Արցախի 44-օրյա պատերազմի հերոս Վահան Մելքոնյանը հենց այսպես էր վերնագրել դպրոցական տարիներին գրած իր շարադրություններից մեկը, որի պատառիկները նրա զոհվելուց հետո որդու արխիվից պիտի գտներ մայրը` տիկին Աստղիկը: Վահանը հետաքրքիր մտքեր է արտահայտել՝ փորձելով պարզաբանել, թե ինչու 21-րդ դարում մենք` հայերս, աշխարհին դեռ շարունակում ենք նայել 20-րդ դարի հայացքով, ինչու շատ հին ազգ լինելով՝ այսօր կորցրել ենք մեր պատմական դեմքը.
«․․․Պատմությունը մեր նկատմամբ շատ դաժան է վարվել՝ մեզ ազնվական մտածելակերպով և իշխանի հոգեբանություն մարդկանցից դարձնելով ստրկամիտ ու փնթփնթան արարածներ: Ժամանակը մեզանից պոկել է մեր դեմքը, իսկ մենք հետ ենք նայել: Թշնամիները մեր հագից հանել են մեր զրահը, իսկ մենք շարունակել ենք հետ նայել, մեր ոտքերը դողացել են, իսկ մենք շարունակել ենք հետ նայել, մենք ծնկի ենք եկել, բայց շարունակել ենք հետ նայել, մեր աչքերը մշուշվել են, բայց մեր աչքերը կկոծելով՝ շարունակել ենք հետ նայել, իսկ հիմա, հիմա մենք ծնկի եկած փակել ենք մեր աչքերը ու ներսից կրծում ենք ինքներս մեզ՝ ախտահարելով մեր առողջ օրգանները, ապականելով մեր մաքուր մտքերը. ինքնախարազանման յուրահատուկ օրինակ է Հայաստանի ներկայիս վիճակը: Այս պաթետիկ հատվածը մեր երկրի ներկայիս իրավիճակի նկարագրումն էր գեղարվեստական տեսանկյունից, բայց մի կողմ թողնենք գեղարվեստական մտածումները: Հայաստանի նույնիսկ ամենափառավոր ժամանակաշրջանները համեմված են եղել դավաճանություններով և դավադրություններով: Հայ ժողովրդի մոտ հարստության և իշխանության հասնելու մոլուցքը, կարծես, սկսվել է դեռ շատ վաղուց, և մեր հայրենակիցները թքած են ունեցել, որ իրենց ուզածին հասնելու գինը սեփական հայրենիքը ոտնակոխ անելն է: Դավաճանությունները մեզանից անպակաս են նույնիսկ մինչ այսօր: Բայց թողնելով դավաճանությունների ցավոտ թեման՝ փորձենք գտնել մեր դժբախտությունների պատճառը (իրականում՝ պատճառները): Առաջին բանը, որ իմանում է երեխան իր հայրենիքի և հայրենակիցների մասին դա այն է, որ հայերը բարձր են կանգնած բոլոր ժողովուրդներից և ունեն մի անբացատրելի ֆենոմեն, որը մեզ դարձնում է ամենալավը: Ամեն ինչ, իհարկե, շատ լավ է հնչում, եթե չտանք պարզունակ հարցեր: Ի՞նչ ֆենոմեն, ի՞նչ ամենալավ, ո՞վ է մեզ խաբել, որ մենք առանձնահատուկ ենք…»:
Վահանը հասավ իր նպատակին․ ընդունվեց Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի լրագրության ֆակուլտետ։ Առաջին կուրսի ուսանող էր՝ զորակոչվեց բանակ: Ծառայում էր Որոտանում, երբ սկսվեց պատերազմը: Առաջին իսկ օրերին նրան տեղափոխեցին Ջրական, որտեղ հոկտեմբերի 5-ին զոհվեց: Հերոսի մարմինն ամփոփված է հայրենի Կաքավաձոր գյուղի գերեզմանոցում: Տեղի միջնակարգ դպրոցի (ուր, ի դեպ, դասավանդում է մայրը` Աստղիկ Խաչատրյանը) դասարաններից մեկը անվանակոչվեց Վահանի անունով: Գյուղում պատմում են, որ նա յուրօրինակ երիտասարդ էր, տարբերվում էր իր հասակակիցներից հասուն մտքերով, կրթվածությամբ, աշխարհայացքով։
Կարդացեք նաև
«…Կյանքում երազանք կամ նպատակ գտնելն ամենակարևորն է, իսկ ճանապարհդ ավելի հեշտ է, եթե գիտես՝ ուր ես գնում»,- գրել է Վահանն իր շարադրություններից մեկում: Գիտակցաբար ընտրած իր «հեշտ», բայց և անվերադարձ ճանապարհին նա մեզ թողեց մորմոք, մենք նրան պարտք մնացինք… կորուսյալ մի հայրենիք:
Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ