Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ սպանեց հայ ռազմագերիներին»․ BBC-ի հետաքննությունը

Դեկտեմբեր 11,2022 14:15

Բրիտանական BBC գործակալությունը, Bellingcat հետաքննական խմբի եւ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հետ համատեղ հետաքննել է 2022 թ․-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ ՀՀ ինքնիշխան տարածքների վրա լայնածավալ հարձակման ժամանակ տեղի ունեցած ոճրագործություններից մի դրվագ՝ հայ ռազմագերիների գնդակահարությունը, որը տեսանկարահանել էին ու տարածել ադրբեջանական «տելեգրամյան» ալիքներով։

BBC-ն նախ տվել է դեպքի նկարագրությունը՝ գրելով, որ կադրերում երեւում են բարձունքի վրա գտնվող զինված անձինք, որոնք գրավել են հակառակորդի դիրքերը եւ ինքնաձիգերով զինված՝ կոնկրետ տեղ են ուղղորդել գերիների խմբին եւ նրանց ստիպել նստել՝ ձեռքերը վերեւ պարզած վիճակում։ Հնչում են կրակոցներ։ Ադրբեջաներենով լսվում է․ «չկրակել»։ Գերիներն ընկնում են, եւ կրակոցները նրանց վրա շարունակվում են որոշակի ժամանակ։ Աղբյուրը փաստում է, որ Հայաստանն Ադրբեջանին մեղադրեց ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։ ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը BBC-ին հայտնել է, որ այս դեպքի հետ կապված նյութերն ուղարկել է ՄԻԵԴ։

Ո՞վ է կրակել, ո՞վ է զոհ դարձել

Մեջբերում հետաքննությունից

«40 վայրկյան տեւողությամբ տեսանյութում երեւում են նվազագույնը 15 զինծառայողներ, որոնք շրջապատում են 8(մեկ այլ տվյալներով՝ 9) չզինված անձանց՝ սաղավարտներով եւ զինվորական հանդերձանքով, որոնք համապատասխանում են ՀՀ զինված ուժերում այս պահին կիրառվող համազգեստին։ Իսկ հարձակում իրականացնող զինվորականների արտահագուստը համապատասխանում է ադրբեջանական զինված ուժերում օգտագործվող հանդերձանքին, սակայն տարբերանշաններով հնարավոր չի եղել պարզել, թե այդ անձինք կոնկրետ ո՞ր ստորաբաժանման ծառայողներ են։

Տեսանյութը հրապարակած ադրբեջանական տելեգրամյան ալիքում ասվում է, որ այդ զինծառայողները Ադրբեջանի ԶՈՒ հատուկ ստորաբաժանման ծառայողներ են(XTQ – xüsusi təyinat qüvvələri): Թե ինչ է հետագայում տեղի ունեցել ռազմագերիների հետ, հայտնի չէ, սակայն Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ռոհինի Հաարը գտնում է, որ ինքնաձիգ զենքից նման հեռավորության վրա վիրավորում ստանալը մահացու է․ ողջ մնալու հավանականությունը շատ փոքր է։

Ե՞րբ եւ որտե՞ղ է իրականացվել գնդակահարությունը

Մեջբերում հետաքննությունից

Ենթադրվում է, որ դեպքը տեսանկարահանվել է 2022թ․-ի սեպտեմբերին։ ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի խոսքով՝  այն կարող էր տեղի ունենալ սեպտեմբերի 13-ին կամ 14-ին։ Bellingcat-ի հետաքննողներն օգտագործել են խրոնոտեղորոշման մեթոդներ, այդ թվում՝ արբանյակային լուսանկարներ եւ դեպքի վայրի ուղղությամբ արեւի դիրքը։ Եղած տվյալները բավարար չեն՝ հստակ պարզելու համար տեսանկարահանման օրը։ Ըստ հետաքննողների՝ դեպքը կարող էր տեղի ունենալ սեպտեմբերի 13-ի լուսաբացին՝ 6:00-6:30-ի ժամանակահատվածում։ Դեպքի մոտավոր վայրը՝ կից լուսանկարում։ Հայկական կողմի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել հենց հայկական տարածքում՝ Իշխանասարի բարձունքում՝ Սեւանա լճից դեպի հյուսիս գտնվող մարտական դիրքում, որը հայտնի է եղել «Հովազ 1» անվամբ։

Հետաքննությունն ամբողջությամբ՝ այստեղ։

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031