Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում են ստանալ ռուսական կողմի համաձայնությունը՝ Արցախի տարածքում Ադրբեջանի իրավասության կիրառման վերաբերյալ. «Առերեսում»

Դեկտեմբեր 10,2022 22:00

«Բնապահպանների ու լրագրողների ներգրավմամբ Ադրբեջանը փափուկ մեթոդով հետախուզություն է իրականացրել», որպեսզի ստուգի խաղաղապահների արձագանքը Լաչինի միջանցքում հենակետերի հնարավոր տեղադրմանը. սա ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ֆարիզ Ալիևի գնահատականն է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին փակելու փորձերին: Հայաստանում էլ կարծում են, որ «Ադրբեջանը հող է նախապատրաստում Լաչինի միջանցքը փակելու համար» կամ առնվազն որ «Ադրբեջանը փորձում է միջանցքի նկատմամբ վերահսկողություն սահմանել, իսկ դա նշանակում է դանդաղ կամ արագ Արցախը հայաթափել»։ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը համամիտ է այս գնահատականին. «Սա այդ քայլի չքողարկված տարբերակն է՝ Լաչինի միջանցքը փակելու եւ հաստատելու իր իշխանությունը: Ինչպես Ալիեւն է հայտարարել՝ Զանգեզուրի միջանցքը կունենա նույն կարգավիճակը, ինչը Լաչինի միջանցքը»:

Զուգահեռ տարածվեցին տեղեկություններ Լաչինի միջանցքում տեխնիկական վերահսկման սարք տեղադրելու մասին, որը սքանավորելու է տեղափոխվող բեռները: Սա խնդրահարույց է դիտվում, որ Ադրբեջանն այդպիսով կստանա բեռնափոխադրումների պատկերը, թե ինչ է տեղափոխվում Արցախ և հակառակը՝ ինչ է տեղափոխվում Արցախից: Հաղորդաշարի մյուս հյուրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն ասաց. «Ես շատ վտանգավոր եմ համարում վերջին շրջանի այս զարգացումները, բայց դրանք ակնկալվում էին՝ հաշվի առնելով օգոստոսյան իրադարձությունները. «մատուցարանի» վրա Լաչինի միջանցքը ադրբեջանցիներին հանձնելու այն գործընթացը, որը ցավոք սրտի՝ իրականացվեց մեր իշխանությունների բացարձակ հակազդեցությունը չունենալով: Եվ հակառակը կարելի է ասել՝ որոշակի ստվերային պարտադրանքների արդյունքում»:

Ըստ Ձյունիկ Աղաջանյանի, խնդիրները բազմաշերտ են. «Այստեղ ունենք խաղաղապահների հարցը՝ արձագանքը ստուգելու, եւ նաեւ նրանց սադրելու, նրանց գործողությունները պատճառ բռնելու հետագա քայլերի համար, դա փորձելով ցույց տալ նոյեմբերի 9-ի համաձայնագրի խախտում: Եվ այստեղ նաեւ շատ կարեւոր է, որ սքանավորման սարքերից ստացած ինֆորմացիան ադրբեջանական ու թուրքական կողմին չփոխանցվի, այլապես մենք խնդիր կունենանք վերահսկողական մեխանիզմի հետ, որը բացարձակապես նոյեմբերի 9-ի համաձայնագրի տարրը չէ՝ այնտեղ որեւէ նշում, որեւէ փաստարկ չկա որեւէ արգելված ապրանքի կամ մարդկանց մուտքի վերաբերյալ: Չմոռանանք, որ այդ «բնապահպանական գործողությունը» զուգորդվեց Իրանի որոշակի քաղաքացիների մուտքի վերաբերյալ շահարկումներով, ու չեմ զարմանա, եթե որոշակի ժամանակ անց փորձ արվի նրանց ներկայացնելու իբրեւ ահաբեկիչների, եւ իրենց գործողություններն իբրեւ հակաակաբեկչական փաստարկելով՝ փորձեն ինչ որ բան անել»:

«Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն նշել էր. «Հայերը հասկանում են, որ մի գեղեցիկ օր Հայաստանը Ղարաբաղի հետ կապող ճանապարհին կլինեն ադրբեջանցի սահմանապահների և մաքսավորների դիրքեր։ Այն, որ շաբաթ օրը ճանապարհը երեք ժամ փակ է մնացել, իսկ ադրբեջանական գերատեսչությունների աշխատակիցները բանակցել են ռուս խաղաղապահների հետ, դրա օրինակն է։ Զարկերակային ստուգումը հաջող է անցել»։ Ըստ փորձագետի՝ խաղաղապահների Խոջալուի գրասենյակում բանակցությունների շարունակությունը «մեսիջ է հայերին, որ պետք է վարժվեն այստեղ ադրբեջանցիներին տեսնելուն»։ Նաիրա Կարապետյանն ասաց. «Նրանց նպատակը շատ ավելի հեռուն գնացող է, քան փորձագետի հնչեցրածը: Նրանց նպատակն է ունենալ ամբողջական տիրապետում Արցախի տարածքին: Եվ քանի դեռ Հայաստանի իշխանությունների կողմից չկա խստիվ դրված պահանջ կարգավիճակի շուրջ քննարկումների, եւ հնչում են վտանգավոր արտահայտություններ շատ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից՝ Արցախում ապրող հայ բնակչության անվտանգության մասին կամ, որ Հայաստանն այլեւս ռեսուրս չունի պաշտպանելու Արցախի բնակչությանը՝ այսպիսի արտահայտությունները մի մեծ նվեր են ադրբեջանցիների համար՝ իրենց քայլերով առաջ գնալու»:

Նա կարեւորեց, որ հայկական կողմից արձագանքներ լինեն, երբ մեղադրանքներ են ուղղվում ռուս խաղաղապահներին, թե իբր ճանապարհով զենք է փոխադրվում, կամ օտարերկրացիներ են գալիս Արցախ կամ երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություններ է անում խաղաղապահների հայտարարություններում հայկական տեղանուններիչօգտագործելու վերաբերյալ: «Եթե ոչ ավելի՝ գոնե համարժեք արձագանքներ պետք է ունենանք հայկական կողմից եւս: Ի վերջո, պետք է հասկանանք, որ այսօր իրական է Ադրբեջանի կողմից շրջափակումը, որի մեջ կարող են ցանկացած վայրկյանի հայտնվել Արցախում ապրող մեր հայրենակիցները ու ցանկացած վայրկյանի մեծ վտանգի տակ է ճանապարհը, որ մեզ կապում է Արցախից մնացած փոքրիկ պատառի հետ»:

Իսկ Ձյունիկ Աղաջանյանը հավելեց, թե բացի Արցախի բնակչությանը բարոյահոգաբանական հարվածից, որ չթուլացվի վտանգի մշտական առկայության զգացումը՝ «Փորձ է արվում ռուսական կողմից անուղղակիորեն ստանալ համաձայնություն Ադրբեջանի իրավասության կիրառման Արցախի տարածքի վրա՝ թե տեղանունների օգտագործման, թե մուտքի առումով՝ նվազեցնելով Արցախի իշխանության լիազորությունները»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031