Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն իր քայլերով ոչ միայն արդարացնում է ագրեսիան Արցախի ու ՀՀ-ի դեմ, այլև հարստացնում է Ալիևի բռնապետությանը. Տաթևիկ Հայրապետյան

Դեկտեմբեր 10,2022 16:53

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ինչո՞ւ է ԵՄ-ն պատրաստվում 2 մլրդ եվրոյի ներդրումներ կատարել Ադրբեջանում:

Այս մասին խոսակցությունները ծավալվել են դեռ այս տարվա փետրվար ամսին: Հետաքրքիրն այն է, որ ԵՄ ներդրումները որևէ կերպ չեն առնչվում Ադրբեջանում ժողովրդավարացման քայլերին: ԵՄ-ին ժողովրդավար Ադրբեջան պետք չի:

Այսպես, Եվրոպական հանձնաժողովի Արևելյան գործընկերության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը հարցազրույց է տվել ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը, որից առանձնացնում եմ կարևոր հատվածները՝ բառացի:

—Նախ, դրանք կոմունիկացիաներն են: Մենք ներդրումներ ենք կատարում Բաքվի նավահանգստում, օգնում ենք այնտեղ հասցնել արևային մարտկոցներ։ Միևնույն ժամանակ, մենք մեծ ներուժ ենք տեսնում աշխարհաքաղաքական նոր իրողությունների ֆոնին։ Հասկանալի է, որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Սև և Կասպից ծովերի միջև կապ հաստատելու գործում։ Քննարկեցինք նաև Սև ծովի հետ կապ հաստատելու հնարավորությունը։

–Երկրորդ ուղղությունը, որը մենք քննարկում ենք, ստորջրյա էլեկտրական մալուխների տեղադրումն է (Սև ծովի հատակի երկայնքով՝ մոտավորապես. խմբ.), և դա առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում։ Մյուս կողմից, դա կապված է «կանաչ էներգիայի» զարգացման հետ։ Ինչպես հայտնի է, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրել է փոխըմբռնման կարևոր հուշագիր, որը վերաբերում է ինչպես գազին, այնպես էլ էներգիայի վերականգնվող աղբյուրներին։ Մենք ցանկանում ենք միասին աշխատել քամու, արևային էներգետիկայի և հիդրոէներգետիկայի ուղղությամբ, տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ այս ոլորտում:

–Երրորդ ուղղությունը ֆինանսական մատչելիությունն է, ինչը չափազանց կարևոր է։ Մենք արդեն աջակցություն ենք ցուցաբերել 13 000 փոքր և միջին ձեռնարկատերերին։ Մենք կարծում ենք, որ հատկապես կարևոր է, որ այս ոլորտում համագործակցությունը ընդգրկի ողջ Ադրբեջանը։ Մենք հանդիպեցինք տոմատի արտադրությամբ զբաղվող մարդու։ Նա ցանկանում է իր արտադրանքը հարմարեցնել ԵՄ չափանիշներին և արտահանել նոր շուկաներ։ Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է համագործակցել և առաջ տանել բարեփոխումները։

Շատ ուշագրավ պատկեր է ստացվում, փաստորեն Հարավային Կովկասում Վրաստանին ու Հայաստանին ԵՄ-ն աջակցում է ՀԿ-ների, հակակոռուպցիոն պայքարի, մեդիա դաշտի ուղղությամբ, իսկ Ադրբեջանում միմիայն տնտեսական զարգացման ու լոլիկի արտադրության բարեփոխումների հարցո՞ւմ կամ ավելի ստույգ՝ դարձնելով Ադրբեջանը տնտեսական հաբ: Փաստացի, ԵՄ-ն իր քայլերով ոչ միայն արդարացնում է ագրեսիան Արցախի ու ՀՀ-ի դեմ, այլև հարստացնում է Ալիևի բռնապետությանը, որպեսզի այնտեղ երբեք նորմալ ղեկավարություն ու ժողովրդավարություն չլինի, մշտապես լինի ռազմատենչ, հակահայ ագրեսոր՝ հանձին Ալիևի ու նրա ընտանիքի, որը պարբերաբար կհարձակվի իր ժողովրդավար հարևանի վրա՝ պատճառելով ոչ միայն մարդկային ու տարածքային, այլ նաև տնտեսական հսկայական կորուստներ, 2022 թ. սեպտեմբերի ագրեսիան դրա վառ օրինակներից է: Ահա այսպես էլ ժողովրդավարության արժեքների առաջամարտիկ համարվող ԵՄ-ն Հարավային Կովկասում աջակցում բռնապետությանը` ընդդեմ ժողովրդավարության։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031