փոխարենը՝ Հայաստանում կա լատենտ մտահոգության մթնոլորտ։ Բոլոր մտահոգ մարդիկ արդեն ընդդիմություն են։ Քաղաքական ճիշտ մենեջմենթի խնդիրն է՝ մտահոգությունը վերածել քաղաքական-հասարակական պրոցեսի։ 5-7 տոկոս մայրաքաղաքային և մարզային ակտիվից կազմված աշխատանքային մեքենան գործի կդնի թափանիվը, ու մենք կզարմանանք, թե քնած, անտարբեր հասարակությունն ինչպես է արագ վերափոխվում։ Մեր դիմաց կանգնած է երկիրը աղետի բերած իշխանությունը, և նրա հետ դասական ընդդիմության վարքագծով համակեցությունը աննորմալություն է։
Ի՞նչ խնդիր պետք է լուծի էֆեկտիվ ընդդիմությունը.
ա. Ճիշտ ձևակերպումներով բացատրել, թե ՀՀ-ում ինչու պետք է փոխվի իշխանությունը
բ. Ձևակերպել՝ ինչ է լինելու իշխանության փոփոխությունից հետո՝ պետության և քաղաքացու համապարփակ օրակարգը։
գ. Առաջացնել հանրային լայն սպասումներ ընդդիմությունից։
Սա բովանդակությունն է, որը պահանջում է գրագետ մենեջմենթ։ Անենք սա՝ կունենանք արթնացած հասարակություն, և պարզ ընդդիմության փոխարեն՝ ձևավորված ծանրակշիռ համակարգ, իշխանությանը լիարժեք այլընտրանք, որը ամեն պահի՝ արտահերթ, հերթական, կամ ֆորսմաժորային զարգացումներում կարող է վերցնել իշխանությունը և զերծ պահել պետությունը նոր աղետներից։
Հակառակ դեպքում ի՞նչ է ստացվում։
Մենք սկսում ենք ամեն ինչի համակերպվել, ոչ մի բանից չսթափվել։ Արցախում իրավիճակը պայթյունավտանգ է։
Իշխանությունն ասում է՝ ես զենք չեմ կարողանում բերել, իսկ թուրքը կարող է հարձակվել. ո´չ հասարակության ռեակցիան կա, ոչ՝ ֆորմալ ընդդիմության։ Իշխանությունն ասում է՝ հրաժարվել եմ ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական աջակցությունից. դարձյալ՝ ոչ մի ռեակցիա։
Իշխանությունը Պրահայում Ղարաբաղը նվիրել է Ադրբեջանին, Պուտինն ու Լավրովը ասում են՝ այո, այդպես է եղել, ու եթե դեմը չառնեք, դա Ձեզ համար ունենալու է ճակատագրական հետևանքներ. էլի՝ ոչ մի հակազդեցություն։ Այսպես գնում ենք դեպի աղետ՝ ամիսների հաշվարկով։ Մենք նախորդ աղետին ու նախորդ պատերազմին համակերպվեցինք, իսկ հիմա սկսում ենք համակերպվել գալի՞ք աղետին ու պատերազմին։
Մեզ ի՞նչ է պատահել, ե՞րբ պիտի սկսենք իրական դիմադրությունը։ Պիտի վերջապես հասկանանք՝ ո՞նց ենք պահելու մեր երկիրը։ Հենց դրա համար է պետք լուրջ ընդդիմադիր համակարգ, որը կհակակշռի ՄԵԿ հոգու ինքնաիշխանությանը, իսկ հետո կդառնա սոլիդ իշխանություն։
Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ