Դեկտեմբերի 10-ին Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի կինոդահլիճում տեղի ունեցավ չեխ ճանապարհորդ ու գրող Կարել Հանսայի «Արեւելքի արհավիրքները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։
Ողջունելով ներկաներին ու կազմակերպիչներին, Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը կարեւորեց, որ ցեղասպանությանը նվիրված չեխ հեղինակի գրքի շնորհանդեսը տեղի է ունենում Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա՝ դեկտեմբերի 9-ին հաջորդող օրը, որը ողջ աշխարհում նշվում է 2015 թվականից, երբ նաեւ Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿի Մարդու իրավունքների խորհրդում ընդունվեց այդ որոշումը։ Նրա խոսքով, կարելի է ասել, որ սա նաեւ չեխահայ համայնքի փոքր ներդրումն է այդ օրվա հիշատակման մեջ։ Դեսպան Հովակիմյանը նաեւ վերհիշեց, որ տարիներ առաջ, երբ 2006 թվականին Չեխիայի Սենատում կազմակերպվեց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով, այն ժամանակ «Օրեր» ամսագիրը ներկայացրեց Հանսայի գրքի վերատպությունը՝ որով սկիզբ դրվեց Չեխիայում Հայոց ցեղասպանության մասին օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը չեխերեն լեզվով։ Եվ այժմ տարիներ անց նա ներկա է գտնվում հայերեն թարգմանության հրատարակությանը։ Դեսպան Հովակիմյանը շնորհավորեց թարգմանչին՝ Աննա Կարապետյանին կատարված մեծ աշխատանքի համար, որը թույլ կտա ոչ միայն Հայաստանում ապրողներին ծանոթանալ չեխ հեղինակի աշխատանքին, այլեւ ցեղասպանագետներին՝ ուսումնասիրելու նրա գիրքը։
Մանրամասները` ՕՐԵՐ-ի կայքէջում: