Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեխնոլոգիան կարևոր դեր է խաղում ցեղասպանությունների կանխարգելման հարցում»․ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

Դեկտեմբեր 12,2022 12:45

«1915-1923-ի հայկական ցեղասպանությունը դարձավ ամենակարևոր մոդելներից մեկը, առանցքային մոդելն է, որը Ռաֆայել Լեմկինն օգտագործում է իր հայեցակարգում»,- Երևանում կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ բացման խոսքում հայտարարեց Քինի նահանգային քոլեջի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության ամբիոնի պատվավոր վարիչ, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր Էլիզա ֆոն Ջոյդեն-Ֆորգիրը։

Փաստելով, որ հայ ազգն առաջ է գնում օսմանյան և սովետական կայսրություններից փլուզումից հետո, և որի մշակույթն ու պատմությունը հասնում է մինչև Կոստանդնուպոլիս՝ ներկայիս Ստամբուլ, ասաց․ «Հայկական առաջնորդությունն ուրիշ է, այլ ազգերից ու պետություններից տարբերվող։ Հայերի կամեցողությունը, նրանց ունակությունը պատմական տրավման ուրիշների հետ կիսելու, կանխարգելելու, որ այլ երկրները առերեսվեն այս խնդիրների հետ,դրա ապացույցն է։ Այս գլոբալ ֆորումը գալիս է վկայելու ՀՀ-ի խորը հումանիզմը, ստեղծելու մի աշխարհ, որտեղ չկա ցեղասպանություն»։

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ հատուկ խորհրդական Ալիս Վայիրիմու Նդերիտուն, շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը աջակցության համար, նշեց․ «Զոհերի միջազգային ճանաչման համար այսօր մենք շնորհակալ ենք ՀՀ կառավարությանն այն դերակատարության համար, որ շարունակում է իրականացնել՝ երաշխավորելու, որ դեկտեմբերի 9-ը մնա կարևոր օր միջազգային հանրության համար։ Այն նշվում է որպես ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օր։ Նաև այն օրն է, երբ ՄԱԿ-ի ԳԱ-ն  1948-ին ընդունեց ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան։ ՀՀ-ն միշտ եղել է մեր ամուր աջակիցն ու հանձինս ՀՀ ներկայացուցիչ, ՀՀ դեսպան Մհեր Մարգարյանի՝ մեր վստահելի գործընկերն ու մեր գրասենյակի աջակիցը։  Ցեղասպանությունների չկանխարգելումը թույլ է տալիս, որ այս հանցագործությունները կրկին տեղի ունենան»։

Նա փաստեց՝ տեխնոլոգիան կարևոր դեր է խաղում սոցիալական ներգրավվածության բարձրացման և ամբողջ աշխարհում մարդկանց՝ միմյանց հետ կապելու գործում, ավելի հեշտացնում է այս վայրագությունների կանխարգելումը։ Նա հավելեց․ «Տեխնոլոգիաները բազմաթիվ առավելություններ են մտցրել՝ կյանք փրկող սարքեր, տեղեկատվությունը հեշտ հասանելի է դարձել, ՄԱԿ-ի ռազմավարությունը ատելության խոսքի դեմ։ Մեր ռազմավարությունը պետք է լինի՝ օգտագործել նոր տեխնոլոգիաները և սոցիալական մեդիայի հետ համագործակցությունն առցանց ատելության խոսքի դեմ պայքարելու համար։ Մենք չունենք ունիվերսալ սահմանում՝ ինչ է ատելության խոսքը, բայց ունենք ատելության խոսքի սահմանում ՄԱԿ-ի  ռազմավարության մեջ»։

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը միևնույն ժամանակ նշեց, որ տեխնոլոգիաները նաև նոր ռիսկեր են առաջացնում ու մանրամասնեց․ «Ատելության խոսքը, անկասկած, եղել է շարժիչը՝ ցեղասպանությունների համար։ Մարդիկ շարունակում են սոցիալական հարթակներում ելույթներ ունենալ այդ կապակցությամբ, և մենք լավ հասկանում ենք, որ ցեղասպանության սկզբում անմիջականորեն միշտ լինում է  քարոզչություն։ Այսօր թվային տեխնոլոգիաներն օժանդակում և յուղ են լցնում ատելության խոսքի կրակի վրա, այդ հնարավորությունը նրանք ունեն։ Ես ու ՄԱԿ-ի իմ կոլեգաներն ամեն օր գործ ունենք ատելության խոսքի հետ՝ միգրանտների, կանանց և այլ խոցելի խմբերի դեմ։ Պետք են քաղաքականություններ, որոնք կզսպեն ատելության խոսքը։ Կան տարբեր մոտեցումներ․ որոշ երկրներ սոցիալական կազմակերպություններին մեծ հզորություն և առաքելություններ են տալիս ատելության խոսքի դեմ պայքարի համար, սահմանում վերահսկողություն տեղական օրենքներով։ Տեխնոլոգիաները հեշտացնում են խոցելի բնակչությանը և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց թիրախավորումը»։

Ալիս Վայիրիմու Նդերիտուն նաև նկատեց՝ սոցիալական մեդիայի արագ ընդլայնումն՝ առանց վերահսկողության, կարող է հանգեցնել առցանց ատելության խոսքի, թշնամանքի, բռնության տարածմանը ու եզրափակեց․ «Մենք տեսնում ենք, որ սոցիալական մեդիան օգտագործվում է խոցելի բնաչկության, կանանց, միգրանտների, էթնիկ փոքրամասնությունների, ԼԳԲՏ համայնքի դեմ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031