Մարդու իրավունքների միջազգային օրվա խորհրդով ՄԻՊ ներկայացուցիչները դեկտեմբերի 10-ին այցելել են ՀՀ բոլոր մարզեր, անցկացրել ընդունելություններ, քննարկումներ:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները քաղաքացիների հետ զրույցներ, քննարկումներ են ունեցել նաև նախօրոք նախանշված հանդիպման վայրերից դուրս՝ կատարելով շրջայցեր համայնքերում:
Մարզերում քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները նույնանման են: Դրանք հիմնականում սոցիալական բնույթի են: Վերաբերել են ոռոգման ու խմելու ջրին, բնակարանային ապահովվածությանը, հարկադիր կատարման վարույթներին, նպաստի նշանակմանը, զինծառայողների ընտանիքի անդամների բժշկական սպասարկմանը:
Խնդիրները վերաբերել են նաև ֆիզիկական միջավայրային հարմարեցումներին, մատչելիությանը, հաշմանդամության կարգավիճակի որոշմանն ու տրամադրմանը, հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում ոչ պատշաճ վարչարարությանը:
Կարդացեք նաև
Բնակիչներն իրենց մտահոգություններն են հայտնել անվտանգային հարցերի վերաբերյալ:
Քննարկվել են բուլինգի, երեխաների իրավունքներին վերաբերող հարցեր:
Հանդիպումների ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն իրազեկել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակի, ինչպես նաև վերջին տարիներին բնակիչների կողմից բարձրացված համակարգային խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:
Քաղաքացիներին տրամադրվել են անհատական խորհրդատվություններ, կատարվել են ուղղորդումներ, ստացվել են դիմումներ:
Ստացված դիմումների և բարձրացված հարցերի վերաբերյալ ՄԻՊ-ն իր իրավասության շրջանակում կձեռնարկի համապատասխան միջոցներ:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ