Աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն Քաթարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում 2:4 հաշվով Խորվաթիային պարտվելուց եւ պայքարից դուրս մնալուց հետո հայտարարել է պաշտոնը թողնելու մասին: Հատկանշական է, որ «գնդակի կախարդները» հանդիպման հիմնական եւ լրացուցիչ խաղակեսերում խաղային ու տարածքային շոշափելի առավելություն ունեին մրցակցի նկատմամբ:
«Պարտությունը ցավոտ է, բայց ես հանգիստ եմ: Սա հավաքականի ղեկին գտնվելու իմ փուլի ավարտն է»,-մասնագետի խոսքերը մեջբերել է TNT Sports-ը:
Բրազիլացի ֆուտբոլասերները ցասման մեջ են: Ու դա պարզորոշ երեւում է սոցցանցերում արված գրառումներից: Մասնավորապես, օգտատերերից մեկը գրել է, թե պարտության միակ պատճառը Տիտեն է, եւ նա պետք է պատասխան տա տեղի ունեցածի համար: Իսկ մեկ ուրիշը գրել է. «Դիմում եմ Նեյմարին,Վինիսիուսին, Ռիշարլիսոնին եւ Անտոնիին. դուք արժանի չեք աշխարհի գավաթին ոչ միայն ձեր մեծամտության համար, այլեւ` անվճռականության: Դուք այնքան էլ շատ չցանկացաք երջանկացնել Բրազիլիային»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ