Լրահոս
Օրվա լրահոսը

Ադես ու հեռուստացույցը (պատմվածք)

Դեկտեմբեր 11,2022 11:30

Ադես չէր ընդունում որևէ նոր երևույթ։ Իր հին աշխարհը միշտ փայփայելի էր։ Հեռուստացույց համարյա չէր նայում։ Սակայն երբ «Լրաբերն» էր սկսվում, հայրս նրան նստեցնում էր կողքին և ասում. «Ադե՛ ջան, արի տեսնենք՝ Հայաստանում ի՞նչ նորություններ կան»։ Ադես հորս չէր մերժում. գնում խելոք նստում էր կողքին և ասում. «Ա՜յ հարս, բաժակըմ չայ տուր շաքարով. համ կաշեմ, համ կխմեմ»։ Մեկ էլ ոգևորվում էր.

-Քա՜ Սիմո՛ն ջան, հըլը տե՜ս՝ էդ կոմբայնը ինչըղ կքաղե։ Մեր վախտ էր, օր առտըվընից իրգուն հերըս կերթար դաշտը՝ հնձի։ Տուն գուկար՝ ձեռների մեջ սաղ բշտիկներ. էդ անտեր գերանդու փեդե կոթից կեղներ։ Ցերեգվա յան ամեն օր հաց կտանեի։ Մերըս բոքոն կդներ, մէ քիչըմ պանիր ու լիտրանոց բանկեմ էլ թան։ Էդիկ իմ հոր կերաձն էր։

-Ադե՛ ջան,դու մոռացար,որ հեռուստացույց ենք նայում,-զգուշացնում էր հայրս։ Սակայն իմ ադեն ինչ տեսներ ,պետք է բարձրաձայներ։

-էն ի՞նչ է, Սիմո՛ն ջան։ Էդ ի՞նչ կդնեն կովերի պդուգներին։

-Ադե՛ ջան , հիմա էդպես են կթում կովերին, հատուկ ապարատով։ Ե՛վ արագ է լինում, և՛ որակյալ։

-էս ի՞նչ կըսես, ա՜յ տըղա, ինչը՞ղ թե որագով։ Բը կթվորներն ու՞ր են։ Ըդոնք ձեռ չունի՞ն, օր կթեն։ էլ ըդոնց ընչի՞ կըսեն կով կթող, օր կովերին արդեն մաշինեն կկթե։ Էլ էդ կովն ի՞նչ բըդի հասկնա իրա կթվելուց. երկըթե աբարատը պդուգները կքաշե, բը էդի Աստըձուն ընդունելի՞ բան է։ Սաղ անգյալ են դառե, գիդեն թե խոդն ու օտրուբն օր տվին, կովը կուրխընա։ Ինքը գուզե, օր մարդու ձեռ կբնի իրա պըտկըներին։ Բը ես իմ Սևոյին կթողնեի՞, օր մէ ժեշտե աբարատըմ մոդիկ էրթար։ Պապը խայդառակ կեներ: Վա՛յ, անաստվաձնե՛ր, աջափ էդի ո՞վ հնջըրքեց (հնարեց)՝ էդ պդուգի մաշինեն։ Ըդոր հմար էլ էս տելեվիզորը չեմ ուզե աշեմ։ Կովիս պդուգները կառնեի ձեռներիս մեջ, տաք, փրփրան կաթը կլցվեր վեդրոն,ինքն ընձի կաշեր ու կմզզար։ Ա~խ, Սևո՛ ջան։ Մենք օր փախանք,իրանք գոմն էին. էդ օրը չհասցրի բիլամ (նույնիսկ) կթեի։

-Ադե՛ ջան,կովերի հաղորդումը վաղուց է վերջացել,-մեջ մտա ես,-հիմա հագուստների մոդան են ցույց տալիս։

-Ախչի՛, շորերի մոդան ինչի՞ս է պետք, դու՛ աշե,օր չես կշտանա շորեն։ Էնքան արխըլուղ ունիմ. Արևս է կարե, հարի մեռնելս ընձի հերիք է։ Ախչի՛, ըստոնք ո՞վ են, հըլը ըդոնց հակաձը տես՝դեյրեքը կարճ. ըդիկ էլ դեյրա է, հա՞, դոշերը բաց -բրախ։ Էդ կրունգների վրա ի՞նչըղ կքելան։ Մէ անգամ Սիմոնս մե քիչըմ բարձրոտ կոշիկ էր ընձի առե Թիֆլիսից,ըսի՝ ա՜յ տղա, դու քու մոր հասագը մոռացե՞լ ես. ես կրնա՞մ ըդոնց վրա քելամ։ Հետո քուրս ՝Վարսոն, էգավ, տվի իրան։ Էդ իմ հարսը շատ բացձեռ է. սաղ հին արխլուղներս ըստուր- ընդուր տվավ։ Կըսեմ՝ ընչի՞ իմ էղաձը կբաժնես, էնբես էլ լավ պադասխան կուդա,կըսե՝ ադե՛ ջան, էնկան սատինե կդոր ունիս, ինչքան ուզես, կկարեմ։ Էնբես էլ սիրուն կկարե. հըլը իմ արխլուղի կոճագներին աշեք. Կարինես կառնի. իրա գործի տեղը մէ թել ու ասեղի խանութըմ կա, ըդեղ էլ լիքը կոճագ է։ Ես հաճախ էի ընդհատում նրան՝ լավ իմանալով, թե ինչ պիտի ասի։ -Ադե՛ ջան, Լրաբերը վերջացավ. հիմա ես ֆիլմ եմ դիտելու, ուզու՞մ ես՝ ինձ հետ նայիր։

-Ախչի՛, Նեկտա՛ր, ես գիդեմ. գուզես հասկըցնես օր՝ ելի ,գնա՜, կինոն քու բանը չէ։ Ճիշտ կըսես,ես տեղովս կինո եմ, օր կամ։ Սիմոնիս պզտի՛կ աղջիկ, հըլը ընձի՛ լսե։ Նոր էդ տելեվիզորով Մասկվան ցույց տվին,հերըդ կըսե՝ ամենակարևոր տեղը ըդիկ Կրեմլն է, թագավորն ըդեղ կնստի։

-Ադե՛ ջան, հիմա թագավոր չկա, հիմա ուրիշ ժամանակներ են։

-Հա, ինչ որ է, լիզվիդ մի՛ տուր։ էս խալիս կտեսնի՞ս. ըդիկ Նիկոլայ ցարի վախտից է. պապն է առե։ Մորս խալին օր մնաց շուն թուրքին, էգանք Բուղդաշեն, պապը Լեննագանից բերավ։ Տրուբի պես շալգին դրաձ էգավ։ Հըլը Արազգեղն էինք, մէ օրըմ պապը էգավ, կըսե, թե ռսի թագավորին սըբանել են։ Ես միամիդ- միամիդ կհարցնեմ, թե ընչի թաքավորին սըբանել կեղնի՞։ Կըսե՝ ա՛յ կընիկ, ում ձեռը թուր ու թվանք տաս, ըդիկ կեղնի մարդասպան։ Կըսեմ `ա՛յ Գիրքոր, բը էդ ժողովուրդը ի՞նչըղ բըդի ապրի անթագավոր։ Պապը ըսավ, թե Լենին անունով մեգըմ կա, երգրի վենձը հմի ըդիգ է։ ժողովուրդը ըդուր կլսե։ Շատ խելքով է, բայց մանդռ -մունդռ է։ Չիդեմ՝ պապը ուրդից էր իմացե, կըսեր՝ ըմբես կխոսա, օր սաղ ժողովուրդը կհավադա։ Մենք օր փախանք էգանք, հըլը էդ Լենինն էր ղեգավարը, հեդո ըդիգ մեռավ ոչ բարին, էգավ Ստալինը։ Էդ գյոռբագյոռ Ստալինից սաղ կվախենային։ Պապը ընձի կըսեր՝ միամիտ բան հանգարծ չխոսաս. կերտան խաբար կուդան։ Կըսեմ՝ ա՛յ Գիրքոր,Ստալինը շա՞տ գիդե մեր գեղի տեղը։ Հեդո հասկցանք, օր լավ էլ գիդեր։ Պապի ախպորը էրեխանց հետ քշին Սիբիր. կըսեն ըդեղ էրգու մետր ձուն կդնե,չես կրնա օր քելաս։ Չիդեմ՝ ինչ էղան. կարող է չդիմացան, սառան։ Պապն ըդման էլ մեռավ՝ ախպոր կարոդը սրդի մեջ։ Ըսա բեմուրա՛զ Ստալին, էդ խեղջ,աշխադավոր ժողովուրդը ի՞նչըղ կրնար էղներ իրա երգրի թշնանին։ Էրգու կովի հմար կուլակ հանիր ու քշիր Սիբիրները։ Մեր գեղը քանի~ տուն ըդման ավիրվավ։ Ինձ միշտ հիացնում ու զարմացնում էր ադեիս վերլուծական միտքը, կուռ տրամաբանությունը ։ Չէի կարող չհարցնել։

– Ադե՛ ջան, հերիք է էդ վատ բաները հիշես ու նեղվես, Մոսկվայի մասին ի՞նչ գիտես։

-Ա՛յ բալա ջան, դե նստի ադեի կողքը, մէ բանըմ պադմեմ։ Մասկվան տելեվիզորով տեսա,էս պատմությունը միամիդ ընգավ միտքս։ Մե օրըմ Սանասարս էգավ ,կըսե թե. «Մերի՛կ ջան,քանիմ օրով կերթամ Մասկվա»։ Հերսոդա, կըսեմ . «Ա՛յ տղա,քու ի՞նչ սև շունն է սատկե Մասկվա»։ Հեդո իմանամ, օր մեր գեղի Կալեպին կտանի Մասկվա։ Ըդուր ոդը թոփալ էր, համ էլ մէ տղեմ ուներ։ Էդ տղին բըդի տանեին բանագ։ էգե Սանասարիս դեմը չոքել էր,թե մէ հնարըմ էրա,իմ էրեխին ազադե։ Սանասարս էլ ըսել է, թե քու էրեխին մինագ Մասկվան կրնա ազադե։ Իմ Սանասարս Բագրավանի ամենաուսումնավորն էր. ով ինչ բողոք ուներ, կերթար իրա դուռը։ Էնբես լավ կսորվեր։ Մե կաշվե պապկեմ մշտագան թևի տագն էր։Կըսեմ, «Ա՛յ տղա,էդ պապկեն քու հաց ու ջուրն է՞, օր հեչ թևիդ տըգեն ցաձ չես դնե»։ Ի՞նչ պադասխանե,օր լավ էղնի. կըսե «Ադե՛ ջան, էսիգ իմ կյանքս է»։ Գուրգենիս պես լավ կգրեր։ Լեննագան մէ թերթմ կար՝ «Բանվոր» էր անունը վայթեմ։ էդ թերթն առած գուկար. իրա գրածները կտբեին։ Գուրգենիս մասին էլ էր գրե էդ թերթի մեջը։ Իմ Սանասարս հրաշքով եդ էգավ պադերազմից։ Նեմեցի գյուլլեն գլխի կողքով էր անցե,կըսեն գլուխը բացել էր. իրեք օր մնացել էր ձների մեջը, հետո ռուս զինվորըմ է տեսե անգիդագից ընգած, քաշ է տվե ընդեղ, ուրդեղ օր զինվորներին կբուժեն։ էրեխես օր տուն էգավ, հըլը ճագատը կաբած էր։ Հետո սկսեց աշխադել Պեմզայի դբրոցը. ռուսերենի դասատու էր։ Քա կըսեմ՝ ա՛յ տղա, դու ու՞րդեղից ըդման լավ ռսերեն գիդես։ Ո՜չ հերըդ, ո՜չ մերըդ մէ բառըմ չիդեն։ Կըսե՝ ադե՛ ջան, դու էրգու բառ գիդես, փողոցին կըսես «ուլից», հեձանիվին էլ «վելիսապեդ»։ Է ես շա՞տ գիդեմ, օր ըդոնք ռսերեն են։

Որպեսզի չծիծաղեմ, և ադես շարունակի իր զրույցը, ասացի.

-Ադե՛ ջան, ինչքա՞ն կարելի է շեղվել. դու ինձ պետք է պատմեիր,թե Սանասար հորեղբայրս Կալեպին ինչպե՞ս հասցրեց Մոսկվա։

-Հա՛, բալա՛ ջան, հմի պադմեմ։ Վախտըմ անցավ, Սանասարս էգավ, կըսե. «Ադե՛ ջան, Կալեպի տղին ազադել տվի բանագից, Մասկվայից էլ թուղթը բերել ենք»։ Ես էլ կըսեմ. «Ա՛յ տղա,էդ ի՞նչղ էղավ, օր Մասկվայի պես վենձ քաղաքը քու հետ հաշվի նստավ։ Ըդոնք գիդեի՞ն՝ քու մերն ով է։ Ըսի՞ր, օր դու ծանդր վիրավոր ես էղե, ըսի՞ր, օր թագավոր ախպերդ զոհվավ էդ քամբախ պադերազմին, ու Բագրավանի պես պզտիկ գեղը քանի օջախ մարավ»։ Տե՛ս թե ընձի ինչ պադասխան կուդա. «Ադե՛ ջան, ես Կալեպի տղի հարցով էի գնացե ու վերջ»։ էլ ըդուր ես ի՞նչ ըսեմ։ Հեդո Սանասարիս կհարցնեմ թե, պոեզի մեջը ինչ կերաք. երգար ճամփա է հարի էդ Մասկվան։ Կըսե՝ Կալեպը մէ կես վեդրո փոխինդ էր շաղե,լավաշ էր,մէ քիչմ էլ գոնձոձ լոռ պանիր։ «Ա՛յ տղա,ըդքան օր փոխինդ ուդել կեղնի՞, դու ընչի՞ ընձի չըսիր, օր կերտաք. մէ խորոզըմ կմորթեի»։ Ես մէ բանըմ չեմ հասկնա. էդ խեղճ ,թոփալ կնգան, օր հազիվ կքելար, ի՞նչըղ ման տվավ էդ վենձ Մասկվան։ Ախչի՛, հըլը ուշադիր լսե՛. Սանասարս կտեսնի, օր Կալեպը էլ չի կրնա առաջ էրթա, բոլորը կաշե։ Էդ վախտ մէ ջայել ռուս տղեմ կանցնի. Սանասար դու Սանասար, կըսե. «Ախպե՛ր ջան, էս կնիգը Հայաստանի դերասանուհի է, կխնդրեմ՝ շալգե տար մինչև էն շենքը»։ էս տղեն էլ կհավադա ու իշու պես Կալեպին շալգած մէ երգար ճամպեմ կտանի։ Սանասարս կպադմեր ու կխնդար։ Ըդպես մէ վեդրո փոխինդ ուդելով Սանասարս ըդոր տղին ազադեց։

-Ադե՛ ջան,ես լսել եմ, որ հորեղբայրս միշտ հումորով ասել է, թե Կալեպը Հայաստանի ժողովրդական արտիստուհի է։ Նույնիսկ հյուրանոցի աշխատողները հատուկ վերաբերմունք են ցույց տվել։Ասում են, որ Կալեպն այս մասին գյուղացիներին պատմում էր ու ծիծաղում։ Նա ամբողջ կյանքում երախտապարտ է եղել հորեղբորս։

-Ախչի՛,Նեկտա՛ր, գիդե՞ս ինչ. ես կմդաձեմ, օր վախտ կա՝ սուդը ճշտի տեղ կանցնի, վախտ էլ կա՝ ճիշտը հեչ բանի պետք չէ։ Բալա՛ ջան, մէ օրըմ կգրես էդ Կալեպի պադմությունը, թե էդ բագրավանցի խեղճ ու կրագը, օր հազիվ թոփալ ոդը քաշ կուդար,էս աշխըրից բեխաբար՝ ինչըղ դարձավ հայտնի արտիստ ու քանիմ օր տեսավ, թե իսկագան կյանքը որն է։ Հիշում եմ ադեիս միամիտ ու իմաստուն խոսքերը, քմծիծաղը, նուրբ հումորը, և սիրտս լցվում է ամենատարբեր զգացումներով։ Իմ ադեն երբեք չկարողացավ հասկանալ, թե ինչ է կեղծիքը, ինչ է սուտը։ Չչարացավ աշխարհի դեմ։ Նա իմ հուշերի մեջ մնաց որպես բարի հեքիաթասաց. իմ չծերացած ադեն։ Երանի թե նորից ժամանակը ետ պտտվեր, ես նորից հարցեր տայի, և ադես, աչքերիս խորքը նայելով, պատմեր ու պատմեր։ Երանի՜…

Նեկտար ՍԻՄՈՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031