Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական հիմնարկներում պե՞տք է առանձին պահեն ՄԻԱՎ ունեցող անձանց (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 11,2022 12:20

«ՄԻԱՎ/ ՁԻԱՀ, հեպատիտ C․ ընդհանուր հիմունքներ»․ սա էր հերթական դասընթացի թեման «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպության փորձագետ Սարգիս Ավետիսյանը պատիժ կրող անձանց մանրամասն ներկայացրեց վարակների տարածման ուղիները, կանխարգելումն ու բուժումը։ Փորձագետը նաեւ ներկայացրեց վիճակագրական տվյալներ․ աշխարհում շուրջ 38 մլն  մարդ ապրում է ՄԻԱՎ-ով, որոնցից 36 միլիոնը չափահաս, իսկ 1.7 միլիոնն անչափահաս անձինք են։

ՁԻԱՀ-ի համաճարակի հետեւանքով ամբողջ աշխարհում շուրջ 40.1 միլիոն մարդ մահացել է ՁԻԱՀ-ով պայմանավորված հիվանդություններից։ 2022թ.-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 5009 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 430-ը` 2022թ.-ի ընթացքում: 2022 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ` հակառետրովիուսային բուժման մեջ ընդգրկված է ՄԻԱՎ-ով ապրող 3011 մարդ:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ  ունեցող անձանց բուժումը Հայաստանում իրականացվում է պետպատվերի շրջանակում։ Ինչ վերաբերում է հեպատիտ C-ին, այս տարվա ապրիլից քրեակատարողական հիմնարկներում եւս մեկնարկել է անազատության մեջ գտնվող  հեպատիտ C ախտորոշմամբ անձանց հետազոտման եւ բուժման ծրագիրը: Չնայած սրան, պատիժ կրող անձինք նշեցին, որ նրանք հերթագրվել են, սակայն չգիտես ինչու, բուժումը դեռ չեն սկսել։

Սարգիս Ավետիսյանը պատասխանեց նաեւ անազատության մեջ գտնվողների բազմաբնույթ  հարցերին։ Մասնակիցներից  մեկը հետաքրքրվեց՝  արդյո՞ք միեւնույն խցում կարող են ապրել ՄԻԱՎ վարակակրի հետ ու ինչո՞ւ չեն առանձնացնում ՄԻԱՎ ունեցող  անձանց։ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի փորձագետը նշեց, որ խտրական վերաբերմունք չպետք է դրսեւորել։ «Հիշեք՝ առօրյա կենցաղային շփումներից ՄԻԱՎ-ը չի փոխանցվում։ Ընդհակառակը, պետք է բոլորին վերաբերվել հարգանքով եւ հանդուրժողականությամբ»,-ասաց Սարգիս Ավետիսյանը։

Բացի իրազեկումից, անազատության մեջ գտնվող անձանց տրամադրվեցին ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի, հեպատիտ C-ի մասին պատմող բուկլետներ։

Դասընթացը նախաձեռնել էր «Հանուն Ազատության» իրավական ՀԿ–ն։ Aravot.am-ի հետ զրույցում կազմակերպության ղեկավար Իրինա Մանուկյանը նշեց, որ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ–ի հետ այս դասընթացն առաջին համագործակցությունն է։ «Հուսով եմ՝ համագործակցությունը կշարունակվի, նոր նախագծեր կիրականացնենք։  Նպատակ ունենք, եկող տարի քրեակատարողական հիմնարկներում հետազոտություն իրականացնել ՄԻԱՎ-ի, հեպատիտ C-ի նկատմամբ»,-նշեց տիկին Մանուկյանը։

Լուսանկարները հրապարակվում են պատիժ կրող անձանց համաձայնությամբ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031