2022 թ. դեկտեմբերի 9-ին Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի ունեցավ տուն-թանգարանի 55-ամյակին նվիրված հանդիսությունը:
Միջոցառմանը հրավիրված էին գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներ, թանգարանի բարեկամ մշակույթի գործիչներ և գիտական խորհրդի անդամներ, նախկին աշխատակիցներ: Բացման խոսքում տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը շնորհավորեց հյուրերին Երևանում առաջին երաժշտական հուշային թանգարանի բացման տարեդարձի առիթով և կարևորեց աշխատակիցների դերը մշակութային այս կարևոր կենտրոնի կայացման գործում:
Ներկայացվեց «55-ամյա թանգարանի պատմությունը լուսանկարների խճապատկերում» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը: Ա. Սպենդիարյանի ժառանգության հանրահռչակման գործում տուն-թանգարանի դերը արժևորող, շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ասացին Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորներ Արմեն Բուդաղյանը և Դավիթ Ղազարյանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը և կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, որն իր «Անանձնություն» երգի սրտաբուխ կատարմամբ լիացրեց տոնը: Ցուցադրվեց թանգարանի գիտաշխատող Ինեսսա Խաչատրյանի հեղինակած «55 կադր՝ 55-ամյա թանգարանից» ֆիլմը, որի բացառիկ կադրերում խտացված էր տուն-թանգարանի՝ կես դարից ավելի շարունակվող հարուստ տարեգրությունը:
Կարդացեք նաև
Այնուհետև Սպենդիարյանի տանը նորից թևածեց նրա երաժշտությունը՝ Թամար Հարությունյանի (ֆլեյտա), Վարդգես Հովհաննիսյանի (ֆագոտ), Էրիկ Գրիգորյանի (հոբոյ) և Կատարինե Հովսեփյանի (դաշնամուր) կատարմամբ:
Տուն-թանգարանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին նախկին աշխատակիցներ՝ գիտաշխատողներ Կարինե Մարգարյանին և Սարգիս Հովհաննիսյանին, ինչպես նաև թանգարանի նորեկ գիտաշխատող Կատարինե Հովսեփյանին:
Մասնակիցների տոնական լուսանկարը ևս մեկ կադրով համալրեց թանգարանի շարունակվող պատմության տարեգիրքը:
Սիրարփի ԵՆԳԻԲԱՐՅԱՆ