Լրահոս
Օրվա լրահոսը

«Վոլկովը հետները բազար է արել, թե բա՝ ваше руководство в курсе»․ ամփոփելով միջադեպը

Դեկտեմբեր 11,2022 15:30

Վերջին օրերին Արցախի շահագործվող հանքավայրերի հարակից տարածքներում Ադրբեջանի ներկայացուցիչների հայտնվելու փաստը վերլուծելով՝ նախ նշենք, որ օրեր առաջ բնապահպանական պատրվակով Բերձորի միջանցքը փակելուց հետո պաշտոնական Բաքուն հայտարարեց, թե մշտադիտարկում է անելու Արցախի 2 հանքավայրերում՝ իբրեւ թե բնապահպանական խնդիրների ի հայտ բերման եւ այդ հանքերի ապօրինի շահագործման առիթով։

Այցելուների թվում ադրբեջանցի «բնապահպաններ» են եղել, եւ երեկ հայտնի դարձավ, որ նրանք ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հասել են Կաշենի հանք, սակայն նրանց չի հաջողվել մուտք գործել հանքի տարածք, որովհետեւ հանքի աշխատակիցներն ու հարակից գյուղերի բնակիչները չեն թույլատրել՝ փակելով ճանապարհը։

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել այցից։ Հաղորդագրությունում ասվում է․ «Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր իրականացնել այցելություն Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։ Հաշվի առնելով, որ առաջարկված ծրագիրը, սահմանված կարգով, համաձայնեցված չի եղել Արցախի Հանրապետության իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է վերը նշված խմբի մուտքը հանքավայրերի տարածք»։

«Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը երեկ ուշ երեկոյան «ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ որոշ մանրամասներ է հայտնել դեպքից․ «Մարտակերտից մեր տղաները պատմել են, թե դա ոնց է եղել։ Վոլկովը (Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկով-հեղինակ) թուրքերին վերցրել եւ եկել է Դրմբոն ու դրա մասին անգամ տեղյակ չի եղել Մարտակերտի վարչակազմի ղեկավարը։ Ինքը մի ժամից է եկել եւ իրոք տեղյակ չի եղել։ Մեր տղերքը կապել են թուրքերի ճանապարհը, իսկ Վոլկովը հետները բազար է արել, թե բա՝ ваше руководство в курсе, КГБ, милиция в курсе… տղերքն ասել են՝ մենք թքած ունենք, սա մեր հողն է, անհետացեք ստեղից։ Վոլկովին ասել են, որ ինքն իր գործով չի զբաղված։ Դրանք չեն կարողանում Դրմբոն մտնել։ Հետո ուզում են Կաշեն մտնեն, բայց տղերքն արդեն պատրաստ սպասել են։ Վիտոն էլ է լինում։ Վոլկովից բացի ԱԱԾ մեքենա է եղել, մի երկու հոգի էլ ոստիկանությունից։ Սա անհանդուրժելի է։ Պետք է պահանջենք, որ այդ Վոլկովը գնա, ուրիշը գա, ինքը թուրքերի շահերն է պահում»։

Այս միջադեպի առիթով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը բարձրաձայնել է,  որ սրա պատասխանատուն առաջնահերթ Արցախի նախագահն է։ Նա նաեւ շեշտել է, որ Արցախի իշխանությունն ուշացումով է արձագանքել միջադեպին եւ որ ադրբեջանցիների այցերն Արցախ պետք է բացառել՝ ինչ նպատակ կամ պատրվակ էլ որ վերջիններս առաջ քաշեն։

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031